Քաղաքականություն

Ես աստվածավախ մարդ եմ, դեռ կլռեմ

Ես աստվածավախ մարդ եմ, դեռ կլռեմ

Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ Շենգավիթի նախկին վարչական ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, որը 2 ամիս առաջ դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որոշել է միանալ ընդդիմադիր «Մեր ձեւով» շարժմանը։ Բայց Մկրտչյանը մեզ հետո զրույցում հերքեց «Մեր ձեւով»-ին միանալու մասին լուրերն, ասաց՝ չկա այդպիսի բան։ 

-Առաջիկայում քաղաքականության մեջ ձեզ տեսնելո՞ւ ենք։

-Չեմ կարծում։

-Առաջարկներ ստացե՞լ եք։

-Այդ մասով չեմ մեկնաբանի, բայց, ամեն դեպքում, որեւիցե ցանկություն չունեմ։

-Առաջարկ եղե՞լ է, մերժե՞լ եք։

-Բնականաբար, մերժել եմ, ոչ թե  «Մեր ձեւով»-ից են առաջարկել, այնտեղից առաջարկ չեմ ստացել եւ որպես այդպիսին հարաբերություն չունեմ, կան մարդիկ, որոնց ճանաչում եմ, շփվել եմ, որպես այդպիսին առաջարկ չեմ ստացել, ցանկություն էլ չունեմ որեւէ ձեւով քաղաքականությա մեջ նորից լինելու։

-Պարոն Մկրտչյան, ձեր նախկին կուսակից ընկերները եկեղեցու դեմ արշավ են սկսել, ո՞նց եք վերաբերում այս պրոցեսներին։

-Չեմ մեկնաբանում։

-Նախորդ շաբաթ մի կողմը Վեհափառի հրաժարականն էր պահանջում, մյուս կողմը՝ իր աջակցությունն էր բերել Վեհափառին, դուք ո՞ր կողմում կլինեիք, եթե գնայիք։

-Ես աստվածավախ մարդ եմ, որեւիցե ձեւով չեմ ուզում մեկնաբանեմ նման արարքները, դեռ կլռեմ։

-Կաշկանդվա՞ծ եք ձեր նկատմամբ հարուցված քրեական գործով։

-Բացարձակ, ինչի՞ մասին է խոսքը, չեղած քրեական գործ է։ 

Հիշեցնենք, որ նախկին թաղապետը ձերբակալվել էր ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար: Նախապատմությունն այսպիսին էր․ Տիգրան Մակարյանը քննադատել էր Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը եւ առաջարկել ՔՊ նիստի ժամանակ քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին: Մակարյանին կանչել էին իրենց ընկերուհու տուն եւ խմբով ծեծի ենթարկել, որին մասնակցել էր նաեւ թաղապետը։ Դեպքից հետո թաղապետի պաշտոնավարումը դադարեցվեց, նա կալանավորվեց, ապա որոշ ժամանակ անց ազատ արձակվեց։

Ի դեպ, ՔՊ-ական Տիգրան Մակարյանը էկոնոմիկայի նախարարության զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետն է։ Մկրտչյանը ազատ արձակվելուց հետո՝ մոտ 2 ամիս առաջ հայտարարեց, որ լքում է ՔՊ-ն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image