Մշակույթ

Ինչո՞ւ էին ակադեմիայի դռները փակ

Ինչո՞ւ էին ակադեմիայի դռները փակ

Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մուտքի դռները, ի տարբերություն ստեղծագործական միությունների, այսօր փակ էին Բագրատ սրբազանի ու «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցների առջեւ։ ԳԱԱ անվտանգության աշխատակիցն ասել էր, որ սա հատուկ պահպանվող տարածք է, եւ եթե ղեկավարությունը թույլտվություն տա, ներս կթողնեն, ինչին Բագրատ սրբազանը որոշել էր չառարկել եւ չփորձել թույլտվություն ստանալ։ Դրա փոխարեն սրբազանը գնաց Պատմության ինստիտուտ, որտեղ նրան ծափողջույններով դիմավորեցին թե՛ ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, թե՛ աշխատակիցները։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ՝ հասկանալու, թե որն է պատճառը, որ մուտքի դռները, որոնք միշտ բաց են եղել, այսօր փակ էին, բայց նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։ Կապ հաստատեցինք ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիայի նախագահության անդամ, նաեւ ներկայիս նախագահի գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած շենքում է եղել, իր աշխատասենյակում, բայց տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել շենքից դուրս․ «Հետո իմացա, որ եկել են, բայց, կարծեմ, դռները բաց են եղել, մտել են ներս, հանդիպել են․․․» (նկատենք, որ միայն վերջում Բագրատ սրբազանը միայնակ կարճ ժամանակով մտավ շենք եւ դուրս եկավ՝ չմանրամասնելով, թե ում է հանդիպել եւ ինչ է խոսել): Այդուհանդերձ, ինչո՞ւ են ակադեմիայի դռները փակ եղել՝ հրահա՞նգ է իջեցվել։ «Ես բոլորովին տեղյակ չեմ այդ ինֆորմացիային եւ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ իմ աշխատասենյակում եմ եղել»։

Նախօերին Բագրատ սրբազանը Հանրապետւթյան հրապարակում մի քանի կետով ներկայացրեց համազգային շարժման հետագա քայլերը՝ նշելով, որ պետք է կասեցվի մի շարք վիճահարույց եւ անհեթեթ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ամբողջությամբ, ինչը ողջունեց Ռադիկ Մարտիրոսյանը․ «Ես նրա ելույթի մանրամասները չեմ լսել, բայց եթե նա մերժել է ակադեմիական քաղաքի ծրագիրը, ես ողջունում եմ դա, որովհետեւ դա միայն գաղափար է, իսկ ինչպես են այն իրականացնելու, այն էլ մինչեւ 2030-ը, դա ուտոպիա է, եւ կարծում եմ՝ իմաստ չունի»։

Ինչ վերաբերում է շարժմանը, որը սկիզբ առավ Տավուշից ու մայիսի 9-ին հասավ Երեւան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ռադիկ Մարտիրոսյանը դրական է վերաբերվում․ «Ընդհանուր առմամբ՝ դրական, մեր ժողովրդի կյանքում փոփոխություններ շատ են եղել, եւ այսօր էլ այդ փոփոխությունները բերել հանգեցրել են այդ շարժմանը»։ Այսինքն՝ աջակցո՞ւմ է շարժմանը։ «Դե հա, իմ առողջական վիճակը թույլ չի տալիս՝ ես չեմ մասնակցում, բայց տեսնում եմ, լսում եմ․․․»։ Իսկ կիսո՞ւմ է շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ «Եթե հիշում եք, ժամանակին՝ իմ նախագահ եղած ժամանակ, մենք արել ենք մեր հայտարարությունը՝ կառավարության հրաժարականի մասին, եթե մենք դա պահանջել ենք ժամանակին, նշանակում է դա պետք է շարունակվի…»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image