Քաղաքականություն

Աննախադեպ բան ՔՊ-ի պատմության մեջ, ոնց որ ասի` եկեք ինձ կերեք

Աննախադեպ բան ՔՊ-ի պատմության մեջ, ոնց որ ասի` եկեք ինձ կերեք

Լսեցի, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր լրատվամիջոցներին առաջարկել է հարցազրույցներ անել իր հետ: ՔՊ-ի պատմության մեջ սա աննախադեպ բան է: Ոնց որ ասի՝ եկեք ինձ կերեք: Ալեն, ախր քո ինչի՞ն է պետք՝ մատդ մտցնում ես բզեզի բույնը: Սա ի՞նչ ինքնավստահություն, սա ի՞նչ անպատասխանատու հայտարարություն է: Բա որ ոչ մի ընդդիմադիր լրատվամիջոց չարձագանքի կամ, ավելի ճիշտ, բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները մի մարդու պես արհամարհեն քո հանդուգն առաջարկը… Ի՞նչ ես անելու:

Ալեն, 7 տարի է՝ իշխանության մեջ «պեռվի կռուգ» ֆռֆռում ես, բայց շատ հասարակ բաներ դեռ չես սովորել: Զորօրինակ այն, որ մամուլի, լրագրողների և լրատվամիջոցների հետ, անկախ նրանց իշխանական, թե ոչ իշխանական լինելու հանգամանքից, պետք է միշտ լավ հարաբերություններ ունենալ: Իսկ դու մինչ օրս ի՞նչ ես արել այդ ուղղությամբ: Քանի կար, օրենք էիր բերել խորհրդարան, որ «անդուր» լրագրողներին քրեական պատասխանատվության և տուգանքների ենթարկեն: Բերածդ օրենքը երկու օր գործեց՝ չեղարկեցիք, որովհետև խայտառակություն էր: Տեսար ոչինչ չի ստացվում, սկսեցիր գործ տալ լրագրողների, լրատվամիջոցների, բլոգերների դեմ: Հենց հիմա երկու հոգի հանցագործության մասին քո տված հաղորդումի պատճառով նստած են: Էլ չեմ ասում, որ այդ լրագրող-բլոգերներին սադրողն էլ դու էիր եղել: Եվ ուրեմն, քո հայտարարությունը, թե պատրաստ ես ընդդիմադիր լրատվամիջոցներին հարցազրույց տալ, ի՞նչ է, եթե ոչ՝ քաղաքական կապիկություն:

Դու ուզում ես հարցազրույց տալ՝ ուրիշ լրատվամիջոց չկա՞, Պետրոսը մեռե՞լ է, «ՀԺ»-ն փակվե՞լ է, Արայիկ Հարությունյանի ֆեյք ստուդիաները ամբիոն չե՞ն տրամադրում: Սաֆարյան Սծյոպիկին դիր թևիդ տակ, գնա «1in.am» ու ինչքան ուզում ես հարցազրույց տուր Արման Բաբաջանյանին՝ ո՞վ քեզ բան կասի: Այլապես ուզում ես, որ «Հայելի ակումբի» Անժելա Թովմասյանը քեզնից հարցազրույց վերցնի: Դա լինելո՞ւ բան է: Քեզ ոտքերդ առաջ դուրս կբերեն ակումբից ու… Անժել ջան, դե արի, հակակոռուպցիոնին պատասխան տուր… Սաթիկի մոտ կգնա՞ս, Ալեն: Երբ դու եւ Սիսակն արդեն դատախազությանը հանձնարարել եք ժուռնալիստների միության տունն ազատել Սաթիկից, շենքն էլ խլել Միությունից: Գնա, խնդրեմ, հարցազրույց տուր Սաթիկին: Սծյոպիկին էլ տար հետդ, եթե վախենում ես: Իսկ գուցե փորձես «Հրապարակի՞ն» հարցազրույց տալ: Լավ էլ առաջատար ընդդիմադիր լրատվամիջոց է, եվրոպաներում ու ռուսաստաններում իշխանական շրջանակներն են նույնիսկ «Հրապարակ» ցիտում: Դու և շեֆդ «Հրապարակի» էջերում հայտնվել սիրում եք, չէ՞, պարբերաբար հայտնվում եք… Մի սկանդալ ավել, մեկը՝ պակաս, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար:

Ալեն, ընդդիմադիր լրատվամիջոցներին ու ալիքներին հարցազրույց տալու քո ցանկության հետ կապված՝ մի լուրջ դժվարություն էլ կա, որ, կարծում եմ, հաշվի չես առել: Բանն այն է, որ քո, Նիկոլի և առհասարակ ՔՊ-ի հետ ամեն շփում, որ բնագավառն էլ վերցնենք, համարվում է դավաճանություն, իսկ ձեզ հետ շփվողներին էլ իսկույն դավաճան են անվանում: Ինչին ձեռնահասություն եք ունենում՝ մունդռում եք, փչացնում, մարդկանց աչքից գցում: Ասա ինձ, Ալեն, ի՞նչ մեղք էին գործել «Արմքոմեդիի» տղաները, որ ներխուժեցիր նրանց տաղավար ու «զրուցեցիր» հետները: Ինչո՞ւ պիտի քո պատճառով ես նրանց հաղորդումներն այլևս չնայեմ, «դիսլայք» անեմ նրանց ալիքը, հաղորդաշարն անվանեմ «թուրքքոմեդի»:

Արդեն շատ լրջացրիր՝ կասի ընթերցողը, Ալենն էր, մի բան ասաց, հո չարե՞ց: Ճիշտ ես, հարգելի ընթերցող, ես էլ առանձնապես վստահ չեմ, որ Ալենը սկսելու է ընդդիմադիր լրատվամիջոցների դռները ջարդել հարցազրույցի համար: Ուղղակի՝ սա այն դեպքն է, որ պետք է մի քիչ զգույշ լինել: Ամբողջ թիմով խայտառակվել են՝ ուզում են ընդդիմադիր լրատվամիջոցների ուժերով ռեաբիլիտացվել… Սա է խնդիրը:

Հ.Գ. Մի անգամ հարգարժան Գալուստ Գրիգորիչին «հանդիմանեցի», թե պարոն Սահակյան, Դուք իսկի շրջահայաց չեք, ում պատահի՝ հարցազրույց եք տալիս, նրանք էլ Ձեր խոսքն աղավաղում ու այդպես տպում են: Ասաց՝ ճիշտ ես ասում, երբ ինձնից հարցազրույց են ուզում, ես նույնիսկ չեմ էլ հարցնում՝ որ լրատվամիջոցից է, տալիս եմ, բոլորը գրչի մարդիկ են, իսկ գրչի մարդիկ սովորաբար բարի են լինում…

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image