Պատմական հետաքրքիր ֆիլմ էի ուզում դիտել, Յութուբն առաջարկեց թուրքական արտադրության «1453 թ. զավթում» երկսերիանոց ֆիլմը, որը նկարահանել է թուրք ռեժիսոր Ֆարուկ Ակսոյը։ Վերնագիրն անմիջապես գրավեց ուշադրությունս։ 1453-ը պարզապես թիվ չէ` դա քաղաքակրթական ճեղքում է, դա Կոստանդնուպոլսի անկումն է։ Դա մի ամբողջ աշխարհակարգի ավարտն է։
Դիտեցի։ Առաջարկում եմ՝ դուք էլ դիտեք։ Բայց դիտեք ոչ թե այն դիտանկյունից, որով ֆիլմն է ուզում ձեզ ներկայացնել պատմությունը, այլ՝ ճշմարտության աչքերով։
Չի կարելի չընդունել՝ տեխնիկապես հզոր ֆիլմ է․ ռազմական նավերի կառուցումը, հսկայական թնդանոթների ձուլումը, դրանց տեղափոխումը՝ հարյուրավոր եզների ու հազարավոր մարդկանց ուժերով, պաշարման զանգվածային տեսարանները, նկարահանված են վարպետորեն։ Դերասանական խաղը համոզիչ է։ Միջավայրի պատմական կոլորիտը մանրակրկիտ վերարտադրված է։ Ամեն ինչ արված է այնպես, որ հանդիսատեսը հիանա, հավատա, զարմանա, սքանչանա։
Բայց պատմական փաստերին լավատեղյակ դիտողն անմիջապես զգում է փաստերի խեղաթյուրումը, երբ բարձր որակի կինեմատոգրաֆիան ծառայեցվում է ընտրովի պատմությանը՝ խեղաթյուրելով իրականությունը։ Ֆիլմի կենտրոնում նորընծա սուլթան Մեհմեդ II-ն է։ Նրան ներկայացնում են որպես հեռատես, խոհեմ, հանդուրժող, գրեթե մարդասեր առաջնորդ։ Սակայն պատմական աղբյուրներն այլ բան են փաստում։ Գահ բարձրանալուն պես նա հրամայում է լոգարանում խեղդել իր անչափահաս եղբորը՝ վերացնելով իր գահի հնարավոր մրցակցին։ Սպանվածի հետեւից վերացվում է նաեւ մարդասպանը՝ հանցանքի հետքը կոծկելու նպատակով։ Սա ոչ թե լեգենդ է, այլ արձանագրված փաստ։ Ֆիլմում դրա մասին` քար լռություն։ Վճռական գրոհից առաջ սուլթանն իր բանակին խոստանում է երեք օր անսահմանափակ թալան՝ քաղաքը գրավելուց հետո։ Տներ, գույք, ոսկի, գանձեր, տղամարդիկ, կանայք, երեխաներ։ Ամեն ինչ։ Պատմությունն է դա փաստում, ֆիլմում դա բացակայում է:
Մեծ գրող Ստեֆան Ցվայգը, իր «Մարդկության աստեղային ժամերը» գրքում անդրադառնալով բյուզանդական մայրաքաղաքի պաշարմանն ու կործանմանը, Մեհմեդին բնութագրում է առանց մեղմացումների․ «Մոլագար, տաքարյուն եւ նենգամիտ, ուսյալ մարդ է եւ սիրում է արվեստ, բայց արյունը թափում է ջրի պես»։ Այլ տեղում գրում է, որ նրա մեջ միավորվում էին «անխոնջ աշխատավորը, անվեհեր զինվորը եւ երկերեսանի դիվանագետը»։ Սա ոչ թե վիրավորանք է, այլ՝ գրական-պատմական գնահատական։ Ցվայգը չի գունազարդում, նա ցույց է տալիս հակասական ամբողջությունը։ Ֆիլմում այդ ամբողջը չկա, մասնատված, անդամահատված է։ Մնացել է միայն փայլը` հումանիստական դիմակը։
Պաշարման ամենաազդեցիկ դրվագներից մեկը՝ նավերի տեղափոխումը ցամաքով դեպի Ոսկեղջյուր, ներկայացված է որպես ռազմական հանճարի աննախադեպ դրսեւորում։ Այո՛, դա ռազմավարական բացառիկ քայլ էր։ Բայց պատմությունը պահանջում է նաեւ հիշեցնել դրա հետեւանքը՝ քաղաքի կործանումը, եռօրյա թալանը, ավերածությունները, մարդկային ողբերգությունը։ Պատմիչները մանրամասն նկարագրել են, թե ինչպես էին փշուր-փշուր արվում հունական քանդակները, տաճարները, ինչպես էին կրակի մատնվում գրքերը, ինչպես էին սրբապատկերները պղծվում, ինչպես էին մարդիկ վաճառվում ստրկաշուկաներում։ Այդ դրվագները ֆիլմում չեք գտնի։
Փոխարենը տեսնում ենք սուլթանի հանդիսավոր մուտքը Սուրբ Սոֆիայի տաճար։ Ահաբեկված մարդիկ լուռ սպասում են։ Եվ ահա՝ մարդասեր միապետի ժպիտը, խաղաղության խոսքեր, գրկին երեխա, հանդուրժողականության կոչ։ Կադր, որը պիտի հուզի։ Մինչդեռ հայտնի է, որ տաճարում փրկության համար թաքնված հազարավոր քրիստոնյաներ կրակի են մատնվել եւ ոչ թե հումանիստ զորավարի աջն են համբուրել: Զավթման արդեն հաջորդ օրը տաճարը մաքրվում է քրիստոնեական խորհրդանիշներից, խաչը տապալվում է, սրբապատկերները ծածկվում են։ Ցվայգը գրում է՝ խաչի անկումը ցնցեց Եվրոպան։ Դա պարզապես կրոնախեւություն չէր։ Դա քաղաքակրթական խորհրդանիշի կործանում էր։ Իսկ ինչո՞ւ են բաց թողնվել ամենաանհերքելի մանրամասները։ Ինչո՞ւ չեն հիշատակվում եռօրյա թալանի խոստումը, իրագործված թալանը, մշակութային ավերածությունները, զանգվածային ստրկացումը։ Ինչո՞ւ է արյունալի նվաճումը ներկայացվում որպես բարձր բարոյական առաքելություն։
Ուրբանի դրվագը եւս ուշագրավ է։ Հունգարացի զինագործը, որը հզոր թնդանոթներ ձուլեց թուրքերի համար, պատմության մեջ հայտնի է որպես վարձկան։ Ֆիլմում նրա կերպարը զուգորդվում է զգացմունքային պատմությամբ՝ եվրոպացիների կողմից ավերված գյուղ, վրեժ, անձնական ողբերգություն։ Բայց սա արդեն գեղարվեստական արդարացում է։ Իրականում, դա քաղաքական ու ֆինանսական ընտրություն էր։ Պատմությունը չի պահանջում հուզական լեգենդ՝ բացատրելու համար ռազմական տեխնոլոգիայի վաճառքը։ 1453 թվականը նաեւ եվրոպական քաոսի հետեւանք էր. Պառակտված քրիստոնեական աշխարհ, փոխադարձ անվստահություն, ներքին հակասություններ, օգնության ուշացում, խոստումների անկատարություն։ Երբ քաղաքակրթական բեւեռները զբաղված են իրար կոկորդ կրծելով, երրորդ ուժը գործում է արագ եւ վճռական։
Այսօր աշխարհը կրկին պառակտված է։ Պատերազմներ, հակամարտություններ, ներքին ճգնաժամեր։ Պատմությունը կարծես հիշեցնում է նույն օրինաչափությունը՝ երբ ուժերը միմյանց սպառնում են, իրար հաշմում ու հոշոտում, ինչ-որ մեկը շահում է այդ քաոսից։ Բայց պատմությունը չի կարելի վերաշարադրել կեղծիքով։ Ոչ մեկը չի ասում՝ նման ֆիլմեր մի նկարեք ու մի դիտեք: Բայց դիտեք քննադատաբար, հիշեք պատմությունը եւ ուղեղի պրիզմայով լուսավորեք պատմական խաբուսիկ անցյալը: Երբ միլիոնավոր մարդիկ դիտում են նման ֆիլմ եւ պատմությունն ընկալում հենց այդ ձեւով, ձեւավորվում է նոր պատկերացում, թե նվաճումը եղել է մարդասիրություն, թե թալանը եղել է կարգուկանոն, թե ուժը եղել է բարոյական առաքինություն եւ առաքելություն։ Ամաչելու ոչինչ չկա ճշմարտությունը բարձրաձայնելու մեջ։ Ամաչել պետք է պատմությունը գեղեցկացնելուց։ Եթե մենք լուռ ընդունում ենք ընտրովի ներկայացված պատմությունը, վաղը կարթնանանք արդեն ձեւափոխված հիշողությամբ։ Իսկ հիշողությունը երբ ձեւափոխվում է, դառնում է քաղաքական գործիք։
Պատմությունը կարելի է նկարահանել, բայց չի կարելի այն մաքրել արյունից, եթե այդ արյունը եղել է։ Չի կարելի խաչի անկումը ներկայացնել որպես խաղաղ միավորում։ Չի կարելի նվաճումն անվանել փրկություն։ Դիտեք ֆիլմը։ Բայց մի՛ թողեք, որ ֆիլմը ձեզ ճնշի։ Պատմությունը որքան էլ փորձեն գլխիվայր շրջել, այն գլխիվայր չի շրջվում: 1453 թվականը հնարավոր չէ վերանայել։ Այն մնում է այն, ինչ եղել է։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ