Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Գալստյանը և Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026 թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և նշանակել վերաքվեարկություն։

«Մեր համոզմամբ` այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կումուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա։ Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի չարաշահումն էր և ռեպրեսիվ միջոցների օգտագործումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Ճնշումներ են եղել ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հենց ընտրողների նկատմամբ, օրինակ, որ նրանք զերծ մնան «Միասնության թևերի» հավաքին մասնակցելուց»,- ասել է Լիպարիտ Դրմեյանը։

Նա նշել է, որ մեծ թիվ են կազմել խախտումները, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերին։ Իշխող ուժը, ըստ ներկայացրած հայտարարագրի, կատարել է շուրջ 800 մլն դրամի ծախս, սակայն իրականում դրանք եղել են շատ ավելին։

«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են այնպիսի խախտումներով, որոնց արդյունքները մեզ համար ընդունելի չեն։ Իրավիճակը ցույց կտա, թե ինչպիսի պրոցեսներ կունենանք Սահմանադրական դատարանում։ Մենք օգտագործելու ենք օրենքով նախատեսված բոլոր միջոցները, բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը»,- հայտարարել է Արմեն Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօր Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել «Միասնության թևերի» հայցադիմումը, որով կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։ Վարչական դատարանի որոշումը կուսակցությունը բողոքարկելու է Վերաքննիչ վարչական դատարանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image