Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով` 5 հազար 20 եվրո փոխհատուցում սահմանել, եւ գտել, որ «փոխհատուցման առավել նպատակահարմար ձեւը կլինի վարույթի վերաբացումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, եթե պարոն Անտոնյանը դա պահանջի»: Ի՞նչ է նշանակում՝ փոխհատուցում վարույթի վերաբացման ձեւով։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ սա հազվադեպ որոշում է, երբ ՄԻԵԴ-ը կարծում է, որ գումարային փոխհատուցումը բավարար չէ, եւ հստակ ցուցում է տալիս պետությանը, որ պետք է վերաբացի վարույթը, այսինքն՝ վերականգնի «ստատուս քվոն»։
- Այսինքն՝ կվերականգնվե՞ն Սուրեն Անտոնյանի լիազորությունները։
- Կարող է սկսվել հետաքրքիր պրոցես։ Չի բացառվում, որ նոր քննություն լինի, եւ որոշումն ուժի մեջ թողնեն։ Այսինքն՝ քննության վերաբացման նպատակը պետք է լինի՝ վերացնել այն խախտումը, որն արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է ոչ թե բովանդակային խախտում, այլ որ կողմերից մեկն անկողմնակալ չէ։ Հիմա այդ դատավորը չկա։ Կարծում եմ, գործը կվերաբացեն, բայց արդեն կքննեն այդ խախտման վերացումով։ Եթե խոսք գնար ապացույցի վերաբերյալ, կարելի էր ասել, որ այդ ապացույցը եթե հանեն, պետք է դատավորն արդարացվի, բայց այստեղ ապացույցի մասին չէ խոսքը, այլ դատավորներից մեկի կողմնակալության։ Հետեւապես, իրենք պետք է նորից դատ անեն, բայց առանց Կարեն Անդրեասյանի, եւ հիմա այդ հարցը լուծված է։ Կարեն Անդրեասյանն այլեւս ԲԴԽ նախագահ չէ։ Դրա համար չի բացառվում, որ վերաբացեն եւ նույն որոշումը թողնեն ուժի մեջ։
- Եթե Սուրեն Անտոնյանը պահանջի՞, բայց նա կարող է եւ չպահանջե՞լ։
- Այո, սովորաբար դիմումատուն է դիմում դատարան։ Քրեական գործերով դատախազը կարող է վերաբացել, օրինակ՝ Մարտի 1-ի գործերով։ Արամ Բարեղամյանի գործով դատախազն իր նախաձեռնությամբ մտավ եւ վերաբացեց վարույթը, որովհետեւ Արամ Բարեղամյանի վերաբերյալ չկար ՄԻԵԴ վճիռ։ Բայց այլ գործերով պետք է անձի դիմում լինի, որ նոր վերաբացելու պարտականություն ծագի։
- Կարո՞ղ է Սուրեն Անտոնյանը չմտնի դատարան՝ կարծելով, որ նույն որոշումն է լինելու։
- Բայց կարող են նոր թեմաներ բացվել։ Կարեն Անդրեասյանը քանի որ չկա, հնարավոր է, որ մոտեցումների փոփոխություն լինի, որովհետեւ Կարեն Անդրեասյանը նախագահող դատավորն էր։ Օրինակ, համաչափության սկզբունքն ավելի լրջորեն ուսումնասիրեն, փաստերն ավելի խորությամբ նայեն։ Բոլոր դեպքերում ճիշտ կլինի, եթե դիմի Սուրեն Անտոնյանը։
ՀԳ․ Հիշեցնենք․ ԲԴԽ-ն 2023-ին դադարեցրել էր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ, եւ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի մեկ այլ որոշում` Անտոնյանի ընդունած դատական ակտի վերաբերալ։ Անտոնյանը ՄԻԵԴ իր բողոքում դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդարադատության նախարարի եւ ԲԴԽ նախագահի միջեւ գործընկերային, բիզնես եւ անձնական կապեր կան, սերտ հարաբերություններ, որոնք դուրս են մասնագիտական ոլորտից։ ՄԻԵԴ-ը սա ապացուցված է համարել եւ նշել, որ այս հանգամանքը պետք է բացահայտվեր վարույթի սկզբում, եւ ԲԴԽ-ն պետք է լրջորեն քններ Անտոնյանի միջնորդությունը՝ Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, ինչը տեղի չի ունեցել: