Շատ դեպքում մի քանի թիվը, վիճակագրական տեղեկությունը շատ ավելին կարող են ասել երկրի իրական շահերի մասին, քան հազարավոր մարդկանց դատողություններն ու տեսակետները: Հայաստանի տնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը հրապարակել է ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության մի տվյալ. 2025 թվականի առաջին վեց ամսիներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 միլիարդ 788 միլիոն դոլար, ինչը 42 միլիոն դոլարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Սա այն դեպքում, երբ Վրաստանի մաքսային ծառայությունները ամբողջ տարվա ընթացքում խոչընդոտներ էին հարուցում Հայաստանից կոնյակի արտահանման համար, իսկ Ռուսաստանի մաքսային և այլ կառույցներն էլ խոչընդոտւմ էին ծաղիկների արտահանմանը: Նույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ ամբողջ ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 546 միլիոն դոլար, այսինքն 242 միլիոն դոլարով ավելի պակաս միայն Հայաստանից ԵԱՏՄ արտահանումից: Նույն ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ արտահանումը կազմել է ընդամենը 346 միլիոն դոլար, մնացած 1 միլիարդ 200 միլիոնը ԵՄ-ից Հայաստան արտահանումն է:
Ստացվում է, որ Հայաստանը ԵՄ 27 անդամ երկրներ արտահանել է ընդամենը 346 միլիոն դոլարի ապրանք, իսկ ներմուծել է դրանից երեքուկես անգամ ավելի մեծ արժեքով ապրանքներ: Եթե համեմատենք ԵՄ և ԵԱՏՄ արտահանման տարբերությունը, կստացվի որ տարբերությունը հինգ անգամից ավելի է` Հայաստանը ԵԱՏՄ անդամ չորս երկիր հինգ անգամ ավելի շատ ապրանք է արտահանում, քան ԵՄ 27 անդամ երկրները միասին վերցրած:
Բայց կարևորը ոչ այնքան ապրանքների ֆիզիկական ծավալը կամ արժեքն է, այլ թե ինչ է արտահանում Հայաստանը ԵՄ և ԵԱՏՄ: ԵՄ-ի արտահանվող ապրանքի մեջ առյուծի բաժինը կազմում է Հայաստանի ընդերքից արդյունահանվող մետաղները և դրանց կոնցետրատները`պղնձի և մոլիբդենի խտանյութը: Դրանից ստացվող շահույթը հիմնականում բաժին է հասնում մի քանի ընկերությունների, որոնց մի մասն էլ արտասահմանյան կապիտալի ներկայացուցիչների է: Հանքավայրերում աշխատող մի քանի հարյուր կամ գուցե հազար մարդ աշխատավարձ է ստանում, և դրանով ամեն ինչ սահմանափակվում է: Բյւոջե փոխանցվող գումարը չենք հաշվում, նկատի ունենալով որ այն մսխվումէ տարբեր անիմաստ և անարդյունավետ քարոզչական ծրագրերի վրա, որոնք երկրին և նրա քաղաքացիներին վնաս տալուց բացի, որևէ այլ արդյունք չեն ստեղծում:
Դրա փոխարեն Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանում վերականգնվող ռեսուրս`տեղական հումքից պատրաստի արտադրանք: Գյուղատնտեսական հազարավոր ձեռնարկություններ արտահանում են իրենց արտադրած գյուղատնտեսական արտադրանքը`կեռաս, ծիրան, խաղող, սալոր, պոմիդոր և բանջարեղենի այլ բազմաթիվ տեսականի, վերամշակող ձեռնարկությունները պահածոներ, գինի, կոնյակ, գարեջուր չրեր, ձկնարդյունաբերությամբ զբաղվող հարյուրավոր ընկերություններ արտահանում են ձուկ և ձկնամթերք, շինանյութեր և թեթեև արդյունաբերության ապրանքներ, ոսկերչական զարդեր, ծխախոտ և հրուշակեղեն, կաթնամթերք և մսամթերք: Այս գործում ներգրավված են և դրանից եկամուտ են ստանում ոչ թե մի խումբ մարդիկ, հիմնականում օտարերկրացիներ, այլ հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, հազարավոր ձեռնարկատերեր և ընկերություններ:
Կարող են հակադարձել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, և այդ կազմակերպության անդամ երկրների հետ մեկընդհանուր մաքսային սահմանում է, ապրանքները չեն մաքսազերծվում, արդյունքում ԵԱՏՄ շուկայում մեր ապրանքները ավելի մրցունակ են, քան ԵՄ շուկայում: Երբ կամ եթե մենք էլ դառնանք ԵՄ անդամ, և ԵՄ-ի հետ լինենք ընդհանուր մաքսային սահմանում, մեր երկրում արտադրված ապրանքները ավելի էժան և ավելի մրցունակ կլինեն ԵՄ շուկայում, հետևաբար արտահանում էլ ԵՄ երկրներ կաճի: Միայն թե նման բան ասողները, չեն կարող ասել, թե ինչ պետք է Հայաստանը առաջարկի ԵՄ-ին, որը հիմա չի կարող առաջարկել, որոհետև այն ինչ Հայաստանը առաջարկում է ԵԱՏՄ երկրներին, վաճառում է ԵԱՏՄ անդամ երկրների շուկայում, ԵՄ-ում ոչ պահանջարկ ունի ոչ գնորդ: Այդ շուկայում մրցակցությունը այնքան մեծ է, առաջարկը այնքան բազմազան, որ հնարավոր չի լինելու ինչ որ բան վաճառել:
Որոշ պաշտոնյաներ նման դեպքերում ասում են, որ հայկական ընկերությունները պետք է բարձրացնեն իրենց կողմից արտադրվող ապարանքների որակը, ստեղծեն նոր և ավելի մրցունակ ապրանքներ, որոնք կգրավեն նոր շուկաներ: Նման բան ասողներին, պետք է առաջարկել հենց հիմա ստեղծել Շվեյցարիայից կամ Սինգապուրի նման երկիր, որից հետո նոր պահանջեն որ տնտեսվարողներն էլ ստեղծեն iPhone-ից մրցունակ սմարտֆոն, կամ Tesla-ից ավելի մրցունակ էլեկտրոմոբիլ: Պետական պաշտոնյաների համար հեշտ է հիմարություններ խոսել, դրա համար նրանք աշխատավարձ են ստանում, բայց դրանց բազմահազարանոց բանակը չի կարող նույնիսկ մրցունակ լուցկի արտադրել, որովհետև դրա համար գիտելիք և հմտություն է պետք, ինչը խոսելու համար ամենևին պարտադիր չէ:
Հետևությունն այն է, որ նույնսիկ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Պապոյանն ու Հայաստանի վիճակագրությունն են փաստում, որ Հայաստանը իր տնտեսական շահերով կապված է ԵԱՏՄ-ի հետ: Հայաստանի տնտեսությունը զարգացում և առաջընթաց կարող է ապահովել միայն այդ շուկայում էլ ավելի առաջատար դիրքեր զբաղեցնելով, իսկ պետության և նրա առանձին կառույցների խնդրը պետք էլինի այդ առաջխաղացմանը նպաստելը և ոչ թե իրենց գործունեությամբ հավելյալ խոչընդոտ ստեղծելը, ինչը անընդհատ անում են իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, իսկ առաջամարտիկը այդ գործում անշուշտ Փաշինյանն է: ԵՄ-ի համար մենք հանքահումքային կցորդ ենք, որտեղից պետք է արտահանել ընդերքի հարստությունները, իսկ փոխարենը ուղակել պատրաստի արտադրանք: Ընդ որում այդ պատրաստի արտադրանքը երեք ու կես անգամ ավելին է քան մեր ընդերքից տարած հարստությունը: Մեր ընդերքի հարստությունը չվերականգնվող ռեսուրս է իսկ ԵՄ-ից ներմուծվող կոշիկն ու օծանելիքը, կամ մյուս ապրաննքերը վերականգնվող: Եվ չնայած սրան Հայաստանի իշխանությունը ԵՄ-ին ադամակցելու գործընթաց է սկսել, ինչը ենթադրում է ԵԱՏՄ-ից հրաժարում:
Տեսել եք չէ կտավը, երբ ամերիկյան մայրցամաք դուրս եկած եվրոպացի գաղութարարները հայելիները կամ էժանագին շորերը փոխանակում են ոսկու և թանկարժեք քարերի հետ: Հինգ հարյուր տարի անց ոչինչ չի փոխվել, թերևս միայն այն, որ հնդկացիներին փոխարինել են մեզանով. մեր ունեցած ոսկու, պղնձի, մոլիբդենի փոխարեն տալիս են շոր, կոշիկ օծանելիք, երեքուկես մեկի հարաբերակցությամբ: