Քաղաքականություն

ԵՄ-ն ճնշում է Վրաստանին եւ փաղաքշում Հայաստանին

ԵՄ-ն ճնշում է Վրաստանին եւ փաղաքշում Հայաստանին

Վրաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ԵՄ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովը, որը ԵՄ գործադիր իշխանությունն է, շանտաժի է ենթարկում Վրաստանի իշխանություններին՝ պահանջելով սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկրորդ ռազմաճակատ բացել ընդդեմ Ռուսաստանի եւ, ընդհանրապես, հնազանդորեն կատարել Բրյուսելից իջեցված հանձնարարականները, այլապես սպառնալով վերացնել Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացման ռեժիմը: 

Նախորդ օրը Վրաստանի միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա անդրադարձել են Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի դեմ ուղղված ճնշման ու շանտաժի քաղաքականությանը: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է․ «Եթե հարց առաջանա՝ խաղաղություն եւ կայունությո՞ւն, թե՞ անվիզա ռեժիմ, մենք, իհարկե, կընտրենք կայունությունը։ Դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։ Ըստ Կոբախիձեի՝ վիզաների ազատականացումն իրենց համար գոյաբանական հարց չէ, ավելի կարեւոր են կայունությունը եւ խաղաղությունը՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանի հետ առճակատումը եւ նոր պատերազմը կարող են հանգեցնել Վրաստան պետության ոչնչացմանը, մինչդեռ առանց ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի էլ Վրաստանը կարող է գոյություն ունենալ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին էլ, անդրադառնալով այդ ճնշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կբացատրեմ եւս մեկ անգամ։ Եթե ուզում ես լինել խաղաղ նախագիծ, ապա պատերազմի մեջ գտնվելով՝ պետք չէ երեք պատերազմ անցած երկրից պահանջել սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչն արել է Բրյուսելը»:
Եվրահանձնաժողովը Վրաստանին ասում է, որ վիզաների ազատականացումը Վրաստանին տրված նվեր չէ, այլ շատ կոնկրետ առեւտրային գործարքի մի մաս. մենք ձեզ տալիս ենք վիզաների ազատականացում, իսկ դուք պատերազմում եք Ռուսաստանի դեմ, որովհետեւ Ռուսաստանը մեր թշնամին է: Եթե մենք ձեզ տվել ենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ապա դուք պետք է իմանաք, որ դրա դիմաց պետք է կատարեք Բրյուսելից իջեցված բոլոր հրահանգները, Եվրահանձնաժողովին եւ դրա ղեկավարությանն ընդունեք որպես վերադաս: Եթե վերադասը պահանջում է չընդունել կամ չեղարկել օրենքները, դուք պետք է միանգամից կատարեք հրահանգը, եթե վերադասը չի ճանաչում անցկացված ընտրությունների արդյունքները եւ պահանջում է չեղարկել դրանք ու նոր ընտրություններ կազմակերպել, դուք պարտավոր եք միանգամից կատարել այդ հրահանգները, եթե վերադասն ուզում է իշխանության տեսնել ոչ թե այս ուժին կամ անձին, այլ մեկ այլ ուժի եւ անձի, այդպես էլ պետք է լինի: Այլապես կզրկվեք ե՛ւ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակից, ե՛ւ վիզաների ազատականացումից: 

Վրաստանի ընդդիմությունը կարծում է, որ եթե առաջիկայում իրենց չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, ապա Եվրահանձնաժողովը հենց այդպես էլ կվարվի․ աշնան վերջին` նոյեմբերին, Վրաստանը կզրկվի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակից, եւ վիզաների ազատականացումը կչեղարկվի: Սպասում են հոկտեմբերի 26-ին, երբ լրանում է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման մեկ տարին, որի առիթով ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքային նոր ալիք սկսել՝ նպատակ ունենալով ԵՄ աջակցությամբ հերթական գունավոր հեղաշրջումն իրականացնել: Եթե համոզվեն, որ այս մի փորձն էլ է ձախողվել, Վրաստանի հետ կդադարեն խոսել համոզելու եւ բացատրելու լեզվով, կանցնեն կոնկրետ գործողությունների, կչեղարկեն առեւտրային գործաքը՝ պատճառաբանելով, որ Վրաստանը չի կատարել գործարքի իր մասը`չի ցանկանում մահապարտ լինել:

Վրաց փորձագետները համոզված են, որ Վրաստանին զրկելով վիզաների ազատականացման ռեժիմից՝ կարող են այդ «բարիքը» նվիրել Հայաստանին, բնականաբար՝ նույն պայմաններով: Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, նախորդ օրը անդրադառնալով թեմային, ասել էր. «Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որեւէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետեւ հավատում ենք դրան, որովհետեւ հավատում ենք, որ դա իրատեսական է»:

Վրաստանին սպառնում են զրկել վիզաների ազատականացման ռեժիմից, իսկ Հայաստանին խոստանում են շնորհել նման ռեժիմ: Պարզ է, որ պայմանը դարձյալ նույնն է. Հայաստանի իշխանությունը պետք է Բրյուսելին ընդունի որպես վերադաս եւ հնազանդորեն կատարի վերադասից իջեցված հրահանգները: Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով ցույց են տալիս, որ Բրյուսելին վերադաս ճանաչելու հարցում իրենք խնդիր չունեն. Հայաստանի ամբողջ օրենսդրական դաշտը համաձայնեցվում է ԵՄ-ի հետ, ազգային, կրոնական, ընտանեկան արժեքները մշտական հարվածի տակ են, երկրում պաշտոնական մակարդակով մոլեգնում է հակառուսական քարոզչությունը: Բայց սա, իհարկե, բավարար չէ. պետք է որ Հայաստանը կոնկրետ քայլեր կատարի Ռուսաստանի դեմ թշնամությունը խորացնելու հարցում, պետք է դառնա հակառուսական տարածք: Ամենակարեւոր պայմաններն են՝ Հայաստանից ռուս սահմանապահների եւ ռազմաբազայի դուրս հանելը, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցումը: Քանի դեռ այս պայմանները չեն կատարվել, ոչ մի վիզաների ազատականացում էլ չի լինելու: ԵՄ-ում միամիտ չեն, որ ավանսով ինչ-որ բան տան: Վրաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչի կարող է հանգեցնել ավելորդ վստահությունը, չնայած Վրաստանը ԵՄ-ից իջեցված հրահանգով արդեն մի անգամ պատերազմել էր Ռուսաստանի հետ եւ գիտի դրա արժեքը: Այնպես որ, Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասին խոսակցությունները լինելու են հայ հասարակության մի մասին երազներով եւ հեքիաթներով կերակրելու մթերք, իսկ իրենց հսկողության տակ գտնվող իշխանությանը՝ աջակցության գործիք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image