Քաղաքականություն

«Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է այցելեր, որովհետեւ հավատացյա՞լ է

«Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է այցելեր, որովհետեւ հավատացյա՞լ է

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ Ադրբեջան մեկնելուց առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ոստիկանները փակել էին հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։ ԱՄՆ փոխնախագահին համալիրի շեմին դիմավորել է Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բայց հուշահամալիր ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը: Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով․ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի»։ Բայց թանգարան չի մտել: 

ԱՄՆ փոխնախագահն ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Հայաստան, եւ առաջինը, որ կայցելի Ադրբեջան` 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի այցից հետո։ Չեյնին նույն՝ 2008-ին այցելել էր նաեւ Վրաստան, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Թբիլիսի էր այցելել 2005 թվականին։ Ջո Բայդենը եւս Վրաստան է այցելել 2009 թվականին, երբ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Վենսի այցի պաշտոնական պատրվակը 2025-ի օգոստոսին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագրերն էին, մասնավորապես՝ Թրիփի ուղին եւ էներգետիկ պայմանավորվածությունները: Պաշտոնապես ասվեց` գալիս է այդ ծրագրերն «առաջ գցելու»: 

Սակայն Ջեյ Դի Վենսի այցից առաջ մեծ սպասելիքներ կային, մասնավորապես` որ նա կաջակցի Բաքվի բանտերում գտնվող գերիների եւ Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Որ նա կայցելի Մայր Աթոռ եւ, որպես հավատացյալ կմիջամտի Եկեղեցու դեմ արշավին, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ Վենսը, կարելի է ասել, ճիշտ հակառակն արեց` չմիջամտեց քաղաքական հետապնդումներին եւ Եկեղեցու դեմ արշավանքին, դեռ մի բան էլ իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին` առաջիկա ընտրությունների կտրվածքով, միջամտելով Հայաստանի ներքին կյանքին: Իսկ երեկ առավոտյան իր սոցիալական ցանցի էջում սկզբում գրառում արեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին, ապա 2 ժամից հեռացրեց այդ հրապարակումը, որտեղ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Վենսի հրապարակումը փոխարինվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի եւ նրա կնոջ այցելության մասին, որում ասվում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ եւ գրառում կատարեցինք պատվավոր հյուրերի գրքում»։ Նկատենք նաեւ, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վենսը պահպանողական քաղաքական գործիչ է, որը հետաքրքրված է կրոնական թեմաներով, ավելին` անգամ նրա մասին ասում են, որ նա մոլի հավատացյալ է, ակնկալվում էր, որ այցելելու է նաեւ Մայր Աթոռ` կաթողիկոսի հետ հանդիպման նպատակով, սակայն այդ հանդիպումն էլ տեղի չունեցավ: 

Տեր Նշան քահանա Պանֆյորովին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ սպասելիքներ ուներ հոգեւորականը Վենսի այցից: «Ես անձամբ ոչ մի սպասելիք էլ չունեի, որ պետք է այցելեր եկեղեցի: Ինչո՞ւ պետք է այցելեր, որովհետեւ հավատացյա՞լ է, չէ, նա քաղաքական գործիչ է, կան քաղաքական շահեր: Ինչ է` Վենսը չգիտի՞, թե Հայաստանում ինչ է կատարվում, ամեն ինչ էլ շատ լավ գիտեն, իրենց նախապես ամեն բան զեկուցում են: Առանց այցելության էլ բոլորն էլ գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, գիտեն, որ բանտարկված են մի շարք հոգեւորականներ, սրբազաններ: Մարդիկ սպասում են, որ ինչ-որ մեկը գա, նամակ փոխանցեն, բայց նրանք ամեն ինչ լավ էլ գիտեն: Ի վերջո` ամենամեծ դեսպանատունն են Հայաստանում բացել, սակայն քաղաքականությունը միշտ էլ մնում է քաղաքականություն»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image