Ադրբեջանական մասմեդիան երեկվանից ակտիվորեն լուսաբանում է հայ չորս գերիների՝ Գեւորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի, Վիգեն Էուլջեքչյանի եւ Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումը Բաքվի բանտերից և նրանց հանձնումը Հայաստանին։ Սպասելի էր, որ Բաքվի քարոզչակայքերն այս լուրը ներկայացնում են Ալիևի «մեծահոգության», «խաղաղասիրության» և «դարակազմիկ բարի կամքի» լույսի ներքո՝ արդարության վերականգնումը վերածելով քաղաքական PR-ի։
«Մեկ օր առաջ Ադրբեջանը մյուս կողմին հանձնեց չորս հայ գերիների, ինչն անհերքելիորեն նշանակալի իրադարձություն է, որը տրամաբանորեն տեղավորվում է Բաքվի ընդհանուր հանձնառության մեջ՝ վերջնական կարգավորման և տասնամյակներ տևած հակամարտության ավարտի հարցում: Այս մարդասիրական ժեստը և բարի կամքի դրսևորումը, որն ուղղված էր լարվածության նվազեցմանը և վստահության մթնոլորտի խթանմանը, հստակ ցույց տվեց, որ մեր երկիրը հետաքրքրված չէ դիմակայության շարունակմամբ, այլ տարածաշրջանի կայուն և խաղաղ ապագայով»,-գրում է իշխանական կայքերից Մինվալ-ը։
Հաջորդիվ, Ալիևյան ռեժիմը սպասարկող պարբերականն անցնում է հոխորտանքի և մեղադրանքների, պնդելով, թե «մարդասիրական քայլից հետո, այսպես կոչված, քաղաքագետներն ու հասարակական գործիչները կրկին ակտիվացել են՝ փորձելով խեղաթյուրել իրավիճակը»:
«Ոմանք պնդում են, որ Բաքուն նման ժեստերն օգտագործում է որպես լծակ Հայաստանի դեմ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում ապագա զիջումների հասնելու նպատակով: Մյուսները գիտակցաբար պնդում են, որ Ադրբեջանն այս քայլը կատարել է միջազգային հանրության ճնշման տակ»,-հավանաբար հայկական շրջանակներին նկատի առնելով՝ ասվում է հոդվածում։
«Երկու կողմերն էլ խորապես սխալվում են: Բայց եթե այս «խելացի տղաները» նայեին ոչ վաղ անցյալին, նրանք ավելի խելացի և ողջամիտ մտքեր կունենային: Հայ-ադրբեջանական եռացող հակամարտության, 44-օրյա պատերազմի, Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության (2023 թ․ արցախահայության դեմ վայրագությունների - խմբ․) և դրանից դուրս տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Ադրբեջանը հստակորեն հայտարարել է, որ մերժում է սպառնալիքների, վերջնագրերի և արտաքին թելադրանքների լեզուն։ Եթե Բաքուն որոշումներ կայացներ ճնշման տակ, տարածաշրջանի պատմությունը այլ կլիներ։ Սակայն փաստերը հակառակն են վկայում. Ադրբեջանը միշտ գործել է իր ազգային շահերից և միջազգային իրավունքից ելնելով։ Հետևաբար, այս մարդասիրական ժեստը արտաքին ճնշումով բացատրելու փորձերը թվում են անհամոզիչ և ավելի շուտ արտացոլում են մեկնաբանների ցանկությունները, քան իրական իրավիճակը»,-գրում է հոդվածագիրը։
Ալիևյան ռեժիմի սազանդար-կայքն ավելի հեռուն է գնում իր ցնդաբանության մեջ և նշում, թե «Բաքվի բարի կամքի դրսևորումից հետո Հայաստանում և արտասահմանյան հայկական շրջանակներում որոշ մարդիկ զարգացրել են նոր, բայց լիովին պատրանքային սպասումներ»։
«Որոշ գործիչներ լրջորեն հույս են փայփայում, որ չորս հայերի ազատ արձակումից հետո Բաքվում գտնվող Ղարաբաղի առաջնորդները նույնպես ազատ կարձակվեն։ Սոցիալական ցանցերում հարուցվել են աշխույժ բանավեճեր, որոնք բորբոքվել են զգացմունքներով և պատրանքներով։ «Արցախի օմբուդսմեն» Գեղամ Ստեփանյանը նույնիսկ կոչ արեց շարունակել պայքարը նրանց ազատ արձակման համար՝ մոռանալով, որ սրանք անձինք են, որոնք ենթարկվում են շարունակական դատական գործընթացների։ Արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները նույնպես ակտիվացան, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Սակայն Ադրբեջանի մարդասիրական ժեստը որպես դրական նշան ողջունելու փոխարեն, ANCA-ն, ինչպես նախկինում, որոշեց ավելին պահանջել։ Կազմակերպությունը կոչ արեց նաև ազատ արձակել ղարաբաղյան առաջնորդներին, ապա նույնիսկ բողոքեց Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ակտիվացնել ջանքերը՝ մնացած բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար»,-շարունակվում է հոդվածում։
Մինվալ-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ «շարունակվող դատավարությունների մեջ գտնվող անձանց Հայաստան տեղափոխումը լիովին բացառվում է։ ԼՂ առաջնորդներին ազատ արձակելու կամ հանձնելու մասին խոսակցությունները պատրանքային են։ Այս ուղերձը բյուրեղյա պարզ է և տեղ չի թողնում սխալ մեկնաբանության համար։ Ադրբեջանի ներողամտությունը չի նշանակում թուլություն կամ նոր պահանջների կամ սակարկությունների հրավեր։ Հետևաբար, նրանք, ովքեր շարունակում են ապրել պատրանքներով և օդում ամրոցներ կառուցել, վաղուց պետք է հասկանային մի պարզ բան. մի շփոթեք Աստծո պարգևը ձվի տուփի հետ։ Մարդասիրական ժեստը խաղաղությանն ուղղված քայլ է, այլ ոչ թե ներողամտություն կամ քաղաքական ֆանտազիաների արդարացում»,-եզրափակում է հոդվածագիրը։