Հասարակություն

Հայկական եկեղեցիներից մինչեւ նոր անուններ

Հայկական եկեղեցիներից մինչեւ նոր անուններ

Թանգարանային գիշերները թեեւ տարվա մեջ մեկ օր ենք նշում, բայց դրանց հիշողությունները երկար են տեւում թե´ այն պարագայում, երբ թանգարանները  հատուկ ծրագիր են ներկայացնում, թե´ այն դեպքում, երբ մշտական ցուցադրությամբ են ներկայանում։ 

Այս տարի շատ այլ թանգարանների նման Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում էլ հիշվող ծրագիր էր եւ առիթը Արցախի եկեղեցիների մասին պատմող մի ֆիլմ էր, որի հեղինակը արդեն քանի տարի ՌԴ-ից Հայաստան տեղափոխված եւ Երեւանում հաստատված մեր հայրենակից, կինոռեժիսոր Միքայել Շահնազարովն է։ Միքայելը նաեւ Արեւմտյան Հայաստանում է շրջագայել եւ նկարահանումներ  կատարել, սակայն այս ֆիմը Արցախի մասին էր։ Ֆիլմի յուրահատկությունն այն էր, որ Պըլը-Պուղու կերպարն էր ներմուծված ֆիլմ, Պըլը-Պուղու մասին պատմությունները, ինչը արդեն թեթեւություն, գրավչություն էր սփռում էկրանից։ Նույնքան տպավորիչ էին նաեւ սրահում ցուցադրվող լուսանկարները՝ դարձյալ Շահնազարովի կողմից արված, պարզապես աննախադեպ ռակուրսներից։ Անգամ Սանահինի եկեղեցական համալիրի եւ Զվարթնոցի տաճարի յուրահատուկ ռակուրսներ էին գտնվել։ Իսկ Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթ արձանը նկարված էր վերից, թռիչքի բարձրությունից։ Այդ դիտակետից ձին էլ, Դավիթն էլ, Թուր Կեծակին էլ թվում էր երկնքից են իջել, կամ դեռ սավառնում են երկնքում։ Առանց չափազանցության՝ գերող պատկեր էր։ 

Այնքան անսովոր ու գեղեցիկ էր թռիչքի բարձությունից արված այդ լուսանկարը, որ, ըստ իս, արժե այն Երվանդ Քոչարի թանգարանի մշտական ցուցադրությունում տեղ գրավի՝ ակնառու մի տեղում։ 

Ի դեպ, Քոչարի թանգարանում էլ այս տարի մեկ նկարի շուրջ հյուսված ծրագիր էր փառատոնային հայտագրում։ Քոչարի «Մարդ-քաղաքը» կտավը, որ ոչ միայն Քոչարի արվեստի, այլ առհասարակ 20-րդ դարի կերպարվեստի ամենախորը եւ ինտելեկտուալ գործերից մեկն է, թանգարանը ներկայացրել էր երկու ինստալացիյաներով։ Մեկը էկրանին էր՝ կենտրոնում անշարժ «Մարդ-քաղաքն» էր, իսկ կողքերից վազում էին քաղաքային համայնապատկերները։ Մյուս ինստալացիայում «Մարդ-քաղաքի» մոտ երկու մետր բարձրությամբ ապակե դեմքն էր, իսկ ճեղքից ետ դրված էր համակարգչային էկրանը՝ փոփոխվող քաղաքային պատկերներով։ Ցուցադրությանը ուղեկցում էր ինստրումենտալ-կոսմիկ երաժշտություն։ Ինստալյացիաները, այդպիսով, «Մարդ-քաղաքի» ինտելեկտուալ խորությանը գումարել էին նաեւ զգայական խորություն, ինչը գերազանց մտահղացում էր եւ իրականացում։
    
Առանց ջութակի ես կյանք չունեմ․․․ 

Երեւի մի տասն օրվա տարբերությամբ Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում մեկ այլ միջոցառում էլ էին կազմակերպել՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, որի հերոսները միջազգային երաժշտական մրցույթների մասնակից, դափնեկիր, հաղթող երեխաներն էին։  նրանք տարբեր տարիքի էին՝ 6 տարեկանից մինչեւ երեւի 16, եւ նվագում էին ամենատարբեր երաժշտական գործիքներ՝ ջութակ, դաշնամուր, կիթառ, շվի, սաքսոֆոն, ֆլեյտա, մարիմբա, թավջութակ․․․ Հաստատունը միայն այն էր, որ բոլորը հրաշալի էին նվագում (կային նաեւ վոկալ կատարումներ), եւ որ բոլոր երեխաները նույն ծրագրին են մասնակցում՝ «Հայաստանի նոր անուններ»։ 

Այդ ծրագիրը ստեղծվել է 1988-ի Գյումրիի երկրաշարժից հետո, այն ժամանակ ՀԽՍՀ Մշակույթի նախարարի տեղակալ, այնուհետ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ, ով մինչեւ հիմա էլ, կյանքի իններորդ տասնամյակում ղեկավարում է ծրագիրը եւ ապրում է այդ ծրագրով։ 88-ից մինչեւ հիմա փոքրիկ երաժիշտների քանի-քանի սերունդներ է տվել «Նոր անուններ» ծրագիրը, սակայն նույն ավյունով ու նվիրումով շարունակում է գտնել, բեմ բարձրացնել, միջազգային ասպարեզ դուրս բերել հայաստանցի նոր փոքրիկների։ Երբեմն էլ փոքրիկները իրենք են գտնում ծրագրին, ինչպես Արարատից վեցամյա մի մանչուկ, որ կարծես իտալացի լիներ, Արարատում մոտեցել է տիկ․ Մեքինյանին եւ ասել․ «Ես այնքան ուրախ եմ, որ Դուք եկել եք, որովհետեւ Ձեր համերգում ես էլ կնվագեմ։ Ես առանց ջութակի կյանք չունեմ․․․»։ Տիկ․ Մեքինյանը պատմեց, որ ինքն էլ ջութակ սկսել է նվագել նույն վեց տարեկանում։ Այժմ այս փոքրիկը իր վերամարմնավորումը, ապրած կյանքի կրկնությունն է թվացել եւ ուղղակի հավատացել է նրան, ինչ փոքրիկն ասում է։ 

Այն, որ երաժշտությունը «Հայաստանի նոր անուններ» ծրագրի երեխաների կյանքի որոշիչ մասն է, իրենք նվիրված են երաժշտությանը եւ ջանք չեն խնայում կատարողական բարձունքներ նվաճելու համար, ակնբախ է։ Ակնհայտ է նաեւ այն, որ «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանի կողմից հոգեկան կապվածություն կա ամեն երեխայի հետ՝ Միքայել Կարապետյանի, Մանե Գրիգորյանի, Լիլիա Ավչյանի, Նարեկ Մամիկոնյանի, Եվա Հովսեփյանի, Եվա Ներսիսյանի, Ռոբերտ Սեյրանյանի, Ենոք Ավետիսյանի, Մենուա Մելիք-Հայկազյանի, Ռոլանդ Բաղդասարյանի, Իշխան Սարգսյանի, Էլեն Մարտիրոսյանի, Դավիթ Բաբայանի, Անի Մարգարյանի, Էռնա Քասինյանի, Սվետլանա Հակոբյանի,  «Մանուկների մոլորակ» համույթի, Վահագն-Վիկտորիա-Էմիլիա տրիոյի․․․ 

Տիկ․ Ոսկանյանի գորովալից վերաբերմունքը փոքրիկ երաժշտների հանդեպ այնքան ցայտուն է, որ ասենք մի քանի օր առաջ, պատահաբար փողոցում հանդիպել էր տղայի, ով իր ցիտրա (zither) գործիքն էր լարելիս եղել, ծանոթացել էր եւ հրավիրել մասնակցելու համերգին։ Տղայի անունը Մաքսիմ էր (Մաքսիմ Ռիժով), նա Ռուսաստանից է, հիմա Երեւանում է ապրում եւ համերգին եկել էր ընկերոջ հետ, ով ցիտրային ձայնակցեց շեյքերով եւ թմբուկով։ Ավելորդ է ասել, որ ասոցացիան անմիջապես տամբուրին-տարաբուկա-կիֆարա հազարամյա գործիքների համադրության հետ էր՝ տամբուրինի ռիթմի մեջ։ Իսկ այդ կենսահաստատ ռիթմը երբ եւ որտեղ էլ հնչի, անգամ չորս պատերի միջեւ պարփակված, այն լսարան է ոգեւորում ու չվերջացող ծափեր է կորզում՝ միավորելով տարածությունները, ժամանակները, ավանդույթները, իսկ ամենաէականը՝ մարդկային հոգիներն ու տիեզերքը․․․ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image