Հիշում եք, չէ՞, որ ՀՀ երրորդ նախագահի օրոք կար մեկը, որի անունը հասարակությունը դրել էր Սերժի «չեբուրաշկա»: Ես նույնիսկ մոռացել եմ այդ ուսուցչուհու անուն-ազգանունը, ով պատիվ էր համարում լինել այդպիսիմ: Բայց Սերժը մերժվեց, ու ենթադրում եմ, որ կոնկրետ այդ ուսուցչուհին շատ բան կտար, որպեսզի իր ամոթը մոռանար ինքը ու մոռացնել տար ուրիշներին: Բայց քանի որ Սերժի «չեբուրաշկա» լինելը զուտ կոնկրետ անձով չէր պայմանավորված, այլ հայաստանյան պայմաններով, ապա նորմալ էր, որ Սերժի՝ պաշտոնից զրկվելը չվերացրեց այդ երևույթը: Ի վերջո, եթե Սերժի «հագով կարված» սահմանադրական փոփոխությունը հարմար եղավ նաև նրան մերժողին, ապա բնական է, որ նախկինում առակա երևույթներն էլ պետք է փոխանցվեին իրեն: Իսկ քանի որ մեր կյանքը 2018-ից այս կողմ դարձավ ավելի արատավոր, քան առկա էր նախկինների օրոք, ապա դրանք ևս պետք է ընդունեին նույն որակը, ինչ շրջապատող աշխարհը: Այդպիսին է հասարակության զարգացման կամ հետընթացի օրինաչափությունը: Եվ որևէ մեկը ո՛չ կարող է այն փոխել և ոչ էլ վերացնել:
Ինչևէ, տեսնենք, թե ինչ է ասում հերթական հակահերոսը՝ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Երեմյան Ռուզաննան: Ֆեյսբուքյան իր էջում «լայվ» մտնելով՝ վերջինս ասել է, որ ինքը, որպես մանկավարժ և մտավորական «պարտավոր է ունենալ դիրքորոշում, պարտավոր է պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում»: Եթե այլևս ոչինչ չասվեր, ապա դա կարող էր ողջունվել, քանի որ մենք անընդհատ խնդիրներ ենք ունեցել այդ հարցում: Ես էլ, որպես հրապարակախոս, կողջունեի տիկնոջ կողմից դիրքորոշում ունենալու և նոր սերնդի դաստիարակության գործում արատավոր հետևանքներ ունենալիք ինչ-որ բանի դեմ պայքարելու՝ ինքնակամ պարտավորությունը: Բայց միաժամանակ կուզենայի իմանալ, թե որքան ակտիվ էր նրա դիրքորոշումը 2008-ից այս կողմ: Նվասարդ Կճոյանի առումով իր «գիտելիքը» ինքը պահո՞ւմ էր իր մեջ՝ բավարարվելով եկեղեցի չգնալով, թե՞ փորձում էր երեխաներին դասիարակել ազնվության ոգով՝ օրինակ բերելով դրականը և մերժելով անընդունելին:
Ինչո՞ւ եմ ցանկանում դա իմանալ: Որովհետև այդ թվականներին ես նրանցից մեկն էի, ով, որպես երկար տարիների ընդդիմադիր, հասել էր Մայր Տաճար ու նրա տարածքում եկեղեցին ներսից բարեփոխելու պահանջով ցույց էր անում: Իսկ «Հրապարակ» օրաթերթն, օրինակ, հոդված էր հրապարակում կաթողիկոսի դստեր առնչությամբ: Ինչն, ի դեպ, պեղել ու այս օրերին շրջանառության մեջ են դրել նիկոլականները: Բայց տիկնոջը խնդրում եմ դրանից լավ չզգալ իրեն, որովհետև դա մենք անում էինք այն ժամանակ, երբ Հայաստանը դեռևս հաղթական երկիր էր ու, ըստ այդմ, չուներ անվտանգային սպառնալիքներ, Արցախը մերն էր, հայաստանցին էլ ազգային արժանապատվությամբ լի: Այդ պայմաններում մենք կարող էինք մեզ թույլ տալ քննադատելու կաթողիկոսին: Ու կարող էինք պահանջել, որպեսզի եկեղեցին բարեփոխվի: Ու դա ներսի պահանջ էր՝ դրսից որևէ մեկը մեզ չէր ուղղորդում. դեռևս Հովհաննես Թումանյանն է ասել, որ ներսից ենք փչացած ու ներսից է լինելու մեր փրկությունը:
Իսկ այսօր իրադրությունը բոլորովին այլ է: Ու ես համոզված եմ, որ դպրոցի տնօրեն Երեմյանն այնքան մակարդակ ունի, որ հասկանա, որ կաթողիկոսի ու ընդհանրապես հայոց եկեղեցու հոգևորականների դեմ նիկոլական արշավը պարտադրված է թուրք-ադրբեջանական թշնամական զույգի կողմից: Քանի որ հայոց եկեղեցին այն կառույցն է, որ միշտ եղել է հայոց ինքնության պահպանման ակունքներում: Որքան էլ որ նրա առանձին ներկայացուցիչներ խնդիրներ ունենան բարոյականության առումով: Ու այսօր էլ կատարում է ազգապահպան իր դերը: Ենթադրում եմ, որ տիկին Երեմյանն այնքան մակարդակ ունի, որ հասկանա, որ տղայի արձանի նկատմամբ սեռական հակումներ խոստովանած անձը (դրվագն առկա է 2018-ին հրապարակված Նիկոլի գլուխգործոց վեպում) մեծ հաշվով թքած ունի այն հանգամանքի վրա, ինչի դրոշակն այսօր բարձրացրել է ինքը: Որ այդ ճշմարտությունը, եթե դա չի թաքցվում, ինչպես նաև նրա ու նրա քաղաքացիական կնոջ ֆեյսբուքայն արատավոր գրառումները շատ ավելի մեծ հարված են հասցնում նոր սերնդի դաստիարակության գործին, քան այն, ինչ տեղի է ունեցել, եթե իրոք տեղի է ունեցել, մի քանի տասնյակ տարի առաջ, դեռևս խորհրդային տարիներին:
Այնպես որ, եթե Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Երեմյան Ռուզաննան իսկապես ցանկանում է դրական ազդեցություն ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում, ապա շատ ավելի ազնիվ ու ճիշտ կլիներ, որ նա լռեր ու զբաղվեր իր անմիջական պարտականությամբ: Իսկ եթե որպես մեր հարկերի հաշվին պետությունից աշխատավարձ անձ ստիպված է աջակցել Նիկոլի ազգակործան ծրագրերին, ապա դա անել գոնե լռելյայն: Չնայած չեմ ընկալում այն մանկավարժին, որ կարող է աջակցել ազգակործան որևէ ծրագրի: Ինչևէ, Հայաստանն այն երկիրը չէ, որ ժողովրդավարության անվան ներքո շարժվի դեպի բռնատիրություն, ու գործող իշխանությունն էլ երկար գոյատևի: Դրա համար, բացի արտաքին օժանդակությունից, անհրաժեշտ են նաև ներքին ռեսուրսներ: Բայց այդ գործի առումով ներքին ռեսուրսներ ուղղակի չկան, իսկ արտաքին օժանդակությունն էլ կավարտվի ճիշտ այն պահին, երբ խաղաղության խաչմերուկի անվան ներքո թշնամուն հանձնվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը:
Մնում է, որ տիկին Երեմյանը, որպես մանկավարժ և մտավորական, գիտակցաբար, թե ոչ, կրկնում եմ, չօժանդակի ազգակործան այդ գործին: Ի դեպ, ավելացնեմ, որ 1981-ին կարմիր դիպլոմով եմ ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Ու դրան հասել եմ ոչ թե անգիր անելու, այլ մտածելու և երևույթներն ընկալելու կարողության շնորհիվ: