Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) կառավարիչ դոկտոր Մեհմեթ Օզին ուղղված իրենց նամակում՝ Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանն ու Օսկար Թաթոսյանը կտրականապես մերժել են վերջինիս դիտողությունները, որոնք ընտրողաբար թիրախավորում են ամերիկահայերին։
Հունվարի 28-ի նամակում Համագումարը շեշտել է, որ դոկտոր Օզի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են «հայկական խմբավորումներին» և «մաֆիային», «խորապես մտահոգիչ» են և «անարդարության ծանր զգացում են պատճառում ամերիկահայերին, ովքեր հպարտությամբ ու առանձնակի նվիրումով ծառայել են այս ազգին և իրենց համայնքներին՝ զինվորական ծառայությունից մինչև պետական պաշտոններ, բիզնեսից մինչև բարեգործություն»։
«Եկեք հստակ լինենք. ոչ ոք չի արդարացնում խարդախությունը կամ որևէ հանցավոր վարքագիծ», - հայտարարվում է նամակում։ «Բայց մենք նաև չենք կարող ընդունել ամերիկահայերին՝ որպես ենթադրյալ հանցագործներ ներկայացնելը՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա։ Մենք կտրականապես մերժում ենք այս տեսակի ռասիզմն ու կարծրատիպերը և կոչ ենք անում ձեզ վերանայել այս վիրավորական և պառակտող հայտարարությունները»։