Հասարակություն

Ամենակարեւորը` Դաշնամուրի գործարանի շենքում գործող 88 սուպերմարկետը չի տուժել

Ամենակարեւորը` Դաշնամուրի գործարանի շենքում գործող 88 սուպերմարկետը չի տուժել

Այսօր առավոտյան 10–ին մոտ Չարբախի բնակիչները ցնցվեցին ուժեղ դղրդյունից։ Մարդիկ դուրս թափվելով փողոց` տեսան, որ Շիրակի փողոցում գտնվող արտադրական նշանակության շենքի կենտրոնական հատվածը փլուզվել է։ Այդ շենքը մինչ օրս անվանում են Դաշնամուրի գործարանի շենք, իսկ թաղը՝ Դաշնամուր, թեեւ գործարանը վաղուց չի գործում, եւ դրանից միայն անունն է մնացել։ Դեպքի վայրն արագ լցվեց ոստիկաններով, շտապօգնության մեքենաներով։ Ավելի ուշ ՆԳՆ Փրկարարական ծառայությունը հաղորդեց․«Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը), կա տուժած»։

Մեր տեղեկություններով տուժողը շենքում գործող արտադրամասերից մեկի աշխատողն է եղել, վնասվել է նրա ոտքը։ Հայտնի է նաեւ, որ փլուզման հետեւանքով գազի արտահոսք է եղել, որը փրկարարները կարողացել են դադարեցնել։ 

Դաշնամուրի գործարանի շենքում ներկայում մի շարք ձեռնարկություններ էին գործում՝ հայ –գերմանական կահույքի արտադրամաս, մանկական պարի խմբակ, սուրճի արտադրամաս, ինչպես նաեւ սուպերմարկետ։ Նախկինում այդ սուպերմարկետը պատկանում էր «Սան ֆուդ» ապրանքանիշին, սակայն ամիսներ առաջ «Սան ֆուդը» փակվել էր, եւ դրա փոխարեն գործում է գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարևկետը, որը կապվում է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անվան հետ։ Թեեւ տարածքի բնակչները փլուզման առիթով կատակում էին, թե «Նիկոլի կնիկը կարող ա՞ մնացել է փլատակների տակ», իրականում «88» սուպերմարկետի հատվածը չի տուժել։ Այն ողջ օրը աշխատեց, թեեւ հարակից շենքերի բնակիչները երեկ զգուշանալով, աշխատում էին այլ խանութներում առեւտուր անել։

Ո՞րն է պայթյունի պատճառը։ Ոստիկաններից մեկը, ում ուղղեցինք այդ հարցը, պատասխանեց․ «Հին շենք է, փլվել է, պարզ չի՞ պատճառը»։ Իսկ համացանցում լուրեր տարածվեցին, որ այս տեղում ուզում են բարձրահարկ շենք կառուցել։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրականում այստեղ աշխատող գործարարները գիտեին, որ սա հին շենք է։ «Սուպերմարկետի նախկին տնօրենը՝ Արսենը, իր հատվածը ամրացրեց, կարելի է ասել, զրոյից կառուցեց պատերը, դրա համար էլ սուպերմարկետի մասին բան չեղավ», – ասաց թամաշա անող տեղաբնակներից մեկը։ Մյուսն էլ ուշադրություն դարձրեց, որ գործարանի փլուզված հատվածում չկա ամրացնող կարկաս։ «Սովետի վախտ գողացել են արմատուրեն, քիչ են դրել, բետոնը շատ ա եղել, շենքի մեջտեղը փլվել ա, պարզ չի՞», – նկատեց տղամարդը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image