Սպասվում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կարող է սկսվել աշնանը` սեպտեմբերի կեսերին: Շարժումն այս օրերին ակտիվ մարզային այցեր է իրականացնում, գրեթե ամեն օր մի քաղաքում լինում: Երեկ շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Աբովյանում էին , նախօրեին՝ Հրազդանում: Հրազդանն այն քաղաքն է, որտեղ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը շատ է, թերևս դա է պատճառը, որ Հրազդանում Սրբազանին հետ հանդիպմանը արցախցիների թիվը զգալի է եղել : Անգամ խնդրել են նրան՝ պայքարը չդադարեցնել, չզիջել եւ չնահանջել: «Հրապարակ»-ի հետ զրույցում Արցախից Հրազդան տեղափոխված երիտասարդ վերլուծաբան, քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանն ասաց․
«Սրբազանի այցը Հրազդան շատ սպասված էր իրականում։Մարդիկ ունեին բազմաթիվ մտահոգող հարցեր, որոնց պատասխանը ցանկանում էին ստանալ հենց Սրբազանից։Ներկա էին և մտահոգ հրազդանցիներ և տեղահանությունից հետո այստեղ ապաստան գտած արցախցիներ։ Ու քանի որ Սրբազանի հետ եկել էին նաև ՀՀ-ԱՀ խորհրդարանների առանցքային դերակատարություն ունեցող պատգամավորներ, անմիջական շփման և զրույցների ժամանակ մարդկանց կողմից հնչեցվում էին բազմաթիվ մտահոգող հարցեր»։
Քանի որ գաղտնիք չէ, որ իշխանությունն արցախցիների նկատմամբ այլ վերաբերմունք է դրսևորում, հաճախ ուղղակի կամ անուղղակի ձևով ճնշման ենթարկվում, երբ հարում են շարժմանը, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ինչպիսին էր ներկաների տրամադրվածությունը․
«Ճնշումների մասով կարող եմ ասել, որ եթե մինչև Արցախի ամբողջական կորուստը և դրան հաջորդած արդեն ՀՀ սուվերեն տարածքների կորուստները հրազդանցիները որոշակի ապահովություն էին զգում, որ Կոտայքի մարզը սահմանամերձ չէ, ապա տեղի ունեցածից հետո, երբ ՀՀ տարածքը արդեն ժամերի արագությամբ է փոքրանում, գումարած այն հանգամանքը, որ բազմաթիվ հրազդանցիներ մասնակցում են վարժական հավաքների և արդեն որպես զինվոր են վերադառնում, բնականաբար, սահմանների իրավիճակին տեղեկանալով ՝ մարդիկ սկսում են մտահոգվել սեփական երկրի ապագայով։Ապաստան գտած արցախցիների հետ ամենօրյա շփումներն էլ ավելի հստակ պատկեր են ձևավորում մարդկանց մոտ՝ իրադաձրությունների տրամաբանական հաջորդականության առումով, որովհետև ժամանակին Ստեփանակերտն էլ բացարձակ սահմանամերձ չէր, բայց վերջում հայտնվեց Շուշիի դիպուկահարների և հրետանու թիրախում…»,-ասաց նա՝ նշելով, որ Բագրատ Սրբազանին փոխանցել է իր ծառայակից ընկերների երախտիքի խոսքերն ու խնդրանքը, որ նա երբեք չնահանջի։

