Մշակույթ

Ֆիլմ, առանց որի Նոր Տարի չի լինի

Ֆիլմ, առանց որի Նոր Տարի չի լինի

Նոր տարվա ու սուրբ­ծննդյան արձակուրդները հնարավոր չէ պատկերացնել առանց թեմատիկ ֆիլմերի։ Իսկ մեզ՝ սովետական դարաշրջանը թեկուզ հպանցիկ տեսած մարդկանց համար տոնական օրերը հնարավոր չէ պատկերացնել առանց մեր սիրելի «Բաղնիքդ անուշ կամ՝ Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի։ Այն 1977 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի եւ կարելի է համարել ամենից հայտնի տոնական ֆիլմերից մեկը՝ հետսովետական տարածքում։ Սյուժեի հիմքում Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ կամ մի անգամ Ամանորի գիշերը» պիեսն է, որը գրվել է 1969-ին։

Այն բեմականացվել է մի քանի թատրոններում, իսկ 76 թ. հունվարի 1-ին կայացել է ֆիլմի պրեմիերան Կենտրոնական հեռուստատեսությամբ։ Ժենյա Լուկաշինը դեկտեմբերի 31-ին գնում է բաղնիք՝ ընկերների հետ, երեկոյան գինովցած ընկերները մոռանում են, թե իրենցից ով պետք է տոներին թռչեր Լենինգրադ, ու սխալմամբ ուղարկում են Ժենյային։ Նա տաքսու վարորդին ասում է իր մոսկովյան բնակարանի հասցեն ու հայտնվում ուսուցչուհի Նադյա Շեւելյովայի բնակարանում։ Արդյունքում սեր է ծնվում, որովհետեւ դա ճակատագիր է, քանի որ սովետական շրջանի շենքերն ու բնակարանները նույն հարդարանքն ու կահավորումն ունեին։ Ինչպես սովորաբար լինում է հեքիաթներում, Ժենյան ստիպված է լինում պայքարել Իպոլիտի հետ՝ հանուն սիրո։ Հեքիաթներում միշտ հրաշքի համար տեղ է թողնված, այս ֆիլմում՝ նույնպես։ Սիրո, մարդկային հարաբերությունների, ճակատագրի ու ամանորյա անակնկալների մասին ֆիլմը ժամանակին այնքան սիրվեց, որ ամեն Նոր տարի այն ցուցադրվում էր հեռուստատեսությամբ։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են՝ Անդրեյ Մյագկովը, Բարբարա Բրիլսկան, Յուրի Յակովլեւը, Ալեքսանդր Շիրվինդտը, Գեորգի Բուկովը, Ալեքսանդր Բելյավսկին, Օլգա Նաումենկոն, Լիա Ախեջակովան եւ այլք։

2007-ին նկարահանվել է «Ճակատագրի հեգնանքը․ շարունակություն» կինոնկարը։ Ռեժիսորը Թիմուր Բեկմամբետովն է։ Իսկ 2013-ին Հնդկաստանում նկարահանվել է «Ես սիրում եմ Նոր տարին» անունով ֆիլմ, որի սյուժեն համահունչ է խորհրդային ֆիլմի սցենարին, Մոսկվայի ու Լենինգրադի փոխարեն ուղղակի ամերիկյան քաղաքներ Չիկագոն ու Նյու Յորքն են, սակայն հնդիկ հեղինակները չեն նշել Ռյազանովի ֆիլմի մասին։ Ինչու ենք մենք սիրում այս ֆիլմը։ Միայն խորհրդային ժամանակների նոստալգիան չէ պատճառը։ Այն առաջին հերթին ամանորյա հրաշքի մասին է, իսկ բոլորս՝ անկախ տարիքից, սպասում ենք այդ հրաշքին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image