Քաղաքականություն

Առուն թռեք, հետո կասեք՝ հոպ

Առուն թռեք, հետո կասեք՝ հոպ

ՔՊ-ն ինչ անում է՝ ՔՊ է ստացվում: Նույնիսկ Նիկոլին չեն կարողանում մարդավարի մեծարել: Նիկոլը գնաց, աշխարհի մեծերին խառնեց իրար, դարի միջանցքի մասին հռչակագիր ստորագրեց, ասել է՝ հաղթեց, ու սրանք չեն կարողանում Նիկոլի մասին այնպիսի երգեր գրել, որ մարդ լսի ու չխնդա սրանց անտաղանդության վրա: Ո՛չ բառերն են մի բան, ո՛չ՝ երաժշտությունը: Ինչ ասում ու հայտարարում են՝ «Ուր էլ գնաս, հետդ կգամ» երգի մոտիվն է, այսինքն՝ ՔՊ-ություն: Մեկ էլ կտեսնես՝ Նիկոլին քաջության սիմվոլ են դարձրել… Թե բա՝ նա մի քաջություն դրսեւորեց, որ նախկին նախագահները 30 տարի վախենում էին դրսեւորել… Բա՜, տեսա՞ք, թե ինչպես Նիկոլը չվախեցավ Ռուսաստանից ու ստորագրեց Մեղրին խաղաղության դիմաց Ադրբեջանին ու Թուրքիային հանձնելու հռչակագիրը: Արածներն էլ ինչ է՝ Հայաստանից նոր տարածք ու սահման օտարելը: Մենք այլեւս ստիպված չենք լինի հետեւել, թե ինչպես են թուրքերը զենք ու ահաբեկիչ լցնում Ադրբեջան՝ երրորդ երկրներով: Հիմա այդ պրոցեսը մեր երկրի տարածքով կիրականացվի Մեղրիով կամ, ինչպես ասում են, «Թրամփի կամրջով»: Ամերիկյան ընկերությունը, որ կվերահսկի այդ միջանցքը, հավանաբար, մեզ թույլ կտա հեռվից նայել դրան ու սեփական աչքերով տեսնել, թե իրականում ինչի է ծառայում «Թրամփի կույրաղիքը»: Սա արդեն իսկ ռեալ վտանգ է մեզ համար, բայց տվածուրիկ ՔՊ-ականները դա թողել, հաղթանակի ու հերոսության երգեր են երգում, որ այդկերպ մեծարեն Նիկոլին, նրան դարձնեն Հոռոմի էն իքը:

Ալենն ասել է՝ պատերազմ այլեւս չի լինելու, վերջ, Նիկոլը բոլոր հարցերը լուծեց: Եքա մարդ ես, Ալեն, այդ ինչո՞վ ես մտածում: Դու չգիտե՞ս, որ ցանկացած պայմանագիր խախտելու համար է, այդ թվում՝ եւ խաղաղության պայմանագիրը: Բայց ձեզ նույնիսկ այդ պայմանագիրը չեն տվել, նոր պահանջ են դրել ձեր առջեւ, Մինսկի խմբի լուծարումով վերջնականապես փակել են Արցախի հարցը, գերիներին թողել են Բաքվում, սահմանագծում ու սահմանազատում դեռ չեն ավարտել… Ինչո՞ւ պատերազմ այլեւս չի լինելու, ո՞վ ասաց քեզ այդ մասին: Իսկ ինչքա՞ն ջուր է դեռ հոսելու, մինչեւ Մեղրիի միջանցքը գլուխ գա, քանի՞ տարի է պետք, որ առաջին թուրքական բեռնատարը կամ գնացքն անցնի այդ միջանցքով: Չնեղանաս, Ալեն, բայց պետք է ասեմ, որ դու մաքուր հավի ուղեղ ունես: Այ տղա, գոնե գիտե՞ս, որ Նիկոլը մի թուղթ է ստորագրել, որով հերթական թուրք-ադրբեջանական բիզնես ծրագիրն է իրականացվում՝ շրջանցելով Հայաստանը:

Մեկն էլ կա Ալենի նման, որ թուրքական շրջանակներում հայտնի է որպես Նիկոլի հատուկ բանագնաց: Ռուբինյան է ազգանունը: Տեր Աստված, մի բան էր ասել, որ ոչ մի կերպ հնարավոր չէր հայերեն թարգմանել: Թե բա՝ Մեղրիի միջանցքով Հայաստանը նախեւառաջ ինքն իր հետ է կապ ստեղծում, ապա՝ երրորդ երկրների: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե ինչպես է Հայաստանն ինքն իր հետ կապ ստեղծում:

Հավանաբար, ուզեցել է ասել, որ Թուրքիայի սահմանն ուրոր է՝ բացվելու է, գնացքները Գյումրիից մտնելու են Նախիջեւան, ապա՝ Մեղրի եւ Բաքո՞ւ: Մոռացիր, այ անտաղանդ, պահը բաց եք թողել արդեն: Գնացքը Կարսից գալու է մտնի ուղիղ Նախիջեւան, ապա՝ Մեղրիով գնա Բաքու: Սա է ամբողջը: Դուք պիտի Թրամփից պահանջեիք, որ մեզ էլ Թուրքիայով միջանցք տան դեպի ծով: Չեք արել, խելքներդ չի հասել, չեք համարձակվել, վախեցել եք… Վախեցել եք, որ Թրամփը Նիկոլին Զելենսկու օրը կգցի, որ Նիկոլն այլեւս երբեք չի կարող վերարտադրվել, եթե միջանցքը չտաք:

Ո՞ր մեկի ասածները դնես՝ այսպես քննարկես: Մեկը մյուսից ավելի հիմար մտքեր է հայտնում, մեկը մյուսից ավելի է քծնում Նիկոլին: Բոլորի դատողությունները Ալիեւ-Թրամփ-Նիկոլ լուսանկարից են բխում եւ այդ լուսանկարից այնկողմ չեն անցնում… Տեսա՞ք, որ Ռուսաստանից չվախեցավ Նիկոլը: Ռուսաստանի թեման էլ մի ուրիշ պատմություն է այս էշի հարսանիքի մեջ: Սրանք չգիտեն, ախր, թե Ռուսաստանն ինչ գործիքակազմ ունի՝ իր սահմանների մոտ կարգուկանոն հաստատելու համար: Ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան սրանց համար դաս չեղան: Արա, երկու օրում կփակեն Հայաստանի Հանրապետությունը, չեք էլ հասցնի «վերընտրվել»: Դուք այս քայլով ռուսների «քամակը» բիզ եք մտցրել, իսկ դա ցավոտ է, հավատացնում եմ ձեզ: Ինչո՞ւ ոչինչ չեք գրում, թե ինչ է կատարվում Գյումրիում՝ ինչ են բերում, ինչ են տանում, ով է գալիս, ով է գնում… Ասում են՝ Գյումրի է գալիս-գնում մի բարձրաստիճան ռուս զինվորական, որ, իբր, հետախուզման մեջ է ՀՀ իշխանությունների կողմից: Ինչո՞ւ չեք բռնում: Հռոմի ստատուտը դուք չեք ընդունե՞լ, այ «գյոլումը տռաններ»:

Թե բա` դաս տվինք Ռուսաստանին… Ո՞վ, դո՞ւք… Աստված հեռու տանի, որ ռուսներն այլ ելք չգտնեն՝ այս տարածաշրջանում իրենց ուզած խաղաղությունը հաստատելու համար, ու դիմեն զենքի: Հայաստանի մեծ կտորը «ականջը» կմնա… Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել Մեղրիի միջանցքով:
Բայց այնպես էլ չէ, որ Թրամփ-Ալիեւ-Փաշինյան եռակողմ պակտը միայն վատ բաներ ունի իր մեջ: Լավ բաներ էլ կան: Թրամփը, օրինակ, կարող է Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ՝ խաղաղության պայմանագիրը չստորագրված, Ալիեւը կարող է նորանոր տարածքներ միացնել իր ծաղկուն երկրին եւ փոխել տա Հայաստանի Սահմանադրությունը, Նիկոլն էլ, հո, Թրամփի շնորհիվ հռչակվեց Ալիեւի եղբայր: Դուք այս բաների մասին երգեք, պարոնայք եւ տիկնայք ՔՊ-շնիկներ, սրանք ռեալություններ են, այլապես Նիկոլի քաջությունից ու խելքից եք խոսում՝ ո՛չ նրա քաջությունը, ո՛չ խելքը չտեսած:

ՀԳ. Սովորաբար առուն թռնում են, հետո են ասում՝ հոպ…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image