Այլ

Ալիեւը հրաժարվել է «տանկերով մտնելու» գաղափարից, նա ուզում Է «մեքենաներով մտնել»

Ալիեւը հրաժարվել է «տանկերով մտնելու» գաղափարից, նա ուզում Է «մեքենաներով մտնել»

Ուզած, թե չուզած՝ հայ հանրությունը, այդ թվում՝ մասմեդիան, պետք է տեղեկացված լինի թշնամի երկրի՝ Ադրբեջանի տարածած քարոզչական թեզերի մասին: Արագ փոփոխվող աշխարհում, թերեւս, միակ անփոփոխ ու հաստատուն կանոնն այն է, որ իրազեկ լինել՝ նշանակում է լինել պաշտպանված:
Պաշտպանվածության, անվտանգության, տարածքային ամբողջականության լուրջ սպառնալիքներ ու մարտահրավերներ ունեցող Հայաստանի համար Բաքվի՝ հրապարակ նետված մեղադրանքները ոչ թե սոսկ խոսքեր են, այլ դրանցով կոնկրետ հող են նախապատրաստում՝ «խաղաղություն մուրացող» եւ Ալիեւի (առհասարակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի) սպառնալիքների նկատմամբ ընդամենը վեհերոտ դարձվածքներ արտաբերող մեր իշխանություններին նորանոր պահանջներ պարտադրելու համար:

Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն, իրեն բնորոշ սադրիչ գործելաոճի համաձայն, հայտարարում է, թե «Հայաստանին շարունակում են զինել նրա միջազգային հովանավորները, ինչից օգտվելով՝ հայկական կողմը հետախուզում եւ հարձակումներ է իրականացնում»: Ռազմատենչ երկրի ռազմական գերատեսչությունը նաեւ պնդում է, թե «մտահոգիչ են հայ-ամերիկյան զորավարժությունները՝ միաժամանակ խոստանալով հուժկու հակահարված տալ ցանկացած սադրիչ գործողության»:
Պարզ է, որ սա պարզապես զրպարտանքի, ստի, կեղծիքի ու անհեթեթ մեղադրանքների արշավ չէ: Հայ հանրությունը տեւական մտավախություն ունի, որ Արցախը կորցնելուց (իրականում` փաշինյանական ռեժիմի կողմից հանձնվելուց), սահմանազատման ու սահմանագծման պատրվակով Տավուշի 4 գյուղերը հանձնելուց եւ համանման վերահաս վտանգի հավանականության մտավախությունից հետո Ադրբեջանը կարող է չերկնչել պատերազմական նոր գործողություններ սանձազերծելուց՝ առանց այն էլ հյուծված ու կարեվեր Հայաստանի դեմ:

Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման մասին Երեւանից, Բաքվից եւ միջնորդական ջանքեր գործադրող միջազգային ուժային կենտրոններից պարբերաբար հնչող լավատեսական հաղորդագրությունները չեն կարող քողարկել այն իրական վտանգը, որը սպառնում է մեզ Ալիեւի ու իր ղեկավարած երկրի կողմից: Բայց դա պատերազմի սպառնալիքը չէ։ Պատահական չէր, որ Ապշերոնի փոքր սուլթանն օրերս վերահաստատեց իր հեռահար նկրտումը. «Ես ասել եմ, որ մենք այնտեղ (Հայաստան՝ խմբ.) գնալու ենք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով։ Ես հիմա էլ եմ դա ասում»:

Իսկ «մեքենաներով» Հայաստան գալու համար Բաքուն լուրջ մարտավարություն է մշակել: Նախ, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանը ՀՀ իշխանություններից կորզում է առավելագույնը՝ հընթացս նոր պահանջներ առաջ քաշելով: Նույն Ալիեւը բազմիցս պնդել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է, որ պաշտոնական Երեւանը փոխի Սահմանադրությունը, որտեղ, իբր, «առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»: Բացի այդ, Բաքվի քարոզչամեքենան Հայաստանից պահանջում է փոխել Անկախության հռչակագիրը, որտեղ «հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին»: Զուգահեռաբար, արհեստածին մի կառույց՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ, որն իբր միավորել է նախկինում Հայաստանում ապրսծ ադրբեջանցիներին, շարունակաբար հայտարարում է մեր երկիր, իրենց խոսքով՝ «ադրբեջանական պատմական հողեր այցելելու, վերադառնալու եւ այլ պահանջների մասին»:

Չմոռանանք նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրք-ադրբեջանական հավակնությունը, որը կարմիր թելի պես անցնում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջով: Կարճ ասած, մինչ մենք ահաբեկված եւ գուցե՝ արդարացված կերպով մտահոգվում ենք այն մասին, որ Ադրբեջանը կրկին մեր դեմ գործի է դնելու տանկերը, այդ երկրում բռնել են մեր իշխանությունների վախերն ու խոցելի կողմերը: Ու հասկացել, որ «տանկերով մտնելը» դյուրին չէ, եւ միջազգային հանրության հետ կարող են խնդիրներ առաջանալ, իսկ «մեքենաներով մտնելուն» ոչինչ չի խանգարի, քանի դեռ իշխանության ղեկին պարտված, վախեցած ու ապազգային փաշինյանական խմբակն է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image