Քաղաքականություն

Պատերազմը դադարեցնելու մասին որևէ պայմանավորվածություն չկա. Ուկրաինացի քաղաքագետ 

Պատերազմը դադարեցնելու մասին որևէ պայմանավորվածություն չկա. Ուկրաինացի քաղաքագետ 

«Պայմանագրի վերաբերյալ կարող եմ ասել, որ Թրամփին հատուկ է ագրեսիվ կեցվածքը․ նախ նա բարձրացնում է խաղադրույքները, հետո սկսում է ճնշել և վերջում գալիս է ինչ-որ ընդունելի տարբերակի: Այս կեցվածքը նրան ծանոթ է իր բիզնեսից՝ կառուցապատողների, developer բիզնեսից, որտեղ շատ կեղտոտ և ագրեսիվ ձևով են գործերը վարվում», «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Թրամփ- Զելենսկի հանդիպմանն ասաց ուկրաինացի քաղաքագետ Օլեհ Սահակյանը: 

Սա արվում է դիմացինին հոգեբանորեն ճնշելու համար, որպեսզի վերջինս հրաժարվի մաքսիմում իր պահանջներից և համաձայնվի իրեն առաջարկվող պայմաններին: «Բայց այստեղ խնդիր եղավ։ Զելենսկին մի մարդ է, ով անցել է 80-ականների, 90-ականների ու 2000-ականների իրողություններով, ով հետսովետական, օլիգարխիկ տնտեսության բովերով անցած մարդ է, կարողացել է լեզու գտնել ամենաազդեցիկ ու չենթարկվող օլիգարխների հետ: Եվ ահա, ամերիկյան developer-ների դպրոցը բանակցությունների ժամանակ բախվեց ուկրաինական` ոչ պակաս պինդ դպրոցին: Եւ Ուկրաինան կարողացավ հետ մղել Թրամփի կողմից մեզ նետված մի քանի ուլտիմատումներ: Նախ և առաջ, Թրամփն իսկապես ցանկանում էր Ուկրաինային պարտադրել, որ այն փողերը, որ տրամադրվել են Ուկրաինային՝ պարտք է: Չնայած ամեասկզբում խոսք էր գնում 70 միլիարդի մասին, սակայն Զելենսկին ասաց, որ իրականում 100 միլիարդ է՝ 70 միլիարդը զինամթերքի համար և 30 միլիարդը բյուջեի համար: Եվ 70 միլիարդի մասով միջազգային փորձագետները հարցեր ունեն, թե իրականում այդ գումարից որքա՞նն է մնացել ԱՄՆ-ում, հաշվի առնելով այն հիմնավոր ենթադրությունները, թե իրականում ինչ բարձրացված արժեքով է ԱՄՆ կառավարությունը զենքերը նորի անվան տակ ծախել ինքն իր վրա՝ Ուկրաինային փոխանցելու համար, այն դեպքում, երբ կարծիքներ կան, որ իրականում Ուկրաինային փոխանցված զինամթերքի արժեքը 20 միլիարդ է եղել, այնինչ ԱՄՆ-ում դա գնահատվել է 70 միլիարդ: Այնինչ, Ուկրաինայի հստակ դիրքորոշումն էր, որ ոչ մի պարտավորություն պարտքի մասով չի վերցնելու»,-ասաց Սահակյանը: 

Այն պայմանագիրը, որը ստորագրվում է Զելենսկու և Թրամփի միջև, այդ տեքստում պարտքի մասին որևէ հիշատակում չկա, ոչ էլ պարտքի չափի մասին որևէ հիշատակում: Երկրորդ հանգամանքն այն է, որ Միացյալ Նահանգներն ուզում է 100 տոկոսանոց վերահսկողություն սահմանել այդ ֆոնդի վրա, որպեսզի Ուկրաինայի ընդերքից ստացվող հազվագյուտ միներալներից ու մետաղներից ստացված գումարը հետ ներդնեն Ուկրաինայում: Ու բավականին թեժ բանակցությունների արդյունքում հասան նրան, որ 50-50 մասնաբաժնով է լինելու այդ ֆոնդի վրա վերահսկողությունը և առանց մյուս կողմի համաձայնության` կողմերից որևէ մեկը չի կարող վերահսկման փաթեթը փոխանցել որևէ երրորդ երկրի՝ շեշտեց ուկրաինացի քաղաքագետը: 

Ուկրաինան հրաժարվել է առանց պայմանագրի կետերին ծանոթանալու ստորագրել այն, փոխարենը պահանջել է ու հասել է նրան, որ ուկրաինական կողմի կետերը ներառվել են պայմանագրում: Քաղաքագետը շեշտում է, որ այս պայմանագիրն արտահայտում է, թե ուկրաինական, թե ամերիկյան կողմի շահերը: Թրամփն այս պայմանագրով ստրատեգիական խնդիր է լուծում: «Առաջինը, իր ընտրողների համար սա կարող է ներկայացնել որպես արագ հաղթանակ, որ ի տարբերություն Բայդենի, նա օգնում է Ուկրաինային ու իրենց դրած ամեն մեկ դոլարի փոխարեն երկու դոլար է հետ բերում: Սակայն, Թրամփի գրասենյակում էլ են հասկանում, որ իրավիճակն այնքան հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Նրանք ունեցան փոքրիկ հաջողություն Ռուսաստանի հետ՝ Էր Րիադում կայացած հանդիպումից հետո: Իրականում պատերազմը ավարտելու իրական ոչ մի խոսակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: Բանակցությունները սահմանափակվեցին Ուկրաինայի հետ պայմանագրով, իսկ Ռուսաստանի հետ դեսպանատան բացման մասով, ոչ մի պայմանավորվածություն չկա ու ձեռք չի բերվել պատերազմի դադարեցման մասով»,-ասաց Օլեհ Սահակյանը: Իսկ պայմանագրի հիմնական նպատակն այն է, որ պատերազմից հետո ամերիկյան ընկերությունները ուկրաինական հանածոների նկատմամբ առավել մեծ լիազորություններով մուտք ունենան: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image