Հովիկ Աղազարյանի գործով կասկածյալների շրջանակը գնալով ընդլայնվում է: Օրերս այդ շրջանակում հայտնվեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատելով քննչականի որդեգրած աշխատաոճից՝ շուտով հարցաքննության կկանչվեն նաեւ կասկածյալները, եւ մեր հանրությանն ի ցույց կդրվի նաեւ նրանց հեռախոսների պարունակությունը՝ տվյալ կասկածյալի ինտիմ կյանքից մինչեւ նրանց կողմից պետական գաղտնիքի հանրայնացում: Դե, իսկ քննչականի նոր ղեկավարն էլ հիմնավոր հույս է ներշնչում, որ ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու:
Իսկ մինչ այդ՝ մի փոքրիկ նյուանս: Ես շատ կուզենայի իմանալ, թե ինչու Փաշինյանն աշխատանքից ազատեց Արգիշտի Քյարամյանին: Ասում են՝ մեկ SMS-ով է արել դա, բայց ես չեմ հավատում: Այդ SMS-ը, գրեթե վստահ եմ, հաջորդել է Փաշինյան-Քյարամյան կազմով որեւէ ծանր զրույցի, որի ձայնագրությունն արժեր, որ ունենայինք: ԱԱԾ-ի հոպարները, կարծում եմ, դեռ մեզ կլուսավորեն այդ անչափ հետաքրքիր ձայնագրությամբ, ինչպես մի անգամ արեցին Վանեցյանի ժամանակ: Եվ, ուրեմն, ինչո՞ւ Փաշինյանն աշխատանքից ազատեց Քյարամյանին: Ենթադրում եմ, որ Փաշինյանի ականջին լուրեր էին հասել, որ քննչականում նյութեր են հավաքվել մեծարգո վարչապետի, այսպես ասած, հակասահմանադրական ընթացքների մասին, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Փաշինյանը, իհարկե, կատաղել է դրանից, զանգել կամ իր մոտ է կանչել Քյարամյանին ու ծանր զրույց ունեցել նրա հետ՝ ի մասնավորի հասկացնելով, որ նա չի արդարացնում ՀՀ վարչապետի սպասելիքներն ու վստահությունը: Արգիշտին էլ՝ տաքարյուն տղա, չի դիմացել ու մի քանի խոսք է ասել, թե էս երկրում ինձ այդ տեսակ ռեպլիկ անողը չի ծնվել: Դրանից հետո Փաշինյանն ավելի է կատաղել, մի երկու բաժակ խմել ու հայտնի SMS-ն ուղարկել Քյարամյանին: Այ, սա արդեն ավելի հավանական է: Կարող եք հարցնել՝ բա Սասո՞ւնն ինչ էր արել Փաշինյանին: Ես կարծում եմ, որ Փաշինյանը Սասունին եւ մյուսներին (բացառությամբ Հովիկ Աղազարյանի) SMS է ուղարկել ենթագիտակցորեն: Ուշադրություն դարձրեք Սասունի, Բադասյանի, Վահե Ղազարյանի եւ Կարեն Անդրեասյանի գլխավորած հիմնարկների անվանումներին: Ուրեմն, թե՛ հակակոռուպցիոնում, թե՛ հարկայինում եւ թե՛ ոստիկանությունում ու ԲԴԽ-ում մարդկանց գաղտնալսումն ու գաղտնի ձայնագրումն աշխատանքի ամենաընդունված մեթոդն է, ու հետն էլ՝ ոչ մի երաշխիք չկա, որ նշված անձինք երբեւէ, թեկուզ իրենց անվտանգությունից ելնելով, ձայնագրած չեն լինի անձամբ Փաշինյանին կամ նրա ապօրինություններին առնչվող որեւէ խոսակցություն: Տարբերա՞կ է: Իհարկե, տարբերակ է: Եվ, ուրեմն, Սասունը, Բադասյանը, Վահե Ղազարյանը եւ Կարեն Անդրեասյանը պետք է հեռանային մինչեւ վերեւինի մասին «կրիմինալ» պարունակող ձայնագրության, տեսագրության եւ անգամ հեռախոսազանգերի՝ հանրայնացումից առաջ:
Իսկ ինչո՞ւ Հովիկ Աղազարյանն ընկավ այս ալիքի տակ: Աղազարյանը՝ ո՜ւր, գաղտնի ձայնագրությունը՝ ուր, շպիոնաժը՝ ուր, հակահետախուզությունը՝ ուր, պետական գաղտնիքն ու սարսափելի ինտիմը՝ ուր… Բերել, էդ մարդու ուսերին այսքան բեռ են բարձել, որ ի՞նչ անեն, ո՞վ կհավատա: Հասկացանք, սուտն ինչքան մեծ է լինում, այնքան հեշտ է դրան հավատալը, բայց է՞ս բոյի սուտ: Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ Արգիշտիի հետ կռիվը որեւէ առնչություն չունի «Աղազարյանի գործի» հետ: Դա սարքեց Անդրանիկ Քոչարյանը՝ Նիկոլի հանձնարարությամբ, երբ արդեն տեղի էր ունեցել Փաշինյան-Քյարամյան ձեւաչափով «երկխոսությունը»: Հովիկ Աղազարյանը թող ինձնից չնեղանա, բայց ստիպված եմ ասել՝ Հովիկ ջան, Անդրանիկ Քոչարյանը քեզ վերցրեց ու որպես «քյարփիջ» շպրտեց Արգիշտի Քյարամյանի ուղղությամբ` դու դա չհասկացար, որովհետեւ շատ «քյարփիջ» ես: Ու տես, թե ՔՊ-ում քո այդ «ազնիվ քյարփիջի» կարգավիճակը քեզ ուր հասցրեց: Այսօր նորանկախ Հայաստանի Հանրապետության կենսագրության մեջ թերեւս ամենաաղմկահարույց քրեական սկանդալը կոչվում է քո անունով՝ «Հովիկ Աղազարյանի գործ»: Մեջտեղում ո՛չ Արգիշտի կա, ո՛չ Սասուն, ո՛չ Բադասյան, ո՛չ Կարեն Անդրեասյան, ո՛չ Քոչարյան Անդո, ո՛չ էլ, մանավանդ՝ Փաշինյան Նիկոլ:
Իսկ Հովիկ Աղազարյանին հանցագործ դարձնելու պրոցեսն առաջ է գնում ամբողջ թափով: Հանրությունը պետք է մոռանա ուժային կառույցների հանդեպ Փաշինյանի ունեցած կասկածները եւ դեմքով շրջվի դեպի Հովիկ Աղազարյանի գործը: Այդ նպատակով Փաշինյանը մարտի է նետել իր ընտիր ուժերը՝ կարգադրելով այնպիսի բաներ վերագրել Հովիկ Աղազարյանին, որ մարդիկ նույնիսկ Արցախն ու Արցախի հայաթափումը մոռանան: Բայց մյուս կողմից էլ հայտնի է, թե ինչի են ընդունակ Փաշինյանի այդ «ընտիր ուժերը»: Մի հատ նիհարած խոզ ունեն, որ այս տիպի գործերում բավականին վարժ էր: Բայց նա, կարծես, արանքը ճղել է ու չի ուզում մասնակցել Աղազարյանին «դավաճան հանելու» գործին: Էլի մի քանիսը կան, բայց նրանք էլ իրենց ձեւ են տվել, թե Նիկոլի բյուջեն են քննարկում ու ժամանակ չունեն «Հովիկի գործին» միջամտելու:
Առավել ակտիվներից աչքի է ընկնում Ալեն Սիմոնյանը, բայց նա էլ «Հովիկի գործով» ինչ ասում է, հակառակ էֆեկտն է ունենում: Այդ գործով նրա ամեն մի հայտարարություն մի «չաղլիկ» հաղորդում է հանցագործության մասին: Խոսքը Նիկոլի հանցագործության մասին է: Ահավասիկ, խոսելով Հովիկ Աղազարյանի կողմից գաղտնի համարվող տեղեկությունների արտահոսք իրականացնելու մասին, Սիմոնյանն ասել է. «Վարչապետը գալիս է, մեզ պատմում է, օրինակ, Ալիեւի հետ հանդիպման մանրամասներ, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքն այդ ամեն ինչը տանում է ու հանրայնացնում է, դա նորմա՞լ է»: Գիտեք, չէ՞, վարչապետն ով է:
Եվ, ուրեմն, այդ վարչապետը, ըստ Ալեն Սիմոնյանի, «գալիս է, իրենց պատմում է, օրինակ, Ալիեւի հետ հանդիպման մանրամասներ, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, Հովիկ Աղազարյանն էլ այդ ամենը տանում` հանրայնացնում է»: ԱԺ մեծարգո նախագահ, Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք ասում հիմա: Դուք հենց նոր Փաշինյանի կատարած հանցագործության մասին հաղորդում տվեցիք դատախազությանը, ԱԱԾ-ին, քննչականին, ոստիկանությանը եւ մյուս հնարավոր բոլոր կառույցներին՝ առ այն, որ Փաշինյանի բերանբացության շնորհիվ ողջ ՔՊ-ական գյադայությունը տեղյակ է նրա եւ Ալիեւի հանդիպումների մանրամասներին եւ պետական գաղտնիքներին: Ի՞նչ իրավունքով է Փաշինյանը ձեզ պատմել այդ ամենը, մանավանդ որ մինչ այս ԱԳՆ-ին խստիվ արգելել էր անգամ գաղտնապահության ստորագրություն տալու պայմանով որեւէ բանակցային փաստաթուղթ ցույց տալ ընդդիմադիր պատգամավորներին: Դուք, պարոն Ալեն Սիմոնյան, ձեր ՔՊ-շնիկ խմբով այդ ո՞վ դարձաք, որ ՀՀ վարչապետը գալիս ու տակից-վրից զեկուցում է ձեզ Ալիեւի հետ ունեցած բանակցությունների մասին, եւ ինչպե՞ս է պատահում, որ ձեզ զեկուցում է, իսկ 3 միլիոն վարչապետներին` ոչ: Նիկոլը՝ դեռ ջհանդամ, իսկ ԱԱԾ-ի՞ն ինչու եք փուռը տալիս, պարոն Սիմոնյան: Ասում եք՝ տարուց ավել փնտրել ենք, թե որտեղից են այդ «սլիվները, որոնք վերաբերում են բանակցություններին ու Հայաստանի անվտանգությանը: Իսկ ինչո՞ւ էիք դուք փնտրում «սլիվ անողին» եւ ոչ թե ԱԱԾ-ն, ԱԱԾ-ում քնա՞ծ են, ինչ է, որ մեկ տարուց ավելի «սլիվներ» են արվում, ու անողը չի հայտնաբերվում:
Ալեն Սիմոնյանը, փորձելով պատասխանել հարցին՝ Հովիկ Աղազարյանը միտումնավո՞ր, թե՞ պատահաբար է «սլիվներ» արել, ինքնաբերաբար խոստովանել է նաեւ, որ Փաշինյանի բերանբացությունը կամ պետական գաղտնիքները ՔՊ-շնիկներին փոխանցելու սովորությունը բազմիցս պատճառ է դարձել բանակցությունների դադարեցման եւ հարաբերությունների սրման: Ու մեզ մնում է այդքանից հետո հավատալ, որ Հովիկ Աղազարյանն իսկապես էն մարդն է, որի հարցազրույցներին ուշի-ուշով հետեւում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի, Ճապոնիայի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի գաղտնի ծառայությունները: Բայց կհավատա՞նք:
ՀԳ. Տո այ Հովիկ Աղազարյան ջան, տարել կամոդը դրել ես պոյեզի գծերի վրա… Բա մարդ այս «կայուն-խաղաղ» ժամանակներում պարտիզան-պարտիզան կխաղա՞… Մուրադը, հրեն, կատաղել ա, Արուսի ուշքը գնաց, էս ինչե՞ր ես անում, այ ընգեր…