Անքորիջում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներն ընդհանուր հայտարարի եկան, որ Մեծ Թուրանի նախագիծը չի իրագործվելու, այն, ինչ տեւական ժամանակ առաջ էին մղում Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ նախագծի շահառու այլ երկրներ: Բայց դա դեռ չի նշանակում, թե նախագիծը վերջնականապես դուրս է գալիս օրակարգից, պայքարը դրա իրագործման համար շարունակվելու է: Քանի դեռ Ուկրաինան պատերազմում է «պայքար մինչեւ հաղթական ավարտ» նշանաբանով, նշանակում է՝ Մեծ Թուրանի հարցը փակված չէ, քանի որ պատերազմի ամբողջ իմաստը Ռուսաստանի պարտությունն ու մասնատումն է, առանց որի Մեծ Թուրան հնարավոր չէ կառուցել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ալյասկա գնացել էր СССР գրությամբ վերնաշապիկով: Պատահականությո՞ւն էր` հազիվ թե, ավելի շուտ՝ թափանցիկ ակնարկ այն մասին, թե ինչ հարց է քննարկվելու Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, կամ ինչ առաջարկով է Ռուսաստանի պատվիրակությունը հանդիպում ԱՄՆ պատվիրակության հետ: Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները, նրանց ներկայացուցիչներն իրար հետ ավելի հաճախ են զրուցել եւ հանդիպել, քան որեւէ այլ երկրի ներկայացուցիչների հետ: Այնպիսի տպավորություն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ թշնամի ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հիմա դաշնակիցներ են, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ Ուկրաինան դաշնակցից վերածվել են թշնամիների: ԱՄՆ-ն ուզում է խաղաղություն Ռուսաստանի հետ, մինչդեռ եվրոպական երկրները եւ Ուկրաինան ձգտում են պատերազմի շարունակություն՝ մինչեւ հաղթական ավարտ: Մի՞թե այս փոփոխությունը պայմանավորված է միայն ԱՄՆ-ում առաջին դեմքի փոփոխությամբ, նրա անձնական նախասիրություններով` պուտինասիրությամբ, ինչպես փորձում են ներկայացնել շատերը:
Միացյալ Նահանգների համար Ռուսաստանը կամ նախկին ԽՍՀՄ-ը թշնամի չէ, քանի որ մրցակից չէ, ի դեպ՝ երբեք էլ չի եղել, եղել է ավելի շուտ սպարինգ պարտնյոր, բայց դա այլ թեմա է: ԱՄՆ-ի միակ մրցակիցն ու թշնամին այսօր Չինաստանն է: Միացյալ Նահանգներն այսօր Չինաստանին ոչինչ չունի առաջարկելու`ապրանքների եւ ծառայությունների տեսքով. հետեւանքը նրանց միջեւ առեւտրային հաշվեկշի անընդհատ ավելացումն է: Նախկինում Միացյալ Նահանգները Չինաստանին տալիս էր փող` ներդրումներ եւ միտք` տեխնոլոգիաներ, փոխարենը ստանալով ապրանքներ եւ ծառայություններ: Հիմա Չինաստանը՝ ինքը, բավարար միջոցներ ունի՝ իր երկրի տնտեսության մեջ ներդրումներ անելու համար, տեխնոլոգիապես եւս անկախացել է Միացյալ Նահանգներից, սկսել է ինքը տեխնոլոգիաներ ստեղծել՝ շատ դեպքերում առաջ անցնելով ԱՄՆ-ից: ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Չինաստանին կանգնեցնելն է, նրա դեմն առնելը, բայց ինչպե՞ս:
Չինաստանին կանգնեցնելու երկու աշխարհաքաղաքական նախագիծ կա` մեկը, որ առաջ է մղում Ռուսաստանը, մյուսը՝ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն: Առաջին նախագիծը կարելի է պայմանական անվանել Նոր ԽՍՀՄ, իսկ մյուսը՝ Մեծ Թուրան: Ռուսաստանի առաջարկն այն է, որ եթե նա կրկին իր շուրջ համախմբի նախկին Խորհրդային Միության երկրներին, բացառությամբ, թերեւս, մերձբալթյան եռյակի, գումարած դրան Իրանը, ապա կկարողանա դառնալ տարածաշրջանում Չինաստանին հակակշիռ ուժ եւ կանգնեցնել Չինաստանի էքսպանսիան, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունն էր կանգնեցնում Չինաստանին: Տնտեսագետները հաշվել են, որ որեւէ երկիր կամ երկրների միավորում կարող է տնտեսապես ինքնաբավ լինել եւ ունենալ զարգացման ներքին ռեսուրս, եթե դրա բնակչության թիվը գերազանցում է 300 միլիոնը: Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկում է՝ իրեն թույլ տալ՝ վերականգնել կամ, ավելի ճիշտ՝ վերահսկողություն հաստատել նախկին ԽՍՀՄ տարածքի նկատմամբ, դաշինք ստեղծել Իրանի հետ, որն արդեն ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու անդամ է, եւ կանխել Չինաստանի առաջխաղացումը: Խնդիրն ամենեւին էլ Չինաստանի հետ թշնամանալը չէ, բայց եթե դու փորձում ես պաշտպանել քո ներքին շուկան, փորձում ես ինքնուրույն արտադրել քեզ համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները, դա արդեն հարված է Չինաստանին, որի տնտեսության զարգացման հիմնական լոկոմոտիվն արտահանումն է: Քանի դեռ Ռուսաստանը հանքահումքային պետություն է, արտահանում է հումք եւ ներմուծում ապրանքներ, դա ձեռնտու է առավելապես Չինաստանին:
Բրիտանաեվրոպական առաջարկը վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանի մասնատմանը, Թուրքիայի հիմքի վրա նոր թուրքական կամ թուրանական կայսրության ստեղծմանը, որի ձեւավորման համար կօգտագործվեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի տարածքային, մարդկային եւ տնտեսական ռեսուրսները: Կստեղծվի մի նոր կայսրություն, որը Եվրոպայից կձգվի մինչեւ Չինաստանի սահմաններ եւ որը, թշնամաբար տրամադրված լինելով Չինաստանի նկատմամբ, կդառնա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զենքը՝ ընդդեմ չինական էսպանսիայի: Այս նոր միավորմանը կարող է միանալ նաեւ Ուկրաինան, որը թեեւ թուրքական կամ թուրանական պետություն չէ, բայց դրա տարածքի մի մասը նախկինում եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ այժմ էլ Ուկրաինան Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ մյուս թյուրքալեզու երկրների մերձավոր դաշնակիցն է:
Մինչեւ Թրամփի նախագահությունը, Միացյալ Նահանգները ներդրում էր անում երկրորդ նախագծի վրա՝ համոզված լինելով, որ հենց Մեծ Թուրան նախագիծն է, որ դառնալու է այն արգելապատնեշը, բարիերը, որը կանգնեցնելու է Չինաստանի հետագա տնտեսական առաջխաղացումը, Եվրոպային եւ արեւմտյան քաղաքակրթությունը պաշտպանելու է Չինաստանից եւ չինական տնտեսական ազդեցությունից:
Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո Միացյալ Նահանգները կարծես թե սկսել է քննարկել նաեւ նոր ԽՍՀՄ նախագիծը: Դրա պատճառը ոչ միայն ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանի արձանագրած հաղթանակներն են: Հարցն այն է, որ Ռուսաստանը մասնատելու դեպքում առաջանալու են բազմաթիվ այլ հարակից խնդիրներ, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ-ից մնացած միջուկային մարտագլխիկների տնօրինումն ու սպասարկումը: Չինաստանին հնարավոր է կանգնեցնել ոչ միայն պարզ թշնամությամբ, պետք է լինի նաեւ համարժեք կամ դրան մոտ տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժ: Թուրքիայի առանցքի շուրջ ձեւավորված Մեծ Թուրանը ո՛չ տնտեսապես եւ ո՛չ էլ առավել եւս տեխնոլոգիական առումով չի կարող Չինաստանին մրցակից լինել: Այդ նախագիծը եթե անգամ կայանա, ապա լինելու է դոտացիոն եւ անընդհատ արտաքին ներդրումներ եւ ֆինանսական ներարկումներ է պահանջելու, ինչի հնարավորությունն ԱՄՆ-ն եւ հավաքական Արեւմուտքը ոչ միայն չունեն, այլ նաեւ աննպատակահարմար են համարելու: Ի՞նչ իմաստ ունի ստեղծել մի հսկա հրեշ, որին պետք է անընդհատ կերակրել՝ դրա կյանքը երկարացնելու համար։ Ճիշտ է, թե՛ տնտեսապես, թե՛ տեխնոլոգիական առումով Ռուսաստանը շատ հետ է Չինաստանից, բայց Ռուսաստանի շուրջ ձեւավորվող միավորումը կարող է ինքնաբավ լինել, անհամեմատ ավելի ինքնաբավ, քան Մեծ Թուրանը:
Ի դեպ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկա հակամարտությունը նույնպես այս երկընտրանքի արդյունք է. Ռուսաստանն Ադրբեջանին տեսնում է Նոր ԽՍՀՄ-ի կազմում, մինչդեռ Ադրբեջանն ուզում է դառնալ Մեծ Թուրանի կարեւոր օղակներից մեկը: Կարող է հարց առաջանալ. եթե ԱՄՆ-ն դեմ է Մեծ Թուրանին, ինչո՞ւ, ուրեմն, Ալյասկայի հանդիպումից առաջ Վաշինգտոնում Ալիեւի եւ Փաշինյանի հետ ստորագրեց փաստաթուղթ` Սյունիքով անցնող միջանցքի վարձակալության մասին: Սրա մասին՝ հաջորդ հոդվածում: