Կիրակին որևէ արկած չէր խոստանում: Թխպոտ օր էր, առավոտյան սուրճս խմել, բուսաբանական այգում մի երկու պտույտ տվել, եկել էի տուն: Սևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի սեզոնն էլ հո փակ է: Պետք է թթվեի տանը, մինչև երկուշաբթի: Ու երբ բավականաչափ թթված դեմքով դուրս եկա պատշգամբ, ասես պատվերով՝ մի հատ ճըռռռ ու դըըըըմփ՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի խաչմերուկում: Երկու Opel բախվեցին: Ինքնին դա սովորական իրադարձություն էր այդ կողմերի համար, բայց իրավիճակն իսկույն լարվեց, որովհետև խաչմերուկում տվյալ պահին պարեկային 4 մեքենա կար, 8-10 պարեկ և բոլորն էլ շվիշտոկներով: Հիմա մե իրար են խառնվել, մե վազք, մե շվիշտոկ, ժողովուրդն էլ կամաց կուտակվում էր: Դու մի ասա, պարեկների քառապատկված խմբաքանակի պատճառը Նիկոլն էր, որ հիմա-հիմա Սևանի կողմից մտնելու էր Երևան ու պիտի անցներ նշված խաչմերուկով: Քիչ անց Աճառյան փողոցի քաղաք մտնող երթևեկության 3 գոտին մաքրվեց «կողմնակի» տրանսպորտային միջոցներից և Աղի հանքի կողմից երևաց սև ջիպերի ու հատուկ սարքավորումներով մեքենաների շարասյունը: Նիկոլը գալիս էր: Գալիս էր ուղեկցող ոստիկանական ջիպերի աղմուկ-աղաղակով: Քարացավ նաև հանդիպակաց երթևեկությունը՝ կանգնի, աջ քաշի, կանգնի, չշարժվես… Նիկոլի շարասյունը ստիպված էր շրջանցել վթարված Opel-երը, իսկ դա Opeln-երի և հավաքված մարդկանց համար հղի էր նոր և ավելի լուրջ վտանգներով: Մի խոսքով՝ փորձանքն անցավ, ամեն ինչ հանդարտվեց, ու կիրակիս դարձյալ ընկավ իր միապաղաղ հունի մեջ: Մի մտահոգություն ունեմ միայն՝ ԱԱԾ-ում հանկարծ քրգործ չհարուցե՞ն Opel-ների վարորդների դեմ՝ Նիկոլի ճանապարհին դիտմամբ վթար կազմակերպելու կասկածանքով: Եղած-չեղածը մի SMS չի՞: Որ Աբազյանին հորդորի պարզել, ի՞նչ պիտի անի Աբազյանը…
Աճառյան-Ծարավ աղբյուր խաչմերուկը Երևանի ամենաուրախ խաչմերուկներից մեկն է: Օր չկա, ամառ թե ձմեռ, որ այդ խաչմերուկում որևէ միջոցառում տեղի չունենա: Ասել-խոսել, գոռգոռալ, հորդորել, տուգանել… Իսկ երբ պարեկներն են սկսում նվագել… Դա վերջն է: Բուսաբանական այգու թռչունները, հիմնականում ագռավներ, դադարում են կռռալ: Ամեն պարեկ իր սոլոն է փչում՝ հետն էլ չափ տալիս վարորդներին՝ դու արի, դու կանգնի, դու գազ տուր, դու տոռմուզ տուր… Եթե ժամանակ ունես, կարող ես ոտքդ կախ գցել և նույնիսկ լսել պարեկների մասնագիտական խոսքուզրույցը.
-Արա, ախպեր, էս ի՞նչ ախմախ հերթափոխ է, համ ելք ունեմ, համ մուտք:
-Չէ, իմը լավ ա, էսա ելք եմ անում ու գնամ տուն:
Առաջ ես չէի հասկանում, թե նրանք ինչ նկատի ունեն ելք ու մուտք ասելով: Մտածում էի՝ հանձնում-ընդունում են անում, թե ինչ… Մի անգամ էլ չդիմացա ու հարցրի մի պարեկի.
-Ներողություն, ի՞նչ է նշանակում համ ելք ունեմ, համ մուտք, կամ՝ էսա ելք եմ անում ու գնամ տուն:
Ծիծաղեց.
-Դա մեր ծառայությունն է, ելք անել կամ մուտք անել:
-Հա, բայց ի՞նչն եք ելքումուտք անում…
Լրջացավ.
-Ոչ թե ինչը, այլ ում:
-Եվ ո՞ւմ:
-Վարչապետին: Երբ Քաղաքից դուրս է գալիս, ելք ենք անում, երբ վերադառնում է՝ մուտք:
Ծիծաղելու հերթն ինձ հասավ.
-Ի՞նչ կա ծիծաղելու:
-Առանձնապես ոչինչ: Այսօր ինչ-որ բան սպասվո՞ւմ է՝ ելք, մուտք…
-Չէ, սովորական օր է:
-Դե ձեզ բարի ծառայություն: