Քաղաքականություն

Ռազմական որևէ գործողություն Իրանի դեմ կործանարար է լինելու Հայաստանի համար

Ռազմական որևէ գործողություն Իրանի դեմ կործանարար է լինելու Հայաստանի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի առթիվ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ և այսուհետ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սուվերենությանն ու անկախությանը: Բացի այդ, Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունների համար: Աչքաթող չի արել նաև տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը՝ «խաղաղություն» հաստատելու գործում:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Թրամփի հայտարարությանը, ասաց, որ նման նամակներն ընդամենը արարողակարգային բնույթ են կրում, իհարկե, երկրների միջև փոխհարաբերություններից էլ է շատ բան կախված:

«Այս պարագայում, կարծում եմ, ավելի հետաքրքիր են Իսրայելի հետ կապված Թրամփի շեշտադրումները, քան տարածքային ամբողջականությանն աջակցության հղումը, որը ստանդարտ ձևակերպում է, մշտապես արվել է, սակայն երբեք չի նշվել, թե այդ տարածքային ամբողջականությունը ինչ սահմաններում և ինչ չափով է ընկալվում: եվ պատահական չէ, որ նման նամակներ եղել են անցած տասնամյակների ընթացքում, որոնք որևէ կերպ չեն խոչընդոտել Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հակամարտությանն ուղղված գործընթացին, հստակ նշված է եղել՝ ի թիվս տարածքային ամբողջականության սկզբունքի, նաև ազգային ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման բանաձևը: Իհարկե, իրավիճակը էապես փոխվել է մեր կառավարության ղեկին նստած անձի ազգադավ հայտարարությունների և վարած քաղաքականության արդյունքում, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է Ադրբեջանի ենթակայության ներքո և ամբողջությամբ հայաթափվել է, Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության և այս իրավիճակում նմանատիպ ձևակերպումները որևէ տարբերություն չեն դնում: Եթե քաղաքական զարգացումներն այլ ուղով ընթանան, նրանք համապատասխան շեշտադրումները և փոփոխությունները կանեն իրենց ուղերձներում և հայտարարություններում»,-ասաց Աղաջանյանը:

Թրամփն այսօր մեկ այլ հայտարարություն է արել Իրանի մասով, ասելով, որ անհրաժեշտության պարագայում պատրաստ են Իրանին ուղիղ հարված հասցնել, իսկ Օմանում շաբաթ օրը իրանա-ամերիկյան խորհրդակցությունները բավականին երկարատև գործընթաց են ենթադրում: Իսկ ժամանակ, ինչպես նշել է Թրամփը, իրենք չունեն, քանի որ չեն կարող թույլ տալ Իրանին՝ միջուկային զենք ունենալ: Հարցին, արդյոք Ալիևին ուղղված նամակում Իսրայելի հետ դաշնակցային փոխհարաբերությունների մասին հիշատակումն անուղղակիորեն կապ ունի նաև հետագայում Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիային Ադրբեջանի անմիջական մասնակցության հետ, արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ միանշանակ այո:

«Նա նամակում ուղղակի հղում է արել Իսրայելի հետ հարաբերություններին և դաշնակցային հարաբերություններին, որը տարբերվում է ընդհանրապես իսլամական աշխարհում Իսրայելի հանդեպ եղած վերաբերմունքից, կախված հենց պաղեստինյան խնդրից: Ինչ վերաբերում է Իրանի հետ բանակցային գործընթացին, ես դա ողջունում եմ, չնայած ակնկալիքներ չունեմ, որ դա այս պահի դրությամբ որևէ հաջողություն կգրանցի՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից վերջնագրային լեզվով խոսելու և սեփական կամքը պարտադրելու տոնայնությամբ խնդրին ձեռնամուխ լինելը, որը, բնականաբար, իրանական կողմը չի կարող հանդուրժել»,-շեշտեց Աղաջանյանը:

Դիվանագիտական խողովակներով խնդրի կարգավորումը միշտ գերակա է խնդրի ռազմական լուծումից, թեև Իսրայելը շատ կցանկանար այսօր Միացյալ Նահանգների ներգրավմամբ Իրանի դեմ գործողություններ սանձազերծել, սակայն հիշենք, որ Թրամփն իրեն հռչակել է խաղաղության նախագահ և խոստացել է պատերազմներ չսկսել՝ հիշեցնում է դիվանագետը:

Մեզ մնում է սպասել և հետևել զարգացումներին, որովհետև ցանկացած սրացում, առավել ևս ռազմական որևէ գործողություն Իրանի դեմ՝ կործանարար հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:

«Այդ առումով Ադրբեջանի ներգրավվածությունն այդ գործողություններում, բնականաբար այն հանձնառությունների շրջանակում է, որի համար Արցախը նվիրաբերվեց Ադրբեջանին»,-եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image