«Հրապարակ» օրաթերթի քաղաքական հետապնդումների եւ հալածանքների դեմ պայքարի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ փաստական տվյալներ է ստացել իշխանությունը բռնազավթած անձի մոտ առկա պաթոլոգիկ վախի եւ սարսափի ազդեցության տակ ապօրինի գործողություններ իրականացնելու մասին:
Մասնավորապես, մեր ձեռքի տակ եղած հավաստի տեղեկությունների համաձայն, 2018 թվականին պետական հեղաշրջման միջոցով երկրում սահմանադրական կարգը բռնի եւ հանցագործ մեթոդներով, խմբի կազմում եւ արտասահմանյան հովանավորների աջակցությամբ տապալած անձը, մշտապես վախ ունենալով իր իշխանությունը կորցնելու, դրա կորստի դեպքում իր եւ իր հանցակիցների դեմ քրեական գործերի հարուցման եւ արդար դատաքննության արդյունքում կատարած բազմաթիվ հանցագործությունների համար օրինական պատժի կրման համար, միաժամանակ պարանոյիկ մտասեւեռում ունենալով, որ նույն եղանակով մի օր կարող են իրեն եւս հեռացնել իշխանությունից, օգտագործելով իր ապօրինի հրահանգները դեռեւս հնազանդորեն կատարող պետական մարմինների եւ դրանց աշխատակիցների ծառայամտությունն ու շահամոլությունը, նրանց հրահանգել է կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող գործողություններ:
Այսպես․ «հանցագործ խմբավորման պարագլուխը», որն իրեն նույնացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, նախապես կազմել եւ հրապարակել է, իբրեւ թե, ընդդիմության կողմից ծրագրված պետական հեղաշրջման պլան, որից հետո Քննչական կոմիտեին եւ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է ապօրինի խուզարկություններ իրականացնել իր ապօրինի ռեժիմի դեմ պայքարող անձանց բնակարաններում, պայմանով, որ նրանք այդ խուզարկությունների ընթացքում պետք է հայտնաբերեն ինչ-որ փաստեր, որոնք կապացուցեն, որ այդ անձինք զբաղվել են իր դեմ ահաբեկչության ծրագրավորմամբ կամ առնվազն նման մտադրություն են ունեցել: Մտադրության գոյության փաստը կարող է հաստատվել նաեւ նրանց մտքերը կարդալու եւ վերարտադրելու` Քննչական կոմիտեի աշխատակիցների կարողությունների հրապարակային ցուցադրմամբ, քննիչներին տրվել է մարդկանց մտքերը կարդալու եւ վերարտադրելու լիազորություն:
Իրեն Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ նույնացնող անձն ամբողջ գիշեր գրել եւ խմբագրել է «Քննչական կոմիտեի հայտարարություն» անունով մի փաստաթուղթ, որն առավոտյան ժամը 7-ին հանձնվել է Քննչական կոմիտեի ղեկավարին, որն էլ, մեր ունեցած տեղեկություններով, այն պատճենահանող սարքի միջոցով բազմացրել եւ բաժանել է ՔԿ աշխատակիցներին, իսկ ժամեր հետո այդ փաստաթուղթը տարածել է՝ որպես ՔԿ կողմից պատրաստված պաշտոնական հայտարարություն: Քննչական կոմիտեի աշխատակիցները, իրենց ձեռքի տակ ունենալով վերոնշյալ հայտարարության պատճենահանված տեքստը, փորձել են ամեն ինչ անել՝ դրանում նշված մտացածին ու հորինված շարադրանքին համապատասխանող ինչ-որ ապացույցներ կորզելու համար: Չկարողանալով հասնել իրենց նպատակին՝ նրանք, այնուամենայնիվ, հայտարարել են, որ բացահայտվել է հանցավոր խումբ, որի նպատակն իրեն Հայաստանի վարչապետի հետ նույնականացնող անձի դեմ որոշակի գործողություններ իրականացնելն էր, նրան պայթուցիկ սարքերի օգտագործման միջոցով իշխանությունից հեռացնելը: «Հրապարակ» օրաթերթի քաղաքական հետապնդումների եւ հալածանքների դեմ պայքարի գլխավոր վարչությունը տեղեկություն ունի, որ երկրում կարող է արգելվել ցանկացած պայթուցիկների օգտագործումը, քանի որ ցանկացած պայթյուն կարող է ուղղված լինել երկրում կայունության եւ ապահովության մթնոլորտի խաթարմանը:
Կալանավորումները եւ ռեպրեսիաներն ավելի համոզիչ դարձնելու, մեղադրանքին հիմնավոր տեսք տալու համար Ն. Փ.-ի հրահանգով ՔԿ-ն ստեղծել եւ տարածել է, իբրեւ թե, գաղտնալսումների ձայնագրություններ, որոնցում խոսվում է կամուրջներ եւ ստորգետնյա անցումներ արգելափակելու, տրանսպորտային կոլապս սարքելու մասին: Ապօրինի կալանավորումների համար հիմք ստեղծելու համար հատուկ շեշտվում են անուններ եւ հատկապես ազգանուններ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ն. Փ.-ն սկզբում կազմել է ձերբակալման ենթակա անձանց ցուցակները, եւ հետո միայն ՔԿ-ն դրանց հիման վրա կազմակերպել է ձայնագրությունները:
Քննչական կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ ոստիկանության որոշակի ստորաբաժանումներ, հարակից միջոցառումներ են իրականացրել նաեւ այլ անձանց նկատմամբ, որոնց հիմնական նպատակը եղել է քաղաքական ակտիվիստներ Դ. Թ.-ին, Ղ. Խ.-ին, Բ. Փ.-ին եւ Օ. Ֆ.-ին ահաբեկելը, նրանց ու նրանց ընտանիքի անդամներին վախ եւ սարսափ ներշնչելը:
Արդեն օրվա երկրորդ կեսին Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի եւ ՆԳՆ ղեկավարներն իրեն վարչապետի անձի հետ նույնականացնող անձին զեկուցել են, որ իր հրամանը կատարված է, Հայաստանի տարածքում բացահայտվել են հերթական տասնյակ, հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր ահաբեկչական խմբեր եւ խմբավորումներ, որոնց նպատակը եղել է Ն. Փ.-ի եւ Ա. Հ.-ի պաշտոնազրկումը եւ իշխանազրկումը: Կալանավորվել են մի քանի տասնյակ հազար ահաբեկիչներ, նրանց ընտանիքի անդամներն ու մերձավորները վերցվել են խիստ հսկողության տակ, մանկահասակ երեխաներին զրկել են սնունդ եւ ջուր ընդունելու հնարավորությունից, թոշակառուները զրկվել են թոշակ ստանալու իրավունքից: Իրեն ՀՀ վարչապետի հետ նույնականացնող անձը հանգստացած շունչ է քաշել եւ գոհունակությամբ նշել, որ այս գիշեր կկարողանա հանգիստ քնել: Միեւնույն ժամանակ զգուշացրել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ՝ երկրում լիարժեք կայունություն հաստատելու համար, պետք է շարունակել պահպանել զգոնությունը եւ հետեւողականորեն կանխել բոլոր նման ահաբեկչական դրսեւորումները, անցնել ահաբեկչական թաքնված բջիջների բացահայտմանը եւ չեզոքացմանը, ճիշտ է՝ տասնյակ, հարյուրավոր մարդիկ կալանավորված են, բայց անհամեմատ մեծ թվով մարդիկ դեռ ազատության մեջ են, ինչը պոտենցիալ վտանգ է իր անվտանգության համար:
Քննչական կոմիտեի, ԱԱԾ եւ ՆԳՆ այն աշխատակիցները, ովքեր ահաբեկչական կազմավորումների բացահայտման եւ վնասազերծման ժամանակ աչքի են ընկել առավել ընդգծված դաժանությամբ եւ չափի զգացողության բացակայությամբ, կներկայացվեն պետական պարգեւների եւ կոչումների բարձրացման: