Ես վաղուց եմ ասել, որ ՔՊ-ն պետք է մտածի մշտական հիմունքներով գործող հուղարկավորության հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին: Իսկապես՝ ժամանակն է: Պիտի անպայման մի բան լինի՞, որ խառնվենք իրար… Սկսենք՝ ո՞վ լինի հանձնաժողովի նախագահը, ո՞վ լինի տեղակալը, խոսնակը, ո՞ւմ բերեն, որ հոգեհանգստի ու թաղման ծես կատարի… Բյուջեից հենց այսօր մի կլոր գումար առանձնացրեք, դրեք մի կողմի վրա: Ֆիննախն է, կարծեմ, զբաղվում այդ հարցերով: Դրսից եկող-մեկող կլինի, ամոթով չմնանք՝ կարգին հաց տանք՝ էքնահող ա, 7 ա, քառսունք ա… Ամեն ինչ տեղը տեղին պետք է լինի: ՔՊ-ի պոտենցիալ մեռելներին, ինչ է, չոլի՞ց ենք գտել:
Այս հարցին կրկին անդրադառնալուս պատճառը Նիկոլ Փաշինյանի վերջին օդային արկածներն են, որոնք տեղի ունեցան, կարելի է ասել, Մոսկվայի օդում: Լավ էր՝ չընկավ… Այլապես արեւմտամեռների բերանը փակել չէր լինի՝ հա՜ա՜, Կրեմլի ագենտնե՜ր, Մոսկվայի վասալնե՜ր, մեր վարչապետի գլուխը կերա՜ք, Պուտինը հրեշ ա՜… Հետո կսկսեին զուգահեռներ անցկացնել ՌԴ տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատմության հետ: Մի խոսքով՝ մինչեւ գործը հասներ հուղարկավորության հանձնաժողովին, ՔՊ-ի ռեյտինգը ահագին կբարձրանար: Եվ ես ամենաշատը հենց սրա համար եմ ուրախ, որ Նիկոլի ինքնաթիռը չընկավ:
Ժողովրդի մեջ մի այսպիսի խոսք կա տարածված, ասում է՝ եթե ճակատիդ գրված է, որ ավիավթարից ես զոհվելու, ինքնաթիռ էլ չնստես՝ ինքնաթիռը մի օր կընկնի գլխիդ: Բայց ժողովուրդը չի մանրամասնել, թե հատկապես որ օդային ճամփորդության ժամանակ կարող է վրա հասնել ճակատագրական պահը: Այնպես որ, հուղարկավորության մշտական հանձնաժողովի ձեւավորումը երբեք էլ շուտ չէ: Մարդ ես, մի օր էլ ինքնաթիռը ոչ թե այլ օդանավակայան կուղեւորվի, այլ ընդհանրապես կանհետանա ռադարներից: Դե եկ ու դրանից հետո Արայիկ Հարությունյան գտիր, որ թաղում կազմակերպի: Ու դեռ հարց է՝ Արայիկ Հարությունյանը կկարողանա՞ մի կարգին դամբանական ասել՝ մինչեւ թիվ 1 դագաղը հողը դնելը:
Առհասարակ, պատշաճ կլիներ, որ հուղարկավորության հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարը գլխավորեր, բայց այս հարցում մի դժվարություն կա: Կանանց, սովորաբար, գերեզմանների հանգստյան քարի մոտից ուղարկում են ավտոները նստելու, որ վերջին արարողությանը, փոսի մոտ, ներկա չգտնվեն: Բացի այդ էլ՝ մեկը պետք է, որ ղեկավարի լացող կանանց խումբը՝ բաղկացած դատախազից, ՄԻՊ-ից, արդարադատության եւ ՆԳ նախարարներից:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար Արայիկ Հարությունյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլի ախրանի պետի եւ էլի մի քանիսի թեկնածությանը նույնպես դեմ եմ: Բանն այն է, որ նրանք Նիկոլի հետ հաճախ են ճամփորդում, ու ինչ իմանաս՝ ինքնաթիռում չե՞ն եղել, երբ էդ բանը պատահել է: Հետեւաբար, այդ պաշտոնում պետք է նշանակվի հնարավորինս ռեալ մարդ: Ի՞նչ կարծիքի եք Ռոմանոս Պետրոսյանի մասին, մանավանդ որ այս պահին մշտական աշխատանք էլ չունի: Գնացել՝ ՀԷՑ-ում ժամանակավորապես կապիկություն է անում: Շատ լավ թեկնածու է, ներվերը հանած, ո՛չ Աստծուն է պրիզնատ գալիս, ո՛չ սատանային: Չէ, Քոչարյան Անդոն չի կարող: Նա ինչ գործ սկսում է, կիսատ է թողնում: Սա էդ դեպքը չի, որ մեռելը չթաղած՝ խմելով ընկնենք: Ինձ որ լսեք՝ Ռոմանոս Պետրոսյանից լավ թեկնածու չկա: Մի քիչ չեմուչում կանի՝ բա ես ո՞նց կարամ իմ ձեռով, իմ վարչապետին… Ոչինչ, ես կհամոզեմ:
Պարոնայք օլիգարխներ, ձեզ համար էլ գործ կա: Պարոն Սուքիասյան, տեղի հարցը դուք եք լուծում, տեսեք, որ մուտքին մոտ լինի եւ արեւկող: Պարոն Ալեքսանյան, քելեխը դուք եք կազմակերպում, ինչքան 4-րդ կարգի ալյուր ունեք, այդ օրը նաղդեք հյուրերի վրա, թող գնա: Պարոն Ծառուկյան, իսկ դուք արձանն արդեն պատվիրեք եւ հիշեք՝ պետք է նայի արեւելք:
Այս նախապատրաստական աշխատանքները կատարելուց հետո միայն կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք դիմագրավելու բոլոր եւ նույնիսկ ամենաանկանխատեսելի արհավիրքները: Աշխարհը, ինչպես ասում են, խառն է, եւ ի՞նչ իմանաս, թե մյուս անգամ Մոսկվա գնալիս իրենց ինչպես կպահեն ուկրաինական դրոնները: Էս անգամ, ապրի Պուտինը, բարեհաջող իջեցրեց մեր միակին, բայց հո ամեն անգամ Պուտինի պապը գաթա չի՞ ուտի: Իսկ էն Արամ Զավենիչին էլ ասեք, որ մարդ այդքան անաղուհաց չի լինի: Կանգնել է, թե՝ Պուտինն ո՞վ ա… Թրամփն է ազդել Զելենսկու վրա, որ «հրաշալի տղայի» ինքնաթիռը չխփեն: Լավ, էլի, Արամ Զավենիչ, նոր ենք մեռնելուց պրծել, իսկ դու արդեն քաղաքականացնում ես: