Քաղաքականություն

«Հրապարակ». Վարչապետ կոչեցյալի հերթական կեղծիքը

«Հրապարակ». Վարչապետ կոչեցյալի հերթական կեղծիքը

Կառավարության հերթական նիստից հետո, լրագրողների հետ կարճատեւ հանդիպման ժամանակ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հերթական կեղծիքը մատուցեց հանրությանը: Նրան հարց տվեցին․ «Չի՞ փորձել, արդյոք, խնդիրը հրապարակայնացնելու փոխարեն հանդիպել կաթողիկոսի հետ եւ նրա հետ առանձին քննարկել իր մտահոգությունները»: Արձագանքելով դրան՝ վերջինս հարազատ մնաց իր բնույթին եւ նշեց, որ ինքը հրապարակային գործիչ է եւ երբեք չի դիմում կուլիսային գործելաոճին: Իհարկե, դա սուտ է, ու բազմաթիվ օրինակներ են առկա՝ հակառակն ապացուցող: Առաջինն այն է, որ 2018-ին հայկական «ագորա» խոստացողը դա երբեք կյանքի չկոչեց եւ հասարակությունից գաղտնի ստորագրեց 2020-ի խայտառակ պարտությունն ամրագրող եռակողմ հայտարարությունը: 
Իսկ վերջին բացահայտումը ներկայացվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Մարուքյանի՝ նախորդ օրվա լայվում, որում ասվեց, որ 2019-ին ինքը, որպես ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար, թե՛ վարչապետին եւ թե՛ ԱԳ այն ժամանակվա նախարարին հրավիրել է խմբակցության նիստին՝ պարզելու, թե չկա՞ արդյոք ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկ՝ Մինսկի խմբի կողմից: Դրա անհրաժեշտությունը ծագել էր, քանի որ նոր առաջարկի մասին մամուլում նյութեր էին տարածվել: Երկուսից էլ ստացել է հաստատակամ ժխտական պատասխան: Այնինչ, երեկ բացահայտվեց, որ, այո, նման առաջարկ եղել է: Թե ինչպես է դա համադրվում հրապարակային գործչի կերպարին, երեւի կիմանա միայն վարչապետի աթոռից կառչածը: 

Անցնենք առաջ: Եկեղեցու դեմ իր ծավալած պատերազմի առումով ասում է, թե հարցը պահանջի ժանրից չէ, որպեսզի ինչ-որ մեկը պահանջի Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը: Հարցը, ըստ նրա, ոչ թե ընտրության մեջ է՝ կտա, թե չի տա հրաժարական կաթողիկոսը, այլ՝ այն բանի մեջ, որ պրոցես է սկսվել, եւ Կտրիճը պետք է գնա «ըտեղից»: Այստեղ կանգ առնենք: Ասենք, որ, նախ, պրոցեսն ինքն իրեն չի սկսվել, այլ այն նախաձեռնվել է հենց իր կողմից, ինչի ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ իրավական իրավունքն ինքը չուներ եւ չունի: Դա՝ մեկ, եւ երկրորդ. «ըտեղից Կտրիճ Ներսիսյանի գնալն» իրենից կախված չէ, որովհետեւ ինքը ո՛չ Աստված է (մեղա՜, մեղա՜) եւ ո՛չ էլ նույնիսկ պուճուր Ստալին, որպեսզի իր խոսքն օրենք լինի Վեհափառի համար: Երեւի մեր հոգեւոր հորն ինքը շփոթում է իր ուսապարկերի հետ, որոնք, առանց ձայն հանելու, մեկ sms ստանալով՝ հրաժարական են ներկայացնում:

Լրագրողի դիտարկմանը, թե կաթողիկոսի հետ մասնավոր քննարկման դեպքում հայոց եկեղեցու շուրջ նման աղմուկ չէր բարձրանա, չէր վարկաբեկվի հայոց եկեղեցին, արձագանքն ավելի քան պոպուլիստական էր․ «Մեր երկիրը ժողովրդավարական է, եւ դա առողջացնող աղմուկ է»: Իրականում, ինչպես հայտնի է, մեր երկիրը վաղուց բռնել է բռնապետության ուղին, վկա՝ մի քանի տասնյակ քաղկալանավորների առկայությունը: Իսկ այն, որ գործող իշխանությունը նրանց քաղկալանավոր չի համարում, ոչինչ չի նշանակում: Խորհրդային Միության մեջ եւս, ըստ այն տարիների պաշտոնական հռետորաբանության, քաղկալանավորներ չկային: Բայց իրականությունը ճիշտ հակառակն էր, ինչը բազմիցս վկայել է Արեւմուտքը: Ուրիշ հարց, որ արեւմտյան պետությունների աշխարհաքաղաքական շահերն առաջ տանող վարչապետին այնտեղից չեն ասում, թե աչքիդ վերեւում ունք կա: 

Բայց դա չի նշանակում, չէ՞, որ իրենց արտահայտած կարծիքների համար բանտերում հայտնված անձինք դադարում են լինել քաղկալանավոր: Ճիշտ նույն ձեւով էլ խորհրդային իշխանությունն ինքն իրեն ներկայացնում էր ոչ թե որպես բռնատիրական, այլ համաժողովրդական երկիր: Կարծում եմ, որ 1975 թվականին ծնված Նիկոլը զարմանալիորեն լավ դաս է առել այն իշխանությունից, որն իր պատանի տարիքում արդեն վերացել էր: Իսկ հետո էլ, չգիտես ինչու, բողոքում էր «ԿաԳեԲե»-ից կամ «գլավլիտից»: Ինչ վերաբերում է ազատ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելուն, ապա՝ վա՜յ այդ ընտրություններին: Ի դեպ, սովետի ժամանակ էլ էր պաշտոնապես հայտարարվում, որ իշխանությունը ձեւավորվում է ազատ ընտրությունների միջոցով: Հո չէ՞ր հայտարարվելու, որ մարդիկ նույնիսկ չէին գնում ընտրատեղամաս, ու դպրոցականների միջոցով էին տներից հավաքվում քվեաթերթիկները, որտեղ մեկ թեկնածուի անուն էր լինում հաճախ: Ես, համենայնդեպս, եղել եմ դրա մասնակիցներից մեկը: 

Ի դեպ, որպես Վեհափառի՝ հոգեւոր կյանքից դուրս լինելու մասին վկայություն, Նիկոլի կողմից ներկայացվում է այն, թե դեպի ԱՄՆ ժամեր տեւած իրենց համատեղ թռիչքի ընթացքում ինքը չէր «համարձակվում» (նու տի դայոշ՝ կասեր ռուսը) այդ թեմաների վերաբերյալ խոսակցություն բացել, իսկ կաթողիկոսն էլ չէր բացում: Իսկ եթե այդ հարցին մոտենանք հակառակ կողմից, ապա կստացվի, որ նախկին լրագրողը, որ դարձել է վարչապետ, կաթողիկոսի հետ առաջինը ինքը պետք է սկսեր խոսել այդ թեմատիկայից, եթե, իհարկե, դա իրեն հետաքրքրում էր: Զարմանում եմ, որ այդքան տարի լրագրող լինելով՝ դա չի գիտակցել կամ էլ գիտակցել է, բայց այժմ ամեն ինչ շուռ տված վիճակում է ներկայացնում՝ այնպես, ինչպես հիմա իրեն ձեռնտու է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image