Հասարակություն

Արցախում բենզինի գինը կյանքի գին դարձավ, տեսա այն, ինչ կյանքում չէի ցանկանա տեսել

Արցախում բենզինի գինը կյանքի գին դարձավ, տեսա այն, ինչ կյանքում չէի ցանկանա տեսել

«Ժամացույցի սլաքները պտտվում են հետ...., եղանակի հետ արևը մայր մտավ մեզ համար սեպտեմբերի 25-ին...

Արցախում բենզինի գինը կյանքի գին դարձավ, կրակ թափվեց, հետո անձրևեց մեզ վրա», -Արցախից Հայաստան բռնի տեղահանված Լուսինե Ներսիսյանի հետ hraparak.am-ի զրույցն անակնկալ ստացվեց։ Չնայած չափազանց երիտասարդ տարիքին, կյանքի հարվածները շատ էին։ Ինչպես ինքը` գեղեցկադեմ Լուսինեն է ասում` իր երջանկությունը թիթեռի կյանք ունեցավ։

«Հողը դողում էր ոտքերիս տակ, ի՞նչ էր արդյոք...
Մանվելը գնաց բենզին բերելու, դեռ սպասում ենք, ինձ տրամադրում եմ, որ մնաց Արցախում, ուր որ է գալու է, մեր օրերին խառնի լույս ու հույս, որ շարժվենք առաջ, իրար ուժ տալով, լքենք մեր սրբություն Արցախը։
Ավաղ...

Իվանյանից շարժվեցինք Ստեփանակերտ, բենզինը վերջացել էր, լսեցինք որ բենզալցակայանում բենզին են տալիս, Մանվելն ու տալիս տղան` Գոռը, գնացին, սպասում էինք, եղանակը մեր հոգու պես թախիծ ու տխրություն էր մաղում, դեռ չէին եկել, միայն տեսնում էինք, որ մարդիկ շշերով գալիս են... Սպասում էինք՝ ուր որ է Մանվելն ու Գոռն էլ կգան, ու կշարունակենք, ինչքան, որ չէինք ուզում բռնել մեզ պարտադրված գաղթի ճանապարհը...
Դեռ սպասում էինք, սկսեց ուժեղ անձրև տեղալ, կյանքիս մեջ տեսածս ամենավարար անձրևը, ուժգին որոտ լսվեց, կայծակ, այնքան ուժեղ, որ վախից ականջներս փակել էի...

Ու հանկարծ մեր կողքով վազող երկու տղայի տեսանք, համարյա մերկ, ոտքերը կարմրած, ի՞նչ էր եղել, ի՞նչ...
Երբ դադարեց ժամեր տևած այդ արձրևը, փողոցում մարդկանցից լսեցինք, որ պայթել են Հայկազովի վառելիքի պահեստները...

Մանվելը հեռախոսը թողել էր իմ պայուսակի մեջ, մարտկոցը նստած էր, չգիտեինք ինչ անել, ինչպես գտնել նրանց... Հետո լսեցինք, որ տալիս տղային տարել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոց, ինքը ասել էր, որ Մանվելին բան չի եղել, որ նա պայթյունի տեղից իբր հեռու է եղել, դա մեզ ուժ տվեց, որ գնայինք, ես ու սկեսուրս Ստեփանակերտի հիվանդանոցի բոլոր սենյակներում Մանվելին փնտրեցինք...

Սարսափելի էր այն ամենն, ինչ տեսանք՝ ցավը մեր սրտում ...։Հետո վերակենդանացման բաժանմունք թույլ չտվեցին մտնել, բոլորը դրսում կանգնած սպասում էին, որ անունները կարդան, մենք էլ էինք ուզում լսել՝ Մանվելի անունը կա՞ ցուցակներում , բոլորը փնտրում էին իրենց հարազատին...
Արցախս սգի մեջ էր...

Չգտանք Մանվելին, հետո գնացինք տալիս տղային տեսնելու, երբ մտանք հիվանդանոց, տեսա այն, որ կյանքում չէի ցանկանա տեսնել, Գոռը ահավոր այրվածքներով պառկած, ամբողջ մարմինն այրվել էր, մեզանից կյանք էր խնդրում...
Ես հույս էի տալիս, որ կլավանա, ցավոք, ինքս էլ չէի հավատում իմ խոսքերին....

Հետո, գիշերվա ժամը 2-ը կլիներ, պարզվեց՝ Մանվելը Իվանյանում է, ռուսների բուժկետում, առավոտյան 6-ին մոտ զանգ եկավ, Մանվելն էր, էնտեղ մեկից հեռախոս էր խնդրել, որ իմաց տա մեզ... Մանվելի ձայնից զգացի, որ լավ չի, ասաց՝ լրիվ այրվել են շորերս, մամ, շոր կբերեք, հագնեմ...

Մեր շուրջը քաոս էր, ճանապարհվեցինք Իվանյան, բայց թույլ չտվեցին նրան տեսնել, տեղեկացրին, որ կես ժամ հետո կտեղափոխեն Երևան...
Ստեփանակերտի երկինքը մի ամբողջ օր դղրդում էր ինքնաթիռի ձայներից...

Դեռ բենզին չէինք գտել, կյանքը կանգ էր առել, մենք անզոր էինք՝ Ստեփանակերտից Երևան օգնել նրան, ընկերուհուս էի խնդրում, որ տեղեկություն տա Մանվելից, բայց այն, ինչ ուզում էի լսել, այդպես էլ չլսեցի...
66%-ով այրվել էր Մանվելը, 7 օր պայքարեց, ամաչում էի իմ անզորությունից, որ այդպես էլ չտեսա նրան, կյանքը գլխիվայր շուռ եկավ հոկտեմբերի 3-ին...

Մանվելը այնքան բարի, լուսավոր տեսակ էր, 2015թ. փետրվարի 15-ին կորցրել էր հայրիկին, նույն տարվա դեկտեմբերի 8-ին եղբորը, Մանվելը տան միակ հույսն էր դարձել...

Հիշում եմ, որ պիտի լքեինք մեր սիրուն տունը, նա անընդհատ մտնում էր իր սարքած ջերմոցները, ողջ կյանքում ստեղծածը թողնել, հեռանալը ցավոտ ու դժվար էր...Անտանելի ցավը կուլ տալով, ճանապարհվեցինք...
Դեռ չգիտեինք, որ ընդամենը ժամեր անց մեր ցավին կխառնվի փոթորիկ, որ անդարձ թանկ կորուստներ կավելանան մեր բաց վերքին...»,-անասելի ցավով պատմեց մեր զրուցակիցը։

Հետո ամուսնու կորստյան ծանր վշտին խառնվեց կարոտը։ Ծննդավայր այլևս ոտք չդնելու, հայրենազուրկ լինելու միտքն սկսեց հալումաշ անել։

«Երբ մեծերից լսում էինք Եղեռնի ու հայրենիք կորցնելու մասին, մեր մտքով անգամ չէր անցնում, որ մի օր մենք ևս անցնելու ենք հայրենազրկման դժոխքով: Դու միայն տուն չես կորցնում, մեքենա, ունեցվածք, դու կորցնում ես քո հայրենիքը, այն ամենն, ինչ ունես, մնում է թշնամուն և վերադառնալու հույսը մարում է: Մեր պապերն ու տատերը պատից կախում էին Կարսի, Վանի իրենց տների բանալիները, որ թոռները տեսնեն, մի օր գուցե վերադառնան: Նրանք պատմում էին երկիր դրախտավայրի՝ Արևմտյան Հայաստանի մասին, իսկ մենք ոչ միայն կարող ենք պատմել, այլև կարող ենք ցույց տալ, որովհետև թե յութուբում, թե մեր հեռախոսներում անթիվ տեսագրություններ ունենք մեր կորսված հայրենիքի դրվագներով ու պատկերներով, և դա ավելի ցավոտ է ու անտանելի: Մի բան է պարզապես հիշելը, մեկ այլ բան քո տունը, քո բակը տեսանկարահանված տեսնելը և մտածելը, թե տեսնես ինչի՞ է այժմ վերածվել, ո՞ր թուրք շունն է վայելում քո ունեցածը: Ալիևը միայն Արցախում չէր մեզ տանջում, այժմ ևս նա տանջում է մեզ, քանդելով Արցախի խորհրդանիշ հանդիսացող բոլոր շինությունները, նորանկախ պետականության ժամանակ ստեղծված եկեղեցիները, հուշակոթողները: Նա պղծում է ամեն հայկականը, որպեսզի բարոյապես կոտրի հայ ժողովրդին: Արցախը Սյունիքի թիկունքը պաշտպանող վահանն էր: Որքան շատ զիջես թուրքին, այնքան ավելի դաժան է նա քեզ պատժելու», -նշեց նա:

Բայց որքան էլ տարօրինակ է, զրույցի ընթացքում Լուսինեն ինքն էր մեզ լավատեսություն ու հույս ներշնչում։

«Շատերը ստեղծված իրավիճակից դրդված լքում են Հայաստանը, արտասահման գնում, բայց եթե բոլոր արցախցիները գնան, նշանակում է Արցախն այլևս երբեք հայկական չի լինի: Պիտի մնանք ու պայքարենք, որ մի օր մենք կամ մեր ժառանգները վերադառնան, ես էլ ունեմ այդ նույն խնդիրները, գումարած անձնական կորուստները, բայց հուսադրում եմ ինձ, խնդրում եմ Աստծուն ինձ ուժ տալ, եթե ես հանձնվեմ, թուլանամ, դա կնշանակի, որ թուրքը հաղթեց, որ մենք պարտվեցինք ու անձնատուր եղանք։ Շնորհակալ եմ Հայաստանի իմ ընկերներից, շրջապատից, իմ կողքին են, սատարում են, որ առաջ նայեմ, չթուլանամ։ Փորձելու եմ մնալ այստեղ` հայրենիքում։ Բավ է որքան ցրվեցինք ողջ աշխարհով, ժամանակն է, որ համախմբվենք: Եթե հրեաների նման հայերս կարողանայինք միմյանց պահել ու աջակցել, այսօր Կուրից մինչև Վան Հայաստան կունենայինք: Տեսեք` ինչպես է Իսրայելը պայքարում յուրաքանչյուր հրեայի իր երկիր բերելու համար, ինչ գումարներ է ծախսում նրանց սփյուռքը, որպեսզի իրենց հայրենիքը ավելի բազմամարդ և ուժեղ դառնա: Հայերիս հետ համեմատությունը ուղղակի համարժեք չէ: Բայց չպիտի հուսահատվենք: Մեր ժողովրդին արդեն հազար անգամ մեռած են համարել մեր թշնամիները, բայց մենք փյունիկ թռչունի նման հառնել ենք ու հաղթել: Հաղթել գիտենք, մնում է սովորենք տեր կանգնել մեր հաղթանակներին: Ուզում եմ բարգավաճում մաղթել մեր տառապած ժողովրդին ու թեև ինքս էլ սփոփանքի կարիք ունեմ, բայց ուզում եմ սփոփել ու ասել, որ սա դեռ վերջը չէ, մենք դեռ ոտքի կկանգնենք ու կհաղթենք մեր դարավոր թշնամուն» :Լսում եմ ու մտածում` Լուսինեն հայուհու այն տեսակն է , որ ապրեցրել է ու դեռ ապրեցնելու է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image