Աննա Հակոբյանի գրառումը, որտեղ նա նշում է, որ ավարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, քաղաքական մեսիջ է՝ ուղղված Թուրքիային, որի բովանդակությունը շատ պարզ է՝ «Մենք պատրաստ ենք ընդունել ձեր առաջարկած արդարությունը»։ Սակայն այստեղ անմիջապես ծագում է հարց՝ ովքե՞ր են այդ մենքը։ Էրդողանը շատ լավ գիտի, որ այդ «մենքը» հայ ժողովուրդը չէ, որովհետև որքան էլ Փաշինյան զույգը փորձի ցույց տալ ժողովրդի և իրենց միասնական լինելը, իրականում ժողովուրդը չի կարող կիսել նրանց մոտեցումը։
Էրդողանի գրքում բացահայտ կերպով չկա Հայոց ցեղասպանությունը ժխտող նախադասություն, ամբողջ գրքի ոգին կառուցված է այնպես, որ Թուրքիան ներկայանա որպես բարոյական օրինակ և արդարության ձայն։ Բայց այն բացահայտ հակասում է պատմական ճշմարտությանը, քանի որ նույն Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նույնիսկ պաշտոնական մակարդակով ներկայացնում է որպես «պատերազմական իրադարձություն» կամ «փոխադարձ կոտորած»։
Եվ հենց այստեղ է առաջանում հանրային խոր ցնցումը։ Երբ երկրի առաջին տիկին կոչեցյալը հրապարակայնորեն գրում է, որ կարդացել է Թուրքիայի նախագահի գիրքը, որտեղ վերջինս խոսում է արդարության և «ավելի արդար աշխարհի» մասին։ Հանրությունը դրա մեջ տեսնում է բացարձակ ցինիզմ։ Ինչպե՞ս կարող է արդարությունից խոսել այն մարդը, որի երկիրը հրաժարվում է ընդունել իր գործած ոճիրը։ Բայց հակասությունն ավելի խորն է։ Էրդողանը կարող է դա անել, որովհետև նրա նպատակը հենց դա է՝ իր երկրի միջազգային պատկերը փափկացնելու փորձ։ Սակայն երբ դա անում է Հայաստանի առաջին տիկին կոչեցյալը, նա փաստացի խաղում է հանրության ցավոտ հիշողության հետ։ Հոգեբանական տեսանկյունից սա ընկալվում է որպես ցինիկ և վիրավորական քայլ, որովհետև հայ ժողովրդի գիտակցության մեջ Էրդողանի անունը կապված է ոչ թե արդարության, այլ հենց արդարության ժխտման և անպատժելիության հետ։
Իր գրառմամբ նա վիրավորում է հայ ժողովրդի հիշողությունը, պատմական վիշտը և արդարության սպասումը։ Ստացվում է, որ իր քայլով նա ոչ թե մոտեցնում է ժողովուրդներին, այլ՝ հեռացնում՝ ստեղծելով այն տպավորությունը, թե ինքը փորձում է արդարացնել Թուրքիային կամ գոնե նախապատրաստել հող՝ ցեղասպանության թեման լռության մատնելու համար։
Հոգեբանական առումով սա ցինիկ քայլ է, ցինիզմ՝ առանց սահմանների, քաղաքական առումով՝ վտանգավոր մեսիջ, իսկ բարոյական առումով՝ պատմական հիշողության անարգանք։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Էրդողանի խոսքը «արդարության» մասին դատարկ է։ Արդարությունը գեղեցիկ արտահայտությունների մեջ չէ, այլ՝ ճշմարտության։
Աննա Հակոբյանի այս գրառումը բացահայտեց այն խոր պառակտումը, որը վաղուց գոյություն ունի իշխանական խաղաղասիրական խոսքի և ժողովրդի արդարության պահանջի մեջ։ Մինչ իշխանական միջավայրում փորձում են խոսել խաղաղությունից, ժողովուրդը դեռ ապրում է չբուժված ցավով, որի անունն է ցեղասպանություն։ Եվ քանի դեռ այդ պատմական արդարությունը չի վերականգնվել, խաղաղության մասին խոսելն առանց հիշողության հարգանքի՝ պարզապես ցավի վրա խաղալ է նշանակում։