Քաղաքականություն

Ինչի՞ վրա է տեղափոխվելու հարկման բեռը

Ինչի՞ վրա է տեղափոխվելու հարկման բեռը

«Հարկային օրենսգրքի փոփոխություններ․ հնարավորություններ եւ ռիսկեր տնտեսության համար» թեմայով այսօր հրավիրած քննարկման ժամանակ իրենց տեսակետները ներկայացրեցին ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Հայկ Գեւորգյանը, խոսելով Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, ասաց, որ միկրոբիզնեսի շեմը 24 մլն դրամ դառնալու դեպքում չի հարկվելու, շրջանառության հարկի շեմը պետք է դառնա 115 մլն դրամ եւ եկամտային հարկն է նվազեցվելու։ Դրա փոխարեն, ըստ նրա, բարձրացվելու է ակցիզային հարկը։ Հայկ Գեւորգյանն ասաց, որ ԱԺ-ում թեժ քննարկումներ են ընթանում։ 

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ առարկություններ ունեն խմիչքները որպես ակցիզային ապրանք դիտարկելու հարցում։ 

«Այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն թանկ խմիչքներ օգտագործելու, պետք է ավելի բարձր հարկ վճարեն, իսկ դրա փոխարեն պետք է ցածր հարկ վճարեն  ամենօրյա օգտագործման խմիչքների համար, որոնք երեխաներն են ավելի շատ օգտագործում։ Դա վերաբերում է 100 գրամի մեջ բարձր շաքարայնություն ունեցողներին, այդտեղ մենք ունեինք առարկություններ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

Նա անդրադարձավ նաեւ այն փաստին, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների հարկային բեռը չի իջեցվում, ինչի պատճառով կան արդարացի դժգոհություններ։ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս պահին մինչեւ 150 հազար դրամ ստացողները չեն տուժում, փոխարենը ստվերից դուրս եկան մեծ թվով չգրանցված աշխատողներ։ Նա նկատեց, որ իշխող ուժը պատասխանատվություն է ստանձնել՝ չեզոքացնելու ռիսկերը, սակայն իրենք կողմ են հեղափոխական փոփոխությունների։

Փորձագետ Հովհաննես Ավետիսյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում գրված է մրցակցային առավելությունների սահմանում գործարարների համար։ Սակայն, ըստ նրա, այդ առավելությունները չկան, քանի որ նվազեցվում են եկամտահարկը, շահութահարկը։ Փորձագետն ասաց, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները պարտավոր են ներկայացնել հաշվարկներ եւ գնահատել ազդեցությունը։ Նա հակադարձեց Սերգեյ Բագրատյանին՝ ասելով, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները կտուժեն, քանի որ լինելու է ակցիզային հարկ։

Հայկ Գեւորգյանն էլ հարց ուղղեց՝ կարո՞ղ էիք կռահել, որ հեղափոխությունից հետո գնաճը չի ավելանա։ Հարկային օրենսգրքի վերաբերյալ էլ նա նշեց, որ Հայաստանում փոխվելու է ընդհանրապես հարկման գաղափարախոսությունը։ Ըստ այդմ էլ՝ հարկման բեռը կտեղափոխվի գույքի վրա։ 

Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ ոչ ոք չի կարող գնահատել վաղվա օրը․ եթե պատերազմ սկսվի, ապա բենզինի գները կբարձրանան։ Նրա կարծիքով՝ պետք է փոփոխություններն այնպես անել, որ տնտեսության մեջ ցնցումներ չլինեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image