Շաբաթներ առաջ գրեցինք այն մասին, որ կառավարությունը որոշել է հանրակրթական ուսումնական հաստատությունները վերադարձնել ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը: Այս հարցը քննարկվում է փետրվար-մարտից սկսած:
Տեղեկությունը պաշտոնապես հաստատել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ով, ի պատասխան մեր գրավոր հարցմանը, գրել էր․ «Հայտնում ենք, որ 2024 թվականի մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստում քննարկվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու նպատակահարմարության հարցը: Ներկայում ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություն՝ կատարելով բոլոր լիազոր մարմինների գործառույթների, ինչպես նաեւ դպրոցների կառավարմանն առնչվող իրավակարգավորումների գույքագրում, որի արդյունքում կկատարվի վերլուծություն՝ հաջորդաբար սահմանված կարգով օրենսդրական փոփոխության նախագիծ ներկայացնելու նպատակով»:
Մինչդեռ տարիներ շարունակ կրթության նախարարության ենթակայության տակ են եղել միայն հանրապետության ավագ դպրոցները եւ որոշ հատուկ դպրոցներ։ Հանրակրթական համակարգի կառավարումն իրականացվել է մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ դա արվել է կրթության ոլորտի բարեփոխումների կոնտեքստում, քանի որ աշխարհը գնում է դեպի դպրոցական, բուհական համակարգի ապակենտրոնացում, ինքնավարություն, այլ ոչ թե հակառակը` պետության ձեռքում կենտրոնացում։ Բացի այդ` անցյալում մեծ վարկեր են տրամադրվել Համաշխարհային բանկից` հենց կրթության ոլորտի ապակենտրոնացմանն ուղղված քայլերի համար, կնշանակի՝ այդ վարկերն անիմա՞ստ ենք վերցրել` մեծացնելով պետական պարտքը, եւ ո՞վ է պատասխան տալու պետական միջոցների վատնման համար:
Արդեն լուծարված Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Նորայր Ղուկասյանը նկատում է՝ ինքը մի քանի տասնամյակ որոշում կայացնող պաշտոններ է զբաղեցրել եւ անցել է երկար ճանապարհ՝ ուսուցչից մինչեւ կրթության փոխնախարար, ու հենց այդ փորձառությունից ելնելով` հիմա դժվար է պատկերացնում, թե ինչու եւ ինչպես է իրականացվելու այդ փոփոխությունը․ «Դա շատ դժվար բան է, նշանակում է, որ մարդիկ ընդհանրապես փորձ չունեն եւ չգիտեն՝ ընթացիկ վերահսկողությունն ինչքան ծանր բան է, ու ինչքան մարդ պետք է ներգրավվի այդ աշխատանքներում։ Դեռ 90-ականներին ես դպրոցների գլխավոր վարչության պետ էի, եթե չեմ սխալվում` 20-25 դպրոց կար, ուղիղ նախարարության ենթակայության ներքո, այն ժամանակ լուսավորության նախարարություն էր կոչվում, դրանք հիմնականում գիշերօթիկներ էին, նաեւ՝ տարբեր ֆիզիկական, մտավոր կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոցներ։ Ու այդ մի վարչությունով այդ 20-25 դպրոցի ընթացիկ վերահսկողությունը կազմակերպելը, այն էլ՝ միայն Երեւանում, շատ դժվար բան էր։ Իմ թվարկած դպրոցների մեծ մասը մենք դժվարանում էինք գնալ, ու եթե դրան այսօր գումարենք դիսլոկացիան՝ բաշխվածությունն արդեն Հայաստանի ամբողջ տարածքում, որի ընթացիկ կառավարումը պետք է կազմակերպվի մի կետից, ապա դա ես ուղղակի անհնար եմ համարում, այն էլ՝ ամենօրյա, առօրյա վերահսկողություն իրականացնելու ռեժիմով։ Ու դա ասում եմ իմ փորձից ելնելով, ոչ թե տեսական դատողություն եմ անում։ Իհարկե, կարող է հիմա նաեւ ասեն, թե մենք չէինք կարողանում, բայց այսօր կան մարդիկ, որ կարող են անել»։
Նորայր Ղուկասյանը հիշում է՝ դեռեւս 1998-ին ապակենտրոնացման քաղաքականություն որդեգրեց նախարարությունը՝ միջազգային կառույցների օժանդակությամբ, ավելին՝ նույնիսկ փորձնական կարգով որոշ դպրոցների ղեկավարումներ, այդ թվում՝ տնօրենների նշանակում եւ ազատում, հանձնվեցին համայնքներին․ «Դա փորձնական տրվեց մի քանի դպրոցների, բայց պիտի ասեմ, որ այդ տիպի ապակենտրոնացումն էլ չարդարացրեց, եւ քաղաքապետը, գյուղապետը, որի կառավարմանը հանձնված էր դպրոցը, սկսեց անհարկի միջամտել։ Այսինքն՝ պիլոտը ցույց տվեց, որ հնարավոր չէ այսպես, որովհետեւ որպես «պարգեւ» ստացած իրենց լիազորությունները մարդիկ սկսեցին չարաշահել։ Դա պարտականություն էր, որ իրենք դարձրին իրավունք եւ սկսեցին միջամտել։ Սա է ամենանուրբ հարցը»։
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել այս նոր փոփոխության արդյունքում։ Ն․ Ղուկասյանը դժվարանում է ասել, միաժամանակ հետաքրքրվում է, թե նրանք, ովքեր որոշում են կայացրել, հաշվարկե՞լ են հնարավոր ռիսկերը․ «Ամեն դեպքում, իմ փորձը ցույց է տալիս, որ ընթացիկ կառավարումը մի կետից չափազանց դժվար է, մյուս կողմից՝ օրենսդրությամբ, նախարարության կանոնադրությամբ, նախարարությունը կրթության քաղաքականությունը որոշողն է։ Քաղաքականություն սահմանել եւ մշակել՝ դա ուրիշ գաղափար է, ու այդ առումով մի կետից իրագործելը դժվարանում եմ պատասխանել՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ»։
Ն․ Ղուկասյանին հետաքրքրում է, թե ինչպես է կառավարությունը հանգել այս մտքին՝ աշխարհի որեւէ երկրի փո՞րձն է վերցրել, թե՞ մեր սեփական վելուծություններն են ցույց տվել, որ այդ մոդելն ավելի արդյունավետ կլինի․ «Որեւէ երկրի փորձ վերցվա՞ծ է, թե՞ ոչ, որովհետեւ, ինչքանով ես տեղյակ եմ, կրթության կառավարումն ամբողջ աշխարհում ապակենտրոնացված է։ Քաղաքականություն մշակելը լրիվ ուրիշ բան է, թեպետ այդ քաղաքականությունն էլ տարբեր երկրներում տարբեր է, օրինակ, ԱՄՆ-ում կան նահանգային քաղաքականություն մշակողներ, հիմա մեր երկիրը նահանգ չէ, ու, լավ, ենթադրենք՝ մի կետից կառավարումն իրականացվեց, բայց դրա իրագործումը լրիվ ուրիշ բան է, եւ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան մարդ պետք է մասնակցի դրան»։
Այս փոփոխությունը, ըստ զրուցակցիս, Հայաստանի տարածքային բաժանման հետ էլ է հակասության մեջ մտնում, ավելին՝ այս դեպքում ի՞նչ գործառույթ են իրականացնելու մարզպետարանները, որոնք կառավարության քաղաքականությունը տվյալ մարզում իրականացնող մարմիններն են։ «Իսկ կրթության քաղաքականությունը պետական քաղաքականության մի մասն է, եւ հարց է առաջանում՝ այս դեպքում ինչի՞ համար են մարզպետարանները։ Հիմա ես չգիտեմ՝ խոսքն այս մի դրվագի մասի՞ն է, թե՞ ընդհանրապես պետական կառավարման սկզբունքներն են փոխվում եւ վերանայվում։ Արդեն նշեցի՝ բազմաթիվ դեպքեր կան, որ տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ խոչընդոտում են կրթության քաղաքականության իրագործմանը, բայց դա լրիվ ուրիշ բան է, մարդիկ գուցե մասնագետ չեն, իրենց անելիքը չեն պատկերացնում, բայց այս դեպքում ոչ թե կառավարման համակարգն է մեղավոր, այլ այն մարդիկ, ովքեր դրված են այդ կետերում որպես մարզային կառավարման կրթական մարմիններ»,- ասում է Ղուկասյանն ու ընդգծում կրթական համակարգի փխրուն լինելը, որը պետք է նման կտրուկ քայլերից, ռեֆորմներից հեռու պահել․
«Շատ պատասխանատու քայլ է, կրթության համակարգն էլ մեծ, իներտ համակարգ է, եթե մի փոքր շեղում ես իր հիմնական ուղեգծից, հետո վերադարձնելը շատ դժվար կլինի։ Գուցե դա ապագայում արվի, ոչ հիմա, որովհետեւ դժվարանում եմ հավատալ, որ նման որոշում կընդունվի եւ կիրագործվի, քանի որ բոլոր ժամանակներում դպրոցների մի մասը եղել է մարզային ենթակայության ներքո։ Գուցե մի հատ պիլոտ անեն, հետո տեսնեն, որ չի արդարացնում, հետ կանգնեն, իսկ եթե միանգամից ու ամբողջովին անցնեն դրան, ապա լուրջ փոփոխություններ են լինելու, ստացվում է՝ մարզպետարանի հաստիքները պիտի դո՞ւրս գան։ Այստեղ շատ դետալներ կան, որ պետք է ճշտել, որոնք շատ ավելի կարեւոր են, քան բուն որոշումը։ Օրինակ՝ ինչպես է իրականացվելու ընթացիկ կառավարումը, ամեն օր չես կարողանալու Հայաստանի մոտ 1400 տնօրենի հավաքել մի տեղ ու խորհրդակցել։ Ես հիշում եմ՝ երբ ես էի դպրոցի տնօրեն, համարյա ամեն շաբաթ մենք խորհրդակցություններ ունեինք, հիմա թող ամեն շաբաթ չլինի, ամեն ամիս լինի, միեւնույն է՝ դա պետք է կազմակերպել։ Ինչպե՞ս․ նախարարությունն ունենալո՞ւ է մարզային կառույցներ․․․, սրանք հարցեր են, որ պետք է նախ վերլուծել, աշխարհի փորձն ուսումնասիրել, ապա պիլոտային ծրագիր անել, մինչեւ համընդհանուր ձեւով այն ներդրվի համակարգի վրա»։