Մշակույթ

Խոստովանում էր՝ «ձգձգել» է նկարը, որ Գարեգին Ա-ի ներկայությունը երկար վայելի Գեղանկարիչ Գեորգի Թովմասյանի անհատական ցուցահանդեսը՝ Վանաձորում 

Խոստովանում էր՝ «ձգձգել» է նկարը, որ Գարեգին Ա-ի ներկայությունը երկար վայելի Գեղանկարիչ Գեորգի Թովմասյանի անհատական ցուցահանդեսը՝ Վանաձորում 

Նա արարել է շուրջ 2 հազար գեղանկարչական կտավ՝ բնանկարներ, դիմանկարներ, եկեղեցիներ, նատյուրմորտներ, որոնք պահպանվում ու ցուցադրվում են նախկին ԽՍՀՄ երկրների թանգարաններում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, «Մաշտոց» ՀԿ գեղարվեստի ցուցասրահում, Հայ առաքելական եկեղեցու թեմերում, արտերկրի մասնավոր հավաքածուներում։ Նա Վանաձորի պետական համալսարանի արվեստի ամբիոնի հիմնադիրն էր եւ մինչեւ կյանքի վերջը՝ նրա վարիչը։ Հեղինակել է «Գեղանկար» բուհական ուսումնական ձեռնարկը եւ անթիվ գիտամանկավարժական ու արվեստաբանական հոդվածներ։ Անհատական ցուցահանդեսներով հանրությանը ներկայացել է 16 անգամ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում։ 

Նրա արվեստի մասին լույս են տեսել բուկլետներ, ալբոմներ, կատալոգներ, կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գրքեր ու ժողովածուներ։ Նրան է նվիրված նաեւ լոռեցի հայտնի գրող Վալտեր Թորոսյանի «Գույների սիմֆոնիա» վիպակը։ Նրա ստացած մրցանակների, ոսկե հուշամեդալների, պարգեւատրումների, շնորհակալագրերի ու պատվոգրերի ցանկը 100-ից ավելի է։ Նա նաեւ շենշող մարդ էր՝ բարի, անաչառ ու խոսքաշատ։ Ընկերական հավաքներում «երդվյալ թամադա» էր, կենացները համեմում էր սեփական բանաստեղծական տողերով. «Ես ջահել չեմ՝ տարիքս վկա, Ու սիրտս թեեւ առաջվանը չէ, բայց երբ տեսնում եմ մի նոր աղջկա, հալվում, մաշվում եմ առաջվա նման…»: 

Նա Հայաստանի վաստակաշատ գեղանկարիչ, արվեստի տեսաբան, պրոֆեսոր Գեորգի Թովմասյանն էր, որ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում օրերս հնարավորություն ունեցավ 17-րդ անգամ ներկայանալ հանրությանն իր վառվռուն կտավներով, այս անգամ՝ հետմահու։ Լրացել է Մաեստրոյի ծննդյան 90-ամյակը։ Պատկերասրահի առաջին հարկի սրահում ասեղ գցելու տեղ չկար։ Եկել էին նրա արվեստի երկրպագուները։ Գեղանկարչի կենսագրությունը ներկայացրեց դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը։ Ելույթներում ընդգծեցին նրա մարդկայնությունը, անսպառ եռանդն ու աշխատասիրությունը, թեմաների բազմաբովանդակությունը, մարդու ներաշխարհ թափանցելու զարմանալի կարողությունը, լավատեսությունն ու աշխարհի գույների յուրօրինակ ընկալումը։

Մտքիցս երբեք չի գնա. Մաեստրոն  առանձնակի հիշողություններ ուներ Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ հանդիպումներից։ Նա հրավիրվել էր Սուրբ Էջմիածին՝ կաթողիկոսին կտավի վրա պատկերելու։ Նկարելու ընթացքում երկար զրուցել էին, եւ ասում էր, որ այդ օրերն իր կյանքի լավագույն պահերն են եղել։ Խոստովանում էր՝ խորամանկ ժպիտով, որ երեք օր «ձգձգել» է՝ նկարն ուշ ավարտելու համար, որպեսզի Մեծ անհատականության ներկայությունը հնարավորինս երկար վայելի։ Մինչդեռ կաթողիկոսը ծանր ու պատասխանատու առաքելություն էր ստանձնել՝ նա վերափոխում էր թեմական կառուցվածքը՝ Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու համար։ Նրա հոգածությամբ հայաստանյան նախկին չորս թեմի փոխարեն ստեղծվեց ութ թեմ, հիմնվեցին նաեւ Ուկրաինայի եւ Հարավային Ռուսաստանի թեմերը։ Նա միաժամանակ հոգեւոր, վարչական ու կազմակերպչական մեծածավալ աշխատանք էր իրականացնում՝ ամրապնդելով Եկեղեցու ներկայությունն ու գործունեությունը։ Գեղանկարիչը հպարտությամբ էր ասում. «Այդ նկարն իմ լավագույն ստեղծագործությունն է, Վեհափառն էլ… դա գիտեր»։

Կյանքի վերջին ամիսներին անկողնուն գամված էր։ Այցելում էինք, դարձյալ ու դարձյալ հարցնում կաթողիկոսի դիմանկարի արարման պատմությունը։ Նա ոգեւորվում էր, դեմքը փայլում էր, հիվանդությունը կարծես ժամանակավորապես հեռանում էր նրանից։ Հենց դրա համար էլ այդ օրերի մասին էինք հարցնում: 

Ցուցահանդեսին ներկայացված է գեղանկարչի 32 ստեղծագործություն, որոնցից 4-ը՝ նրա նվերները, պահվում են թանգարանի հավաքածուում։ Նախաձեռնությունը դստեր՝ Արմինեի, եւ նրա զավակների՝ Սեւակի ու Մենուայի (վերջինս ստեղծել է «Գեորգի Թովմասյան» հիմնադրամը), ինչպես նաեւ՝ թանգարանի հանրույթի ջանքերի արդյունքն էր։ Լոռին հերթական անգամ մեծարեց իր մեծին։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image