2020 եւ 2023 թվականների պատերազմներից հետո մտավորականների մի քանի շարժում ձեւավորվեց, որոնցից ամենամեծն ու մասշտաբայինը 2020-ից հետո ձեւավորված «Ձայն հայրենյաց» շարժումն էր: Վերջերս նույնպես հանրային դաշտում մի նոր շարժում ձեւավորվեց` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնությունը՝ գլխավորությամբ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի: Մեկ այլ անհաջող փորձ էր օրեր առաջ արցախցի արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի նախաձեռնած հավաքը Թեքեյան կենտրոնում, որին շատ քիչ մարդ էր արձագանքել, իսկ համախմբվելու կոչերն ավարտվեցին ծեծկռտուքով ու հայհոյանքով:
Ինչո՞ւ մտավորականների շարժումները չեն կայանում մեր իրականությունում, ո՞րն է խնդիրը․ հարցին պատասխանելով, «Ձայն հայրենյաց» շարժման ակտիվ անդամ, վավերագրող, ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանը նախ նկատում է` ամեն նոր նախաձեռնություն, որտեղ խմբվում են մեր հոգսերով ու ցավերով մտահոգված մարդիկ, ողջունելի է, բայց մյուս կողմից էլ, ըստ նրա, այս տարերային գործունեությունը ոչինչ չի տալու: Ինչո՞ւ։ «Որովհետեւ դրանք փոքրիկ խմբեր են՝ այս ահռելի աշխարհի ստոր քաղաքական դաշտում, եւ միայն բռունցքը կարող է մի բան անել եւ ոչ թե փոքրիկ խայթոցները: Իսկ թե ինչու է Հայաստանում տարերային այդ ամենը, որ իսկապես չի կայանում հայ մտավորականների միաբանություն, որն առաջնորդող ուժ կարող է հանդիսանալ, դժվար է ասել: Մինչդեռ, երբ պայթեց արցախյան շարժումը, մտավորականությունն էր առաջին շարքում. անեղծ, նվիրյալ մարդիկ, որոնք վճռական դերակատարում ունեցան արցախյան պատերազմում` տարբեր իմաստներով: Չեմ ուզում թվարկել բոլոր այն պոետներին, նկարիչներին, կոմպոզիտորներին, որոնցից շատերին ճանաչել եմ ու, դժբախտաբար, նաեւ նրանցից մի քանիսի թաղմանն եմ մասնակցել։ Այդ մարդիկ ամեն բան` իրենց գրիչը, վրձինը, դաշնամուրը, մի կողմ թողեցին ու գնացին առաջին գիծ եւ զոհվեցին: Ինչու եմ սա ասում, որովհետեւ մտավորական ասվածը բառ չէ, այլ՝ կոչում, տեսակ, շարժիչ ուժ, դա այն բալասանն է, որ ժողովրդի վերքերի վրա քսում ես, քանի որ ժողովուրդն իր հայրենիքի համար տալիս է ընտրյալներ` նկարիչներ, գիտնականներ, ու ինքը գնում է իր հանդը վարելու` վստահելով մտավորականին ու իշխանավորին երկրի բախտը,- ասում է Ս. Թադեւոսյանն ու նեղսրտում, որ ժողովրդին այս վերջին տարիներին ինչ բառերով ասես, որ չկոչեցին։- Է՛լ ժեխ, ամբոխ, գոյանք.... բայց այդպես ասող բոլորն էլ սխալված են, որովհետեւ շարժառիթը սա է` մեղքը գցել ժողովրդի վրա»:
Այդուհանդերձ, ժողովուրդն ունի պատասխանատվության իր բաժինը. «Ճիշտ է, Փաշինյանն է ստորագրել, բայց, ի վերջո, Արցախը մենք տվեցինք, մենք մսխեցինք Արցախի հարստությունը՝ պարծենալով, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք, զուգահեռաբար՝ բարձրաստիճան զինվորականներից մինչեւ չգիտեմ ովքեր մսխեցին, թալանեցին այդ երկիրը, առանց մտածելու, որ աշխարհում պատերազմը երբեք չի դադարում, եւ «խաղաղություն» կոչվող այդ միջանկյալ օրորոցները որ կան, դրանք նոր պատերազմի մասին գուժող միջոցներ են: Հիմա մենք անընդհատ պարծենում ենք, որ խելացի, տաղանդավոր ժողովուրդ ենք, ինչն այդպես էլ կա, բայց արի ու տես, որ մի ամենակարեւոր հարցում չենք գալիս ներդաշնակ վճռի` չենք միաբանվում»:
Միաբանվելու լավագույն օրինակը, թերեւս, ցույց տվեց հենց «Ձայն հայրենյաց» շարժումը, երբ 2020-ի պատերազմից հետո մոտ 500 մտավորականի համախմբեց, որոշակի գործունեություն ծավալեց, այդ թվում` մարզեր գնալով ու հանդիպումներ ունենալով, ինչո՞ւ հիմա այդ ամենը չի շարունակվում։ «Համեստ ձեւերի մեջ կա..., «Ձայն հայրենյաց»-ի շուրջ հավաքվել էին նվիրյալներ, եւ 3-րդ հավաքին արդեն 400 մտավորական կար. երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ, պոետներ, ռեժիսորներ, եւ, այո, մենք որոշակի ակտիվ գործունեություն ծավալեցինք` գալու համահայկական համախմբման, Վանաձորում եւ Գյումրիում երկուական հանդիպումներ ունեցանք, ու մարդիկ խանդավառվել էին, որովհետեւ բոլորն իրենց եսասիրությունը, սեփական շահը փնտրելը մի կողմ էին դրել, մի բան, ինչով այս կուսակցությունները զբաղված են: Ի դեպ, այդ ընթացքում մենք հանդիպեցինք Հանրապետական, Դաշնակցություն կուսակցությունների հետ, նաեւ ԱԺ-ում` պատգամավորների հետ, միայն մի մերժում ստացանք ՔՊ-ից..., այսինքն՝ բազմաբնույթ փորձեր էինք անում՝ երկխոսելու եզրեր գտնելու, ներդաշնակելու քաղաքական եւ մտավոր դաշտը ու բերելու առաջնային պլան, բայց ինչ-որ պահից այդ ամենը գնաց ու անպտուղ մի պատի դեմ առավ: Իսկ ցանկացած բան եթե չի գեներացվում, չի փաղաքշվում, դատապարտված է քայքայման»:
Այսինքն՝ համախմբվելու ջանքերը, երկխոսելու փորձերը տապալվեցին իշխանության եւ մտավորականության միջեւ։ «Այո..., բայց մենք մեր մեջ, մինչեւ վերջ մնացինք ներդաշնակ, եւ բոլոր տեսակի հարցերը մեր միջեւ գոնե մի անգամ վեճով չավարտվեցին, այսինքն՝ մենք ոչ թե մեր մեջ քայքայվեցինք, այլ այն «պատը», որ կար, եւ որն ուզում էինք բերել բարոյական, ակտիվ կենսագործունեության դաշտ, չկայացավ, որովհետեւ դա հին հայկական հիվանդություն է եւ, ցավոք, մի երկու անգամ է բուժման ենթարկվել, այն էլ, եթե երկրի գլխին կանգնած է եղել Արամ Մանուկյանի նման տղա վարչապետ: Այսինքն՝ եթե չեղավ բարոյական դիկտատուրա, ճառերով, հորդորներով հնարավոր չէ այդ մարդկանց բերել մի բարոյական կենսագործունեության դաշտ: Մինչդեռ բոլոր նորմալ երկրներն այդ ճանապարհով են անցնում իրենց պետության կայացման ճանապարհը: Իսկ մեր երկրում հիմա ինչ է կատարվում` պիղծ, հակահայկական իրադարձություններ, որոնց հարցերը, բոլորին է հայտնի, թե ինչպես պետք է լուծվեն: Պետություն կայացնելու բոլոր ճանապարհները վաղուց ճշտված են եւ պարզ, անգամ Հայոց ցեղասպանությունից 3 տարի անց պետություն կայացրինք: Հիմա, «Ձայն հայրենյացը»՝ չասեմ ձախողվեց, բայց դադարեցրեց կամ այլեւս ուժ չգտավ՝ շարունակելու այդ ամենը, որտեղ ամեն մեկն իր բարիկադն ուներ ու ամեն քաղաքական թեւ իր շահն էր հետապնդում»,- նշում է զրուցակիցս ու օրինակ բերում Գյումրու ՏԻՄ ընտրությունները, որի ամփոփումից 5 օր անց ժողովուրդը դեռ սպասում է, թե ինչպես է այն հանգուցալուծվելու:
«Այն, ինչ կատարվեց Գյումրիում, դա գյումրեցու, հայ ազնիվ մարդու արդար կամքն էր, երբ փորձ արվեց թոթափել ՔՊ-ի ներկայությունն ու լուծը: Հիմա այդ տղան` Մարտունը, կամ իր տերերը չեն կողմնորոշվում՝ ինչ անեն: Ես մեծ մտավախություն ունեմ, որ կլինի դավադրություն, մինչդեռ բավական է՝ Մարտունը միանա ընդդիմությանը, եւ ՔՊ-ն վերջնականապես դադարեցնում է իր գործունեությունը Գյումրիում: 5 օր է՝ սգավորի պես գնացել մտել է մի խուց ու ձայն չի հանում, բայց մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում, Հանրապետականն իր շահն է հետապնդում, կոմունիստները` իրենց շահը, ու նաեւ ինչ-որ անձնական թշնամանք էլ կա.... բայց այն, որ Գյումրու վերջնական հաղթանակը կարող է վճռական, բարոյահոգեբանական լավ ազդեցություն ունենալ, փաստ է, որպեսզի հետո էլ այդ լավ «վարակը» հերթով գա մտնի նաեւ Երեւան, ու մարդիկ հասկանան, որ պետք է թոթափել այս ձախողումը: Սա առաջին ազդակը կարող է դառնալ» (հարցազրույցից անմիջապես հետո Մարտուն Գրիգորյանը հայտարարություն արեց` նշելով, որ կաջակցի Վարդան Ղուկասյանի ընտրությանը` Ս. Ա.):
Ս. Թադեւոսյանը ցավով արձանագրում է, որ եթե այս ամենից հետո մարդիկ չեն գալիս եզրահանգումների, ուրեմն ուրիշ բան պետք է մտածել. «Եթե 10 տարբերակով գործում ես ու 11-ին նորից նույն սխալն ես անում, այդտեղ արմատական վիրահատության կարիք կա, ռադիկալ լուծումներ են պետք, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը: Մենք անընդհատ մեղքը գցում ենք թուրքի, ռուսի, Իսրայելի, արաբ վարձկանների վրա, բայց արի ու տես, որ մեղքը մեր մեջ է, եղբայր, աշխարհը գզվռտոցի մեջ է, մենք մեր հեշտ ճկվող քրիստոնեական խաչը վերցրել ենք ու նույն հիմար, դալուկ դեմքով ասում ենք` աշխարհն անարդար է… է՜, դու էլ եղիր անարդար: Եթե մտել ես «գժանոց», պիտի լինես առաջին գիժը, եթե, իհարկե, ուզում ես տեսակդ պաշտպանել: Հիմա եկեք որոշենք՝ մեզ պե՞տք է հայրենիք, թե՞ պետք չէ, ես ասում եմ` միանշանակ պետք է, ու հայրենիքը պաշտպանելու համար բոլոր միջոցներն արդարացված են: Այս երկրում բազմաթիվ նվիրյալ, խելացի մարդիկ կան, բայց որպեսզի այդ նվիրյալ մարդը գա առաջին պլան, շատ հարյուրավոր մարդիկ կան, որոնք չեն թողնում: Ինչո՞ւ, որովհետեւ հիվանդ են, ինքնասիրահարված, ահա՝ այստեղից է սկսվում մեր ողբերգության սկիզբը, ընթացքը, ավարտը: Այս ամենով հանդերձ, ես ասում եմ, որ ելք կա, անկասկած, կա, եւ հույս ունեմ, որ Չարչյանի այս նոր նախաձեռնությունն այլ ճանապարհներ կգտնի, ավելի ճկուն կգտնվի, քան մինչ օրս եղած բոլոր շարժումները, որպեսզի իր գործունեությունը փոքր-ինչ օգտակար լինի մեր այս ընդհանուր ցավին»: