Վերջին տարիներին ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, տարբեր ժամանակահատվածներում տարբեր ինտենսիվությամբ ուրանում են հայ ժողովրդի սրբությունները՝ Արարատ լեռը, Արցախյան գոյամարտը, Արցախը, ցեղասպանության ճանաչման պայքարի կարեւորությունը եւ այլն: Նիկոլ Փաշինյանից հետո ուրացման շքերթում ամենաակտիվներից մեկն Անդրանիկ Քոչարյանն էր, որը դեռ տարիներ առաջ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության իրողությունը` հարց հնչեցնելով, թե արդյո՞ք որեւէ տեղ կան ցեղասպանության ընթացքում զոհված մարդկանց/հայերի ցուցակները։ Այս սահմռկեցուցիչ հարցն այն ժամանակ շատերիս ցնցեց, մենք՝ հայ հասարակությունը, որ այս տարիներին շատ հակահայկական խոսույթ է տեսել ու լսել փաշինյանական իշխանությունից, կարծում էր, թե գոնե ցեղասպանության մասով նման բան չէր լսի, բայց․․․․
Առանձնահատուկ ցավալի է այն, որ նման խոսույթ կարող են հնչեցնել լավ կրթություն ստացած, պատմությանը ծանոթ, որեւէ ոլորտում կայացած մասնագետ ՔՊ-ականները, անգամ նախկինում` «մինչհեղափոխական» Հայաստանում լուրջ պաշտոններ զբաղեցրած մարդիկ, ինչպիսին է, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը։ Մի բան է, երբ անհեթեթ, հակահայկական խոսույթ ես լսում «սեՊտեմբեր»-ին «սեԿտեմբեր» ասող ՔՊ-ական պատգամավորից կամ լուրջ դեմքով «իմ կենսագրության մեջ սեր կա» ասող ՔՊ-ականից, լրիվ այլ բան է, երբ դա հնչում է թվացյալ խելացի, ճանապարհ անցած պաշտոնյայից ու պատգամավորից։
Ուրացման ենթակա արժեքների ցուցակը երկար է, այսօր ուզում ենք անդրադառնալ ամենաանթույլատրելի մեկին՝ ցեղասպանության ուրացմանը։ Ձեռքիս տակ է հայտնվել տարիներ առաջ՝ «մինչհեղափոխական» Հայաստանում հրատարակված եռահատոր մի ժողովածու` ցեղասպանությունը վերապրածների վկայությունների մասին («Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան Թուրքիայում, վերապրածների վկայություններ»), որի նախաբանը գրել է, ոչ ավել, ոչ պակաս՝ ՔՊ-ական իրավաբան, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա, օրինակ, գրել է, որ նման ժողովածուներն իրավական առումով անգնահատելի նշանակություն ունեն։ Այս տողերը գրելուց 10-12 տարի անց Վարդանյանը դարձել է մի թիմի անդամ, որոնք լռության են մատնում ցեղասպանության փաստը, ասում են` ցեղասպանության ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ, ասում են` անցյալի ողբերգական էջը պետք է թերթել ու մոռանալ, եւ ցեղասպանության զոհերի ցուցակներ են պահանջում, որպես ապացույց այն բանի, որ ցեղասպանություն եղել է։
2010-ականներին հրատարակված այս գրքի առաջաբանը, որի հեղինակը ՔՊ անդամ Վլադիմիր Վարդանյանն է, վերնագրված է. «Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց շրջանում կազմակերպված փաստահավաք առաքելության արդյունքների արդի իրավական նշանակության մասին», որտեղ հատկապես կարեւորել են 1916 թվականին Հայ հեղափոխական դաշնակցության անցկացրած փաստահավաք աշխատանքները: Այո, սա այն նույն ՔՊ-ականն է, որի թիմն այսօր առավոտից երեկո, բոլոր հնարավոր ու անհնարին հանցագործություններում մեղադրում է Դաշնակցությանը` նրան ներկայացնելով որպես ապազգային կառույց։ Եվ սա այն ՔՊ-ականն է, որի թիմակից արտգործնախարարը դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանին օրեր առաջ Հ1-ի տաղավարում ասում էր, որ հենց նա է ամենամեծ ազգային անվտանգության սպառնալիքը Հայաստանի համար, երբ վերջինս հետաքրքրվում է, թե որ երկրներն են Հայաստանի համար սպառնալիք այսօր։
Տարիներ առաջ, երբ ՔՊ-ն դեռ իշխանության չէր, Հայոց ցեղասպանության ուրացման խնդիր էլ դեռ դրված չէր, ու ՔՊ-ականները` ուսյալից մինչեւ թերուս, ստիպված չէին մտնել այդ ամոթալի գծի մեջ, իրավաբան Վլադիմիր Վարդանյանն իր առաջաբանում գրում էր, որ սույն ժողովածուում արտացոլված վկայությունները կարող են օգտագործվել Հայոց ցեղասպանության որակման համար իրավական նշանակություն ունեցող փաստեր ապացուցելու համար, որ «վերը նշված ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվությունից զատ, ժողովածուում ամփոփված վկայություններն ունեն չափազանց մեծ նշանակություն՝ Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերի բնակչության, ցեղասպանության ընթացքում զոհվածների, ստացած վնասվածքների հետեւանքով հետագայում մահացածների, վիրավորների, խեղվածների եւ այլ տուժածների թիվը պարզելու համար»։
Հետաքրքիր է՝ իսկ Վլադիմիր Վարդանյանն այս ամենն ասե՞լ է իր թիմակից Անդրանիկ Քոչարյանին, երբ վերջինս ցեղասպանության զոհերի ցուցակներ էր փնտրում։ Հետաքրքիր է՝ իսկ Վլադիմիր Վարդանյանին այսօր թույլատրվա՞ծ է «Արեւմտյան Հայաստան» եզրույթն օգտագործել։ Ուշագրավ է նաեւ, որ, ի հեճուկս իշխանական շատ ներկայացուցիչների կամ վերջիններիս սատարողների, Վլադիմիր Վարդանյանն այս աշխատությունում հստակորեն ջախջախում է ՔՊ-ական այլ թեզեր եւս՝ գրելով․ «Ինքնապաշտպանության դեպքեր տեղի են ունեցել գրեթե բոլոր ցեղասպանությունների ժամանակ, երբ հետապնդվող մարդկային խմբերի հոծ բնակության վայրերում բռնկվել են ապստամբություններ, կամ ինքնապաշտպանական գործողություններ են իրականացվել․․․ Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին տեղի ունեցած ինքնապաշտպանության դեպքերը, որոնց մասին բավականին հաճախ է հիշատակվում սույն ժողովածուում զետեղված վկայություններում, որեւէ կերպ չեն կարող ստվերել կամ մթագնել Հայոց ցեղասպանության եղելության փաստը։ Ընդհակառակը, նման գործողությունների առկայությունը խմբի հետապնդման լավագույն վկայություններից մեկը կարող է հանդիսանալ»։
Ուղղակի զարմանալի է եւ անգամ անհավանական` ինչպես կարող է մարդ ընդամենը 10-15 տարում իրավաբանից, գիտնականից վերածվել խղճուկ կուսակցական քարոզչի, ուրանալ իր ուսանած գիտելիքներն ու համոզմունքները, մասնակցել ակնհայտ հակահայկական թեզերի շրջանառմանը եւ սպասարկել ոչ հայկական շահեր։