Հարցազրույց

Թրամփը զայրացած է Նեթանյահուի վրա, ամերիկյան ճնշումը կավելանա

Թրամփը զայրացած է Նեթանյահուի վրա, ամերիկյան ճնշումը կավելանա

Ե՛վ իսրայելցիները, ե՛ւ պաղեստինցիները ողջունել են Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Իսրայելցիները հույս ունեն, որ կստանան Միացյալ Նահանգների նոր ղեկավարի աջակցությունն Իրանի, «ՀԱՄԱՍ»-ի եւ «Հզբոլլահի» դեմ պայքարում: Պաղեստինցիներն իրենց հերթին սպասում են, որ Թրամփը նոր գաղափարներ կառաջարկի՝ վերջ դնելով Գազայի հատվածում պատերազմին:

«Հրապարակի» զրուցակիցը Միխայիլ Միլշտեյնն է՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների իսրայելական Մոշե Դայան կենտրոնի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի ղեկավարը։

- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհավորած օտարերկրյա առաջին գործիչների թվում էր՝ նշելով ԱՄՆ նորընտիր նախագահի «պատմության ընթացքում ամենամեծ վերադարձը»։ Դիտորդները նկատում են՝ իսրայելցիների մեծ մասը ողջունում է ամերիկյան ընտրությունների արդյունքները: Այդպե՞ս է, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք:

- Անկասկած, իսրայելցիների մեծ մասը, եւ ոչ միայն կառավարության կողմնակիցները, կապված են Թրամփի հետ: Իսրայելցիները լավ հիշողություններ ունեն նրա պաշտոնավարման առաջին շրջանից, օրինակ՝ Աբրահամի համաձայնագրերից կամ Սուլեյմանիի սպանությունից: Բայց չնայած այս լայն զգացողություններին, շատերը հասկանում են, որ իրականում հնարավոր չէ կանխատեսել Թրամփին եւ նրա առաջիկա քայլերը, ուստի Իսրայելում կան ձայներ, որոնք զգուշացնում են՝ շատ լավատես չլինել: Մենք՝ բոլորս, իհարկե, տեղյակ ենք այն փաստից, որ Թրամփը պահանջել է մինչեւ հունվար դադարեցնել բոլոր պատերազմները, եւ այդպիսով կարող է հուշում լինել Իսրայելի վրա ապագա ճնշումների համար, նույնիսկ՝ մինչեւ հունվար:

- Իսրայելն առանձնանում էր Թրամփի վերընտրման գործում իր հսկայական աջակցությամբ: Ըստ փորձագետների՝ հրեա հասարակությունը, դատելով ԱՄՆ հանրապետական գործչի նախկին պաշտոնավարումից՝ գրեթե կասկած չունի, որ Թրամփը կաջակցի Իսրայելին ամենալուրջ «թշնամու»՝ Իրանի դեմ, չհաշված «ՀԱՄԱՍ»-ի եւ «Հզբոլլահ»-ի դեմ պայքարում: 

- Նեթանյահուն եւ Թրամփը կիսում են նույն տեսլականը «Հզբոլլահ»-ի եւ Իրանի նման խաղացողների մասին: Բայց մինչ Նեթանյահուն ցանկանում է շարունակել պատերազմները, հիմնականում Գազայում, թվում է, թե Թրամփը նախատեսում է վերջ տալ դրանց: Իմ գնահատմամբ, կարող է լինել ավելի լայն համագործակցություն Իրանի դեմ քայլերի առնչությամբ, տնտեսական, բայց նաեւ՝ քաղաքական եւ նույնիսկ ռազմական, բայց դա՝ ի պատասխան հարավում եւ հյուսիսում պատերազմները դադարեցնելու հանձնառության։

- Այդուհանդերձ, որոշ մտավախություններ կան, որ դեմոկրատների օրոք Իսրայելի ստացած նշանակալի ռազմական օգնությունը կարող է շարունակություն չունենալ: 

- Հիմնական մտավախությունն այն է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ հունվար, ներկայիս վարչակազմը շատ կոշտ կլինի Գազայում իսրայելական գործունեության նկատմամբ։ Արդեն այժմ սպառնալիքներ կան, որ ռազմական տեխնիկա չմատակարարեն, եթե Իսրայելը թույլ չտա, որ հումանիտար օգնությունը հասնի Գազա: Գոնե մինչ այժմ Իսրայելը ենթարկվում է այս պահանջներին, բայց ես միանգամայն վստահ եմ, որ ամերիկյան ճնշումը շուտով կավելանա։

- Միջազգային մասմեդիայում քիչ չեն վարկածները, թե Թրամփի հաղթանակը կարող է ե՛ւ առավելություն, ե՛ւ սպառնալիք լինել իր դաշնակիցների համար եւ ոչ միայն: Որոշ ԶԼՄ-ներ արդեն ցուցակ են կազմել, թե ով է շահելու եւ ով է պարտվելու ամերիկացու՝ Սպիտակ տուն վերադառնալուց: Նեթանյահուին նշում են իբրեւ շահեկան դիրքում հայտնվողի: 

- Տեսականորեն՝ այո։ Բայց եւս մեկ անգամ մենք պետք է հիշենք, որ Թրամփն անկանխատեսելի է, եւ երկրորդը․ նա զայրացած է Նեթանյահուի վրա՝ այն բանից հետո, երբ նա 4 տարի առաջ շնորհավորեց Բայդենին։ Վստահ եմ, որ Նեթանյահուն շատ զգույշ կլինի: Նա կփորձի խթանել այնպիսի քայլեր, որոնք, իր կարծիքով, կիսում են երկու առաջնորդներն էլ, բայց չի հատի կարմիր գծերը, որոնք կարող են նրանց բախման բերել:

- Իսրայելի վարչապետն օրերս պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին, օրեր անց էլ Յոավ Գալանտը քննադատեց Նեթանյահուին՝ պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ երկրի բանակը Գազայում մնալու պատճառ չունի, քանի որ հասել է բոլոր նպատակներին: Իսրայելի հանրությունը կարծես երկու մասի է բաժանված՝ պատերազմին աջակցողների եւ պատերազմը մերժողների: Ներքին հակասությունները խորանալու միտո՞ւմ ունեն:

- Թվում է, թե Իսրայելի հանրության մեծ մասը դեմ է Նեթանյահուի որոշմանը, ոչ թե այն պատճառով, որ մարդիկ աջակցում են Գալանտին, այլ հիմնականում այն պատճառով, որ վախենում են պատերազմի ժամանակ նման կտրուկ փոփոխություններից: Բողոքի բացակայության պատճառն այն է, որ հանրության մեծ մասն իսկապես հոգնել է մի տարի անց, եւ շատ իսրայելցիներ գտնվում են պահեստային բանակում։ Շատ զայրույթ կա, որը կարող է ապագայում պայթել:

 - Ի դեպ, որոշ պաղեստինցիներ նույնպես ողջունել են Թրամփի հաղթանակը: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը վստահ է, որ Թրամփը ջանքեր կգործադրի՝ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ: Ընդհանրապես, ԱՄՆ նորընտիր նախագահը խոստանում է վերջ դնել բոլոր պատերազմներին: Սա իրատեսակա՞ն է:

- Պաղեստինի ինքնավարության քաղաքականությունը Թրամփի հաղթանակի նկատմամբ արտացոլում է այն փաստը, որ պաղեստինցիները դասեր քաղեցին անցյալում իրենց սխալներից: Թվում է, թե պաղեստինցիների մեծ մասը նույնպես գիտակցում է այն փաստը, որ Թրամփն անկանխատեսելի է եւ կարող է փոխել իր հիմնական կարծիքը, ինչը նրանց մեծ տառապանք է պատճառել 4 տարի առաջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image