Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին, Մոսկվայի Կարմիր հրապարակում կանցկացվեն ավանդական տոնակատարություններ և ռազմական շքերթ։ Թեև այս տարի դրանք մի քիչ ավելի ճոխ կլինեն, քանի որ կլոր ամյակ է և Ռուսաստանը Ուկրաինական հակամարտությունը համարում է շահած: Միջոցառմանը մասնակցելու են բազմաթիվ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն տերությունների ղեկավարները։
Միջոցառմանը մասնակցելու են նաև հետխորհրդային շրջանի երկրների առաջնորդները: Կարմիր հրապարակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կընկերակցեն, բնականաբար, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ջապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը ուրախ կլինի այդ օրը իրենց մոտ տեսնել բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի հետ կիսում են այս օրվա հպարտությունն ու ուրախությունը։
Հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ֆոնին լուրեր տարածվեցին, որ այդ օրը Մոսկվայում կլինի նաև ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ եթե Թրամփը որոշի մասնակցել Հայրենական պատերազմին նվիրված միջոցառմանը, իրենք միայն ուրախ կլինեն նրանք հյուրընկալել Մոկսվայում: Սակայն, Թրամփի աշխատակազմը հայտարարել էր, որ Թրամփը չի նախատեսում Մայիսի 9-ին մասնակցել վերոնշյալ միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցության հայտը նախապես հաստատել էր նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, սակայն ավելի ուշ հայտնել է, որ ներկա չի գտնվելու Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս այցելության չեղարկումն, ամենայն հավանականությամբ պայմանավորված է Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում ծայրահեղ լարվածությամբ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հնդկաստանը միջոցառմանը ներկայացված կլինի այլ, բայց ոչ բարձր մակարդակով:
Կարմիր հրապարակում ըստ նախատեսվածի ներկա կլինեն Բրազիլիայի նախագահ դա Սիլվան, Բուրկինա-Ֆասոյի ղեկավար Իբրահիմ Տրաորեն, Վենեսուելայի առաջնորդ Մադուրոն և Վիետնամի ղեկավար Տո Լաման, ինչպես նաև Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը, Սերբիայի նախագահ Վուչիչը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ցիցոն և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:
Հյուրերի թվում կլինեն նաև Կիրգիզիայից Սադիր Ժապարովը, Թուրքմենստանից Սերդար Բերդիմուխամեդովը, Աբխազիայից Բադրա Գունբան, Մոնղոլիայից Ուխնաագիյն Խուրելսուխը, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը, Բոսնիա և Հերցեգովինայի ղեկավար Միլորադ Դոդիկը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը ամեն կերպ հորդորում էր տարբեր երկրների ղեկավարներին զերծ մնալ Ռուսաստան այցելությունից, ցանկանալով մի քիչ էլ երկարաձգել Ռուսաստանի հանդեպ բոյկոտը:
Ավելի վաղ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասը զգուշացրել էր Եվրամիության անդամ և անդամության հայտ ներկայացրած պետությունների ղեկավարներին չայցելել Մոսկվա:
«Մայիսի 9-ի շքերթներին կամ տոնակատարություններին Մոսկվայում ցանկացած մասնակցություն եվրոպական կողմից թեթև չի ընդունվի, հաշվի առնելով, որ Ռուսաստանը իրականում լայնածավալ պատերազմ է մղում Եվրոպայում: Մենք շատ հստակ շեշտեցինք, որ չենք ցանկանում, որ որևէ թեկնածու երկիր մասնակցի այս միջոցառումներին մայիսի 9-ին Մոսկվայում», - ասել էր Կալլասը և կոչ արել անդամ պետություններին իրենց ներկայացուցիչներին փոխարենն ուղարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
Հետաքրքիր է, որ վերջին շրջանում Եվրամիության քաղաքականությանն ընդիմացող ուքննադատող Օրբանն ի վերջո հայտարարել էր, որ ինքն էլ չի այցելելու Մոսկվա: Մոսկվայում չի լինի նաև Էրդողանը, այդ մասին նա հայտարարել էր ավելի վաղ:
Հետաքրքիր է, որ Սերբիայի նախագահը, անտեսելով ԵՄ-ի ղեկավարությունից եկող բոլոր սպառնալիքներն ու զգուշացումներն, այնուամենայնիվ, որոշել է ներկա գտնվել Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառմանը:
Ոչ պակաս ճնշումների է ենթարկվել նաև Սլովակիայի վարչապետ Ցիցոն:
«Ոչ ոք չի կարող ինձ հրահանգել, թե ուր գնամ կամ չգնամ»,- ի պատասխան Կալլասի զգուշացումներին՝ հայտարարել էր Ցիցոն: Ի դեպ, պարզ չէ նաև, թե ինչպես է մասնակցելու միջոցառմանը Ալիևը, քանի որ մայիսի 8-ին 5-օրյա այցով Բաքու է ժամանելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: