Քաղաքականություն

«Հրապարակ». Նման ագրեսիվ զինվորականներով փորձում են բանակի բարոյահոգեբանական վիճակն ապահովել

«Հրապարակ». Նման ագրեսիվ զինվորականներով փորձում են բանակի բարոյահոգեբանական վիճակն ապահովել

Շաբաթ օրը մանրամասն գրել էինք, թե ինչպես է նախկին պատմության ուսուցիչ, ներկայում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ղեկավարած ապաքաղաքական կառույցում` պաշտպանության համակարգում, փորձում կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագիրը։ Բանակում ծառայող հոգեւոր սպասավորների նկատմամբ ճնշումների վերաբերյալ վերջին շաբաթներին բազմաթիվ ահազանգեր հնչեցին: Տարբեր անձինք պատմեցին, որ գնդերեցներին փորձում են ներգրավել Վեհափառի դեմ «բարենորոգման» շարժմանը։ Մեզ պատմել էին, որ բանակի հոգեւոր դասին դավանափոխ անելու կեղտոտ աշխատանքներն անձամբ Պապիկյանն է իր ձեռքը վերցրել եւ փորձում է դա իրականացնել` իր մի քանի ենթակա կատարողների օգնությամբ։

Բանակում շուրջ 50 գնդերեց է ծառայում, որոնք համարվում են պայմանագրային աշխատողներ եւ ստանում են մոտ 2 հարյուր հազար դրամ աշխատավարձ։ Նրանք, որպես կանոն, երիտասարդ հոգեւորականներ են, որոնք հոգեւոր ծառայության իմաստով ենթարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսին, սակայն աշխատավարձ են ստանում ՊՆ-ից եւ պայմանագրային ծառայողներ են համարվում: Գրել էինք, որ այս տարվա հունվարի 15-ին գնդերեցները հրավիրված են եղել Վեհափառի մոտ՝ ժողովի։ ՊՆ ղեկավարությունը, նախապես իմանալով այդ մասին, Գլխավոր շտաբի պետի մակարդակով փորձել է խոչընդոտել դրան եւ հատուկ հրաման է արձակել, որ բանակում իրականացվող կարեւոր՝ ինքնասպանությունները կանխելու թեմայով միջոցառումների շրջանակում գնդերեցները պետք է, հունվարի 15-ից սկսած, մի քանի օր պարտադիր գտնվեն այն զորամասերում, որտեղ ծառայություն են իրականացնում, եւ ներկա գտնվեն այդ միջոցառումներին` իրենց քարոզչական խոսքը հնչեցնեն։
Բնականաբար, գնդերեցները հասկացել են, թե որն է այդ հապճեպ հավաքի բուն նպատակը, եւ չեն ենթարկվել` հունվարի 15-ին գնացել են Վեհափառի հետ հանդիպման, իսկ հաջորդ օրերին՝ մասնակցել բանակի միջոցառումներին: Սակայն ՊՆ ղեկավարությունը որոշել է «աշխատել» նրանց հետ։ նրանք հրավիրվել են Գլխավոր շտաբ, որտեղ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը պարզաբանումներ է պահանջել, թե ինչու գնդերեցները չեն կատարել իր հրամանը եւ առաջին օրը չեն մասնակցել միջոցառմանը։ Մոտ մեկ ժամից հանդիպմանը միացել է նաեւ նախարար Սուրեն Պապիկյանը, որը սկսել է բացահայտ քարոզել Փաշինյանի՝ Եկեղեցու վերաբերյալ «բարենորոգման ծրագիրը», ու ակնկալել է, որ բանակի հոգեւորականներն էլ պետք է միանան դրան, քանի որ բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է։ Մոտ 5 ժամ տեւած հանդիպմանը, սակայն, գնդերեցները բավականին պինդ են եղել, առարկել են, ծանրակշիռ փաստարկներ բերել` հակադրվելով Սուրեն Պապիկյանին։ Պապիկյանն անգամ փորձել է նյութապես շահագրգռել՝ ակնարկելով աշխատավարձերի բարձրացման մասին: Հետո երրորդ փորձն են իրականացրել` գնդերեցների հետ հանդիպել է նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ «Լամպչկա» մականունով, որն էլ իր հերթին է փորձել համոզել, որ միանան Եկեղեցին քանդելու փաշինյանական ծրագրին, բայց՝ ապարդյուն:

Այս ինֆորմացիան հրապարակվելուց հետո ՊՆ-ից մեզ նոր մանրամասներ հայտնեցին: Նախ, մեզ ասացին, որ արդեն մոտ մեկ տարի է՝ ՀՀ Պնախարարն ու տեղակալները, ԳՇ պետն ու նրա տեղակալները, վարչության պետերը յուրաքանչյուր եռամսյակ գաղտնի ընթացակարգով մեկ դրույքաչափ հավելյալ վարձատրվում են, այսինքն, ղեկավար կազմին գայթակղելու՝ կաշառելու գործընթացն իշխանությունը սկսել է դեռ մոտ մեկ տարի առաջ։ Նաեւ դրանով են բացատրվում այն ջանքերը, որ ՊՆ ղեկավարությունը չի խնայում՝ Փաշինյանի ծրագրերին աջակցելու համար: Ասացին նաեւ, որ գնդերեցների հետ հանդիպման առաջարկը եւ համակարգումն իրականացվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի եւ նրա տեղակալ Հայկ Պետրոսյանի կողմից: Վերջինս մոլի նիկոլական է, մոլի հակառուս: Մենք կապվեցինք նրա հետ, փորձեցինք մի քանի հարց տալ, սակայն նա մեր հարցերից ցնցումների մեջ ընկավ, սկսեց սպառնալ, որ եթե շարունակենք հարցեր տալ, դատի կտա մեզ։ Միայն կրկնում էր, որ մեր տեղեկությունները սուտ են` իրականությանը չեն համապատասխանում, իսկ ինքը կապ չունի․ «Ես, առհասարակ, կոմպետենտ չեմ էդ հարցում, բացարձակապես հերյուրանք է եւ կեղծիք, ես ի պաշտոնե էդ հարցերում էլ չկամ՝ տեղեկատվական բլոկում, ասեմ՝ իմանաք»: Հիշեցրինք, որ ինքը զորքի բարոյահոգեբանական վիճակի ապահովման վարչության պետի տեղակալն է, սակայն Պետրոսյանը պնդեց, որ չի մասնակցել գնդերեցների հավաքի կազմակերպմանը: Այսինքն՝ հաստատում եք, որ նման հավաք եղել է, բայց Դուք չե՞ք կազմակերպել։ «Ես պնդում եմ, որ նման բան չի էլ եղել»,- ինքն իրեն ուղղեց զինվորականը: «Ես ձեզ դատի կտամ․․․ Չեմ սպառնում: Ովքեր ձեզ ինֆորմացիա են տվել, անհիմն տեղեկատվություն են տվել, դա չի համապատասխանում իրականությանը»:

Վարչության պետի տեղակալի ագրեսիվ հայտարարությունները լսելուց հետո հարցրինք՝ այսկե՞րպ եք զորքի բարոյահոգեբանական վիճակն ապահովում։ «Ագրեսիվ չեմ, այլ հստակ իմ շահերն եմ պաշտպանում, ու, առհասարակ, ո՞վ է իմ համարը Ձեզ տվել, ես թույլ չեմ տալիս՝ այլ անձինք ինձ զանգեն, միայն իմ մտերիմները»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image