Հասարակություն

«Սորոս»-ի անունը մի՛ կապեք բռնության հետ

«Սորոս»-ի անունը մի՛ կապեք բռնության հետ

«Բաց հասարակություն-հիմնադրամներ» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն լուրերին, որ «Սորոս»-ի հայաստանյան գրասենյակը միջամտել է թավշյա հեղափոխությանը, Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին, որ ներկա կառավարության մեջ քիչ չեն սորոսականները։ «Ցավոք, աշխարհում մենք տեսնում ենք «ոչ լիբերալ ժողովրդավարությունների» վերելք։ Դրանց վերելքի գործիքն են սուտը եւ վախը։ Եվ ձեր նշած մեղադրանքները գալիս են ստից եւ վախից։

Դուք կարող եք դատել, թե որքանով 100 հազարավոր մարդկանց համախմբումը գաղափարների, արդարության պահանջի շուրջ, անպատժելիության եւ լճացման դեմ այդ պոռթկումը կարող էր որեւէ հիմնադրամ առաջ մղել։ Դա 100 հազարավոր մարդկանց ցանկությունն էր՝ փոխել երկիրը, փոխել իրավիճակը։ Ես հպարտ եմ ասելու, որ տարիների ընթացքում այդ պրոբլեմները՝ ժողովրդավարության նենգափոխումը, հաշվետվողականության պակասը, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները հիմնադրամը փորձել է կանխել հնարավորինս։

Մենք մոնիտորինգ ենք արել, հավաքագրել եւ զեկուցել ենք այդ փաստերը»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ նշելով, որ այդ փոփոխությունները մինչեւ հիմա եղել են կոսմետիկ ձեւով, իսկ հիմա կա իրավիճակը փոխելու հնարավորություն։ Հետո նա նշեց, որ «Սորոս»-ն ուսումնասիրել է պետության, արդարադատության զավթման եղանակները, անպատժելիության մեխանիզմները, կոռուպցիայի ուղիները, եւ հիմա իրենք պետք է գտնեն այդ հարցերի լուծման ճանապարհները։ Հիմնադրամի տնօրենը խորհուրդ տվեց իրենց անունը չկապել բռնության հետ, հիշեց, որ երբ անցյալ տարի սկսվեցին բռնությունները, այդ շենքի՝ «Մեդիա-կենտրոն»-ի վերին հարկում բոլոր գործընկերները փորձում էին ոստիկանություն տարված մարդկանց իրավունքները պաշտպանել, կանխել բռնությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image