Գերմանիայում փետրվարի 23-ին կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտվեցին վաղուց կանխատեսված արդյունքներով։ Հաղթեց CDU/CSU-ն (Քրիստոնեա-դեմոկրատական միությունը), որը Անգելա Մերկելի առաջնորդությամբ 2005-2021-ին իշխանության ղեկին եղած կուսակցությունն է։ Կուսակցությունը ստացավ ընտրողների ձայների շուրջ 29%-ը եւ կուսակցության առաջնորդը՝ Ֆրիդրիխ Մերցը արդեն սկսել է կոալիցիոն կառավարության կազմավորման բանակցությունները։ Հավանականությունը մեծ է, որ ինչպես Անգելա Մերկելի իշխանության տարիներին, այնպես էլ հիմա կոալիցիա կկազմեն CDU/CSU-ն եւ SDP-ն։
2021-ին հաղթանակած SDP-ն (Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը) Օլաֆ Շոլցի առաջնորդությամբ ստացավ այնքան մանդատ, որ կբավարարի CDU-SPD կոալիցիոն կառավարություն կազմավորելու համար, սակայն պատմականորեն, ասում են, սա SDP-ի գրանցած ամենացածր ցուցանիշն էր՝ 16,5%: Այն որ շարժումը ձախից-աջ՝ լիբերալիզմից դեպի պահպանողականություն օրինաչափ համաշխարհային տենդենց է, ամենքն են գիտակցում, սակայն Գերմանիայի լիբերալները, ի դեմս SDP-ի, ավելի գոհացուցիչ արդյունք էին ակնկալում՝ որքան էլ բոլոր հարցախույզները SDP-ի համար ամիսներ շարունակ անփոփոխ 15% էին կանխատեսել։ Այժմ մնում է տեսնել` ինչ պորտֆելներ կառաջարկվեն SDP-ին եւ որ հարցերի շուրջ CDU-ն եւ SDP-ն ընդհանուր հայտարարի կհանգեն։
Մի ընդհանուր հայտարարը վաղուց հայտնի է, որ CDU-ն, ոչ SDP-ն AfD-ի (Այլընտրանք Գերմանիայի համար) կուսակցության հետ չեն համագործակցի։ Արդյունքում AfD-ն չի ընդգրկվի կառավարության կազմում` հակառակ նրա, որ ինչպես հարցախույզները կանխատեսում էին, փետրվարի 23-ին ստացավ ընտրողների ձայների շուրջ 20%-ը։ Այս կուսակցությունը հիմնադրվել է մեկ տասնամյակ առաջ, CDU-ից հեռացած կուսակցականների կողմից, Մերկելի՝ ներգաղթի հարցում որդեգրած բաց դռների քաղաքականությանը ընդդիմանալու համար։ Սակայն, հետագա տարիներին AfD-ն այնքան առաջնորդ, դիրքորոշում, կարգախոս փոխեց, որ դժվար է ասել, թե ամբոխավարությունից ու ամբոխահաճությունից բացի ուրիշ ինչ հավատամք ունի այդ կուսակցությունը։
Գիտակցելու համար թե ինչ հեղհեղուկ երեւույթ է AfD-ն եւ ինչպես է ֆաշիզմից ու հակա-իսլամականությունից, հակասեմականությունից մինչեւ լիբերալ տնտեսություն, Իսրայելի պաշտպան ու ավանդական արժեհամակարգ` ամեն հարթությունում ինքն իրեն տեղավորում, բավական է նայել թե ինչ են նրանք գրում թղթին եւ ինչ են անում կյանքում։ Ասենք, մեկ տասնամյակ առաջ, երբ AfD-ն հիմնադրվում էր, դրա այցեքարտային դիրքորոշումներից մեկը միասեռական ամուսնություններին դեմ լինելն էր, մյուսը՝ այլ կրոնների, ռասայի, ազգության, մշակույթի կրողների ներգաղթին ընդդիմանալը։ Մինչդեռ տասը տարի անց ո՞վ է ղեկավարում AfD-ն։ Երկու համանախագահ ունի կուսակցությունը, որոնցից մեկը եւ առավել երեւացողը Ալիս Վայդելն է, քանի որ միաժամանակ կուսակցության խոսնակն է։
Վայդելը մասնագիտությամբ տնտեսագետ է, կրթության մի մասը ստացել է Չինաստանում, այնտեղ նաեւ աշխատել է։ Միասեռական է, զուգընկերը թե զուգընկերուհին, որի հետ համատեղ ապրում է մի սեւամորթ, թե դեղնամորթ կին է` Շրի-Լանկայից, որ Շվեյցարիայում զբաղվում է ռեժիսուրայով։ Վայդելը՝ Շրի-Լանկայից ներգաղթյալի հետ կազմած ընտանիքով առհասարակ բնակվում է Շվեյցարիայում, եւ ընտանիքում մեծացնում են որդեգրված երկու երեխա։ Վենդեյլի այս «ծիածանային» ընտանիքը լավագույն ցուցիչ է, թե որքան սնամեջ, անսկզբունք, հեղհեղուկ, երեսպաշտ կառույց է AfD-ն, որտեղ միասեռական կապի մեջ բացահայտ ապրողը, բառերով ու ելույթներով միասեռականություն ու ներգաղթ է դատափետում, իբրեւ ավանդական արժեքների պաշտպան է ներկայանում։
Ինչ խոսք, քաղաքականության մեջ էլ, ինչպես կյանքի մյուս ասպարեզներում խեղկատակներ, երեսպաշտներ, բարոյազուրկներ, «բռնեցեք գողին» ճչացող գողեր, պատահում են։ Ալիս Վայդելը այդպիսիններից մեկն է, որն իր անձնական կյանքի արտառոց իրողություններից այն կողմ ոչնչով աչքի չի ընկնում, եւ Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների համատեքստում երբեք իր անձին չէի անդրադառնա, եթե չլիներ մի հանրահայտ հանգամանք, որին հայաստանյան ռուսոֆիլները, ՌԴ նախագահ Պուտինի երկրպագուները եւ Եվրոպան գույնզգույն փոքրամասնությունների պրիզմայով ընկալողները արժե տեղյակ լինեն։
Վայդելը եւ AfD-ն այն ուժն են Գերմանիայում, որոնց ըստ կարելվույն օժանդակում են Ռուսաստանը եւ Կրեմլը` սոցցանցերի կեղծ օգտահաշիվներից ու քարոզարշավներից մինչեւ նվիրատվություններ ու ըստ չար լեզուների՝ ֆինանսավորում։ Իբր ավանդական արժեհամակարգի ջատագով, Արեւմուտքում գույնզգույն փոքրամասնություններին տրված ազատությունների հետ հաշտվել չկարողացող եւ դա իր հակաեվրոպական քարոզչության հիմքը դարձած Պուտինը չի խորշում Վայդելին ու նրա առաջորդած կուսակցությանը թե բացահայտ, թե քողարկված օժանդակելուց։ Վայդելը Պուտինի դեմքն է՝ պուտինյան անսկզբունքայնության, հակասականության եւ երեսպաշտության։ Եվ պուտինյան քարոզչության ակնոցներով աշխարհին նայողները արժե AfD- Կրեմլ շահագիգիռ առնչություններից տեղյակ լինեն, այդ մասին խորհեն ու հետեւություններ անեն։
Իսկ մնացյալ աշխարհի եւ Եվրոպայի համար էական է այն, որ ոչ Կրեմլի բացահայտ կամ քողարկված օժանդակությունը AfD-ին, ոչ Իլոն Մասկի հորդացող դատարկախոսությունները X/Tweeter հարթակում «AfD-ն Գերմանիայի միակ փրկությունն է» թեմատիկայով ու Վայդելի հետ on-line հանդիպումներով, ոչ ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ի` Մյունխենյան համաժողովի օրերին Ալիս Վայդելի հետ անձամբ հանդիպելը ոչինչ չփոխեցին գերմանացիների մոտեցումներում։ Դեռ տարեսկզբին որքան ձայն կանխատեսում էին AfD-ի համար սոցհարցումները, այնքան էլ նրանք ստացան։ Վստահաբար հաջորդ ընտրությանը կստանան շատ ավելի քիչ ձայն, քանի որ CDU-ի առաջնորդ եւ Գերմանիայի հաջորդ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պահպանողական է, դեմ է ներգաղթին (հատկապես՝ մահմեդականների), գերմանական ապրելակերպի, արժեքների, մշակույթի դոմինանատության ջատագով է եւ բոլոր այդ ուղղություններում քայլեր կանի՝ AfD-ին էֆեկտիվորեն զրկելով «հացից»։
Մերցը նաեւ Ուկրաինայի մեծ երկրպագու է եւ հակված է Ուկրաինային տալու այն զենքերը, որոնց տրամադրման հարցում Շոլցը տատանվում էր։ Իսկ ամենից կարեւորն այն է, որ Մերցը Եվրոպայի ինքնուրույնության եւ անկախության ջատագով է եւ դրա ապահովումն էլ համարում է իր քաղաքական խնդիրը՝ կանգնելով Մակրոնի եւ Ստամերի կողքին։