Հարցազրույց

«Հրապարակ»․ Այդ մասին հա՛մ չեմ ուզում խոսել, հա՛մ չեմ ուզում, որ հարցը մնա հրապարակային դաշտում

«Հրապարակ»․ Այդ մասին հա՛մ չեմ ուզում խոսել, հա՛մ չեմ ուզում, որ հարցը մնա հրապարակային դաշտում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

- ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով 2023 թվականի ապրիլից նախատեսվում էր սկսել Վարդենիսի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ 2025թ․ փետրվարին ասում էր, որ նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, եւ մրցույթ կհայտարարվի: Խնդրում ենք ասել՝ ո՞ր փուլում են ԲԿ-ի կառուցման աշխատանքները:

- Իհարկե, այդ նախագիծն արդեն կա, մենք այդտեղ հողի հետ կապված խնդիր ունեցանք: Այն տարածքում, որտեղ որ ցանկանում էինք ԲԿ-ն կառուցել, պարզվեց, որ այդ տարածքից ժամանակին ինչ-որ անձինք ինչ-որ ճանապարհներով հողից մի որոշակի մաս գրանցել էին իրենց անունով, եւ այդ քաղաքացիները Հայաստանում չէին գտնվում: Մենք փորձեցինք իրենց հետ կապ հաստատել, իրենց որոշակի ֆինանս առաջարկել, որպեսզի հրաժարվեն, չգնանք այլ ճանապարհներով՝ դատական պրոցեսի մեջ չմտնենք: Ավելի լավ է արագ այդ հողը գրանցենք պետության անունով եւ այդ ծրագիրն իրականացնենք։ Բայց, ցավոք, սկզբում այդ քաղաքացիները չհամաձայնեցին, եւ մենք սկսեցինք մյուս պրոցեսը, որ կարողանանք հետ վերադարձնել պետությանը: Ճանապարհի կեսն անցնելուց հասկացանք, որ քաղաքացիներն արդեն փոշմանել են, ցանկանում են հողակտորը հետ վերադարձնել պետությանը: Հետ վերադարձրին, մենք այդ հողի գրանցումը իրականացրինք: Մի որոշակի էլ հող ունեինք, որ ամրացված էր պաշտպանության նախարարության հոսպիտալին, հոսպիտալից էլ այդ հողը չափագրություն արեցինք, պաշտպանության նախարարությունը տվեց իր համաձայնությունը, եւ հիմա գրանցել ենք, հանձնել ենք պետական գույքի կոմիտեին եւ սպասում ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում շինարարական աշխատանքները կսկսվեն: Այն խոչընդոտները, որ ի հայտ եկան, մեր կողմից տեսանելի չէին: Նախագծերի ձեռքբերումն իրականացվել է, այս պահին հողի ձեռքբերման աշխատանքներն իրականացվել են, սպասում ենք ծրագրի մեկնարկին:

- Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում քանի՞ հեկտար գյուղատնտեսական հողեր եւ արոտավայրեր են անցել ադրբեջանցիների հսկողության տակ:

- Վարելահողեր կամ մշակվող հողատարածքներ՝ ոչ մի մետր, արոտավայրերի եւ մնացածի մասով ես Ձեզ հստակ տվյալներ չեմ կարող ասել, կխնդրեի, որ Դուք դիմեք պաշտպանության նախարարություն, նախարարությունը կպատասխանի այդ հարցին, բայց որ մշակվող հողեր մնացել են էն մասում, էդպիսի բան գոյություն չունի:

- Մեզ այլ տեղեկություններ են հասել, նույն գյուղացիները ճիշտ հակառակն են ասում․ մոտավոր հաշվարկներով՝ մոտ 20 հա վարելահող, խոտհարք Գեղարքունիքից անցել է թշնամուն։ Նաեւ տեղեկություն ունենք, որ Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գյուղերի ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրներն են հայտնվել ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո: Գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիրներ են առաջացել:

- Դուք այնպիսի հարց եք ինձ տալիս, որի մասին հա՛մ չեմ ուզում հրապարակային խոսել, հա՛մ չեմ ուզում, որ Ձեր հարցը մնա հրապարակային դաշտում ու հետագայում այլ կերպ ընկալվի: Բայց ես կասեմ՝ բոլոր այն ջրաղբյուրներն ու ջրավազանները, որոնք սպասարկում են մեր բնակավայրերին, 100%-ով սպասարկվում են մեր համայնքների կողմից: Համայնքային այն աշխատողը, որը զբաղվում է ջրավազանների մաքրմամբ կամ քլորացմամբ, իրենք իրենց աշխատանքները կարողանում են Ձեր նշած ջրավազաններում 100%-ով իրականացնել: Ջրի խնդիր ունենք այդ բնակավայրերում, ջրի խնդիրը կապված չէ Ձեր նշած հարցի հետ, ջրի խնդիրը կապված է նախորդ դարից մնացած խողովակաշարերի քայքայված լինելու հետ: Այս տարիների ընթացքում 80 հազար գծամետր ջրագիծ ենք կառուցել: Նաեւ այդ բնակավայրերում ենք այդ ջրագծերը կառուցել: Ջրի խնդիրը, որպես առաջնահերթություն մեզ համար, մենք լուծելով առաջ ենք գնում եւ 4069 գծամետր միայն 25 թվականին ենք ջրագիծ կառուցել: Մենք ունենք ծրագրեր, Ձեր նշած բնակավայրերից մեկում 2024 թվականին կանգնել է եւ չի իրականացվել շինարարի անբարեխիղճ լինելու պատճառով: Վստահ եմ, որ 2026 թվականին այդ ծրագիրն ավարտին կհասցնեն, եւ մեր հայրենակիցները խմելու ջրով ապահովված կլինեն: Ունենք բնակավայրեր, որտեղ գրաֆիկով պայմանական ոչ թե 24-ժամյա ջրամատակարարում է իրականացվում, այլ գրաֆիկով են ջուր տրամադրում՝ 18 ժամ, 12 ժամ: Առաջիկայում այդ բնակավայրերի օրվա կարգավորիչ ջրավազանների խոշորացման եւ նոր ջրաղբյուրներից ջուր հասցնելու ծրագիր էլ ենք իրականացնելու, որպեսզի այդ բնակավայրերում այդ գրաֆիկը հասցնենք 24 ժամվա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image