Ուսուցչի կարգավիճակի, դերի, նրան շահագրգռող մոտիվացիայի, ինչպես նաեւ կրթության տեսչական մարմնի հայտնաբերած ակնհայտ խախտումների մասին այսօր համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ու Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։
Արտաշես Թորոսյանը նկատեց, որ կրթական ոլորտում հնարավոր չէ ապահովել հավասար պայմաններ։ Այն դպրոցներում, որտեղ կան լավ ուսուցիչներ, աշակերտներն ավելի շատ հաջողության հասնելու հավանականություն ունեն։ Սակայն, ըստ նրա, հեռավոր գյուղական բնակավայրերում ապրող, բայց նույն երազանքներն ու ձգտումներն ունեցող երեխաները հայտնվում են լուրջ խնդրի առջեւ։
Ալեքսանդր Շագաֆյանն էլ, ի պատասխան լրագրողների հարցման, արձագանքեց, որ ուսուցիչների աշխատավարձը ցածր է, իշխանությունն էլ դա ֆիքսել է ամենաբարձր մակարդակով։ Ըստ նրա, պետք է մտածել այլ պայմանները բերալավելու մասին։
«Տեսչական մարմնի կարծիքով՝ ուսուցչին, ուսումնական հաստատության ղեկավարին ազատ գործելու հնարավորություն տալը եւ դրա համար պատասխանատվություն կրելը եւս մոտիվացիա է»,- ասաց Շագաֆյանը։
Արտաշես Թորոսյանն էլ համաձայնեց, որ աշխատավարձը մոտիվացիա է, բայց դրա հետ մեկտեղ նշեց, որ մարդու համար մոտիվացիա է նաեւ որոշակի խավի պատկանելը եւ իր մասնագիտության մեջ լավագույնը լինելը։ Նա համաձայն է, որ ուսուցիչներն ունեն սոցիալական լուրջ կարիքներ, սոցիալական փաթեթը թեեւ որոշակիորեն փոխհատուցում է դա, բայց 100 հազար դրամ աշխատավարձը լուրջ խնդիր է։ Նա միաժամանակ նշեց, որ շատ դժվար է երկար տարիներ աշխատած ուսուցչի համար փոխել աշխատանքն ու մասնագիտությունը։
Ալեքսանդր Շագաֆյանն էլ առաջարկում է բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ սովորողների թիվը 100-ից ավելի չէ, համապատասխան իրավիճակում ուսուցչին ընդունել կրթության կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգավորմամբ։ Ըստ նրա՝ պետք է օրենքում ունենալ համապատասխան կարգավորում նման տիպի դպրոցների համար։
Արտաշես Թորոսյանը հիշեց, որ ժամանակին մանկավարժական բուհերում միաժամանակ պատրաստում էին երկու մասնագիտությամբ մանկավարժների, օրինակ՝ պատմության եւ աշխարհագրության, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի։ Այդ առթիվ Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ ներկայացրել են առաջարկներ կրթության եւ գիտության նախարարությանը։