Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Փաշինյանի քաջ ջանքերին` ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Մեկը լինի՝ Մակրոնին աջակցություն հայտնի: Մեկը, որը չունի սեփական հասարակության աջակցությունը, չի կարող իր երկրի անունից աջակցություն հայտնել որեւէ այլ երկրի, մի երկրի ղեկավար, որն առանց աջակցության է թողել իր երկրի քաղաքացիներին, չի կարող աջակցել այլ երկրի եւ նրա քաղաքացիներին: Այն, ինչ միավորում է Մակրոնին եւ Փաշինյանին, ընդհանուր դժբախտություն է, երկուսն էլ չունեն հանրային աջակցություն, երկուսն էլ մերժված են սեփական հասարակությունների կողմից, երկուսն էլ կառչել են իշխանությունից ու ամեն ինչ անում են՝ այդ իշխանությունը պահելու համար, չնայած դրա արդյունքում քանդում եւ ոչնչացնում են այն երկրները, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են իրենց կառավարման տակ: Նրանք կարող են աջակցել միմյանց, ինչը եւ անում են, բայց ի՞նչ արժեք ունի մերժվածների աջակցությունը:
Փաշինյանի մասով ամեն ինչ պարզ է, նրա հանրային վստահության աստիճանի անկումը տեղի է ունեցել մեր աչքի առաջ, եւ մենք գիտենք, թե որքան ողորմելի վիճակում է նա գտնվում: Մի քանի փաստ, թե ինչ վիճակում է գտնվում Էմանուել Մակրոնը, եւ որքանով նա իրավունք ունի հանդես գալու Ֆրանսիայի անունից։
Այս տարվա մայիսի 8-ին Մակրոնը Ելիսեյան դաշտերում, Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված, զորահանդես անցկացրեց, թե ում հաղթանակի՝ հայտնի չէ, քանի որ Ֆրանսիան փաստացի պարտված եւ նվաճված երկիր էր: Զորահանդեսին, բացի զինվորականներից, ուրիշ որեւէ մեկի թույլ չտվեցին մասնակցել, քանի որ հասկանում էին, որ մասնակիցները պետք է լավագույն դեպքում սուլեին կամ հայհոյեին Ֆրանսիայի նախագահին: Մակրոնը քայլում էր Ելիսեյան դաշտերում եւ ժպիտը դեմքին ողջունում դատարկությանը: Ֆրանսիայի նախագահը վաղուց դադարել է ուղիղ շփումը սեփական քաղաքացիների հետ՝ դրա փոխարեն նախապատվություն տալով տեսաուղերձներին, քանի որ հասկանում է, թե ինչով են ավարտվելու այդ ուղիղ շփման փորձերը․ նման մի քանի անհաջող փորձ եղել է: Ֆրանսիան Հայաստան չէ, որ բեմականացված հանդիպումներ կազմակերպվեն, մարդկանց զոռով կամ շահագրգռելով հանդիպման տանեն, եւ դա ավելի վատ արդյունքի չհանգեցնի:
Ներկայում Ֆրանսիայում օրական ավելի քան 1000 հարձակում է տեղի ունենում՝ «ֆիզիկական ագրեսիա՝ մահացու կամ լուրջ վնասվածք պատճառող արդյունքով», ինչը 63%-ով ավելի է, քան նախագահ Մակրոնի կառավարման սկզբին գրանցված ցուցանիշներն էին։ Ծանոթ երեւույթ է, չէ՞․ Հայաստանում եւս ֆիզիկական ագրեսիայի քանակը Փաշինյանի իշխանության տարիներին անհամեմատ աճել է, ուղղակի նման վիճակագրություն չի հրապարակվում: Ֆրանսիացիների ավելի քան 87%-ը կարծում է, որ քաղաքացիների անվտանգությունը պետք է համարվի առաջնահերթություն՝ գործող կառավարության այլ մտահոգությունների շարքում, ֆրանսիացիների ավելի քան 72%-ը չի կարծում, որ գործող կառավարությունը գործող նախագահի օրոք ունակ է որեւէ բան փոխելու։ Անվտանգության բացակայության եւ այդ ոլորտում ինչ-որ բան փոխելու իշխանությունների կարողության գնահատման հարցում եւս ցուցանիշները գրեթե նույնական են:
Թե ինչ է իրենից իրականում ներկայացնում Ֆրանսիան միջազգային հարաբերություններում եւ ինչպիսի հեղինակություն ունի, պարզ երեւաց այն բանից, թե ինչպես ֆրանսիական դիվանագիտությունն անհաջող ջանքեր գործադրեց ֆրանսիացի գրող Բուալեմ Սանսալի ազատության համար, որը կալանավորվել էր Ալժիրում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության եւ, ընդհանրապես, քաղաքական իսլամի դեմ իր քաջ հրապարակումների համար: Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող գրողը, որը հիվանդ է քաղցկեղով, արդյունքում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Պարզ է, որ նա ալժիրյան բանտից ողջ դուրս չի գա, եւ դա կլինի Ֆրանսիայի եւ նրա իշխանության մեծագույն ամոթը, չնայած՝ ի՜նչ ամոթ անամոթի դեպքում:
Օրերս Ալժիրի դատարանը եւս մեկ ֆրանսիացի լրագրողի, այս անգամ՝ սպորտային` Սերժ Գլեզին, դատապարտեց 7 տարվա ազատազրկման, եւ եթե Բուալեմը հայտնի էր իր հակաիսլամական համարձակ հրապարակումներով, ապա Գլեզի մեղքն այն էր, որ նա գնացել էր Ալժիր՝ ինչ-որ ֆուտբոլիստի մասին ռեպորտաժ պատրաստելու, որը ժամանակին Ալժիրի իշխանությունների դեմ պայքարող Կաբիլիայի ինքնորոշման շարժման հիմնադիրներից է եղել: Լրագրողին մեղադրեցին ահաբեկչության խրախուսման մեջ եւ դատապարտեցին 7 տարվա ազատազրկման: Եվ ֆրանսիական դիվանագիտությունը, Ֆրանսիայի իշխանությունը որեւէ բան չկարողացան անել՝ նրան ազատելու համար, չնայած ֆրանսիական մամուլը գրում էր, որ իշխանությունները լրագրողի հարազատներին ասել էին, որ պետք չէ աղմուկ բարձրացնել, հարցը հրապարակայնացնել, իրենք լրագրողի ազատության հարցը կլուծեն իրենց բարձր հեղինակությամբ:
Եթե Էմանուել Մակրոնն աջակցելու կարողություն ունի, ունի այդքան հեղինակություն՝ որեւէ մեկին աջակցելու, ապա թող աջակցի ալժիրյան բանտերում գտնվող իր քաղաքացիներին, որոնք այնտեղ են հայտնվել` հավատալով իրենց կառավարության բարձր հեղինակությանը, հավատալով, որ Ֆրանսիայի քաղաքացի լինելն արտոնություն եւ պաշտպանություն է՝ ազատ խոսք արտահայտելու համար: Մյուսները թող նույն սխալը չգործեն:
Ֆրանսիայի ռազմական կարողությունների մասին խոսելն անիմաստ է. Մակրոնն արդեն մեկ տարուց ավելի է՝ խոսում է Ուկրաինա զորախումբ ուղարկելու մասին, ինքն էլ հանդես է գալիս որպես կոալիցիայի առաջնորդ` հայտարարելով, որ արդեն 30 երկիր համաձայնություն է տվել՝ միանալ այդ առաքելությանը, երկրների անունները չեն հրապարակվում․ չզարմանաք, եթե պարզվի, որ Հայաստանը եւս դրանց մեջ է, բայց մեկ տարվա մեջ մեկ քայլ առաջ չեն գնացել այդ հարցում, որովհետեւ ոչ մի ֆրանսիացի, հոլանդացի, բելգիացի, եվրոպացի զինվոր չի կարող մասնակցել այն պատերազմին, որը մղվում է Ուկրաինայում: Փափկասուն եվրոպացի զինվորականները չեն կարող օրերով, ամիսներով մնալ խրամատներում եւ բլինդաժներում՝ ցեխի եւ փոշու մեջ, ավիառումբերի ու անօդաչուների մշտական հարվածների տակ: Ֆրանսիան մի քանի հարյուր կռվելու ընդունակ մարտիկ չունեցավ, որ կարողանա մնալ Աֆրիկայում` պաշտպանելու իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերը, ուր մնաց՝ մի քանի հազար մարդ կարողանա ուղարկել ուկրաինական ռազմաճակատ: Ինչ վերաբերում է պատերազմը կանգնեցնելուց հետո այնտեղ խաղաղարար առաքելություն ուղարկելուն, ապա դա ոչ թե խաղաղարարներ են լինելու, այլ՝ օկուպանտներ, որոնք գնալու են՝ բզկտված եւ հոշոտված Ուկրաինայից իրենց բաժինը պոկելու:
Սա գրում եմ միայն մի բանի համար, որ հայ հասարակությունը տեղյակ լինի, թե ինչպիսի հզոր եւ անհաղթ դաշնակից ունի Հայաստանը` ի դեմս Ֆրանսիայի, եւ ինչ արժե այդ դաշնակցի աջակցությունը Հայաստանին: Զրո արժեք, որովհետեւ չի կարող ինչ-որ մեկը պաշտպանել քեզ եւ քո անվտանգությունը, եթե չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին եւ իր շահերը: Մինչդեռ հարցումները ցույց են տալիս, որ հայկական հասարակության մեծ մասը Ֆրանսիան համարում է Հայաստանի առաջին դաշնակիցը: Ինչպիսի հիմարություն եւ խաբեության զոհ լինելու արդյունք: