Այլ

Խաղաղությունը հասել է մեր տան առաջ․․․

Խաղաղությունը հասել է մեր տան առաջ․․․

Փարաքարի ղեկավարի սպանությունն իր տան դիմաց սարսափելի ու մտահոգիչ դեպք է։ Մտավախություն առաջացնող մի քանի կարևոր շեշտադրում կա։ Անկախ, թե ինչ կհայտարարի ՔՊ-ի առաջնորդն ու իր թիմը, որոնք ներկայացնում են իշխանություն, ինպես ու ինչ բառերով կցավակցեն, հանրությունն ընկալում է մի պարզ բան։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը ընդդիմադիր էր, և նրա ընտրվելը իսկապես լուրջ խնդիր էր գործող իշխանության համար։ Դա ստիպում է, որ հանրության մեջ անմիջապես ծագի քաղաքական դրդապատճառի կասկած։ Պատճառը խորանում է նախկին սպանությունների, ողբերգությունների ֆոնին, որոնք կոծկվել ու չեն բացահայտվել։  Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղերձներում նախկիններին մեղադրում էր այն բանի համար, որ հանցագործություններն ու սպանությունները անպատժելի էին։ Իսկ հիմա, երբ համայնքապետին սպանել են նրա տան դիմաց, ոստիկան ընկերոջ հետ միասին, դա բերում է նույն հարցին․ արդյոք պետությունն ի վիճակի՞ է երաշխավորել քաղաքացիների,  պաշտոնյաների անվտանգությունը։ Հանրային ընկալումն այսպիսին է՝ տասնյակ ոստիկանների ներկայությունը դեպքի վայրում չի փոխում այն փաստը, որ հանրությունը սա ընկալի որպես ահազանգ՝  քաղաքական մրցակիցը սպանվել է իր տան դիմաց։ Սոցիալական ցանցերն աղմկում են այդ մասին։ Այդ կասկածն ավելի է խորանում՝ հաշվի առնելով նախկին ողբերգությունները, որոնք կոծկվել են և մինչ օրս բացահայտված չեն, չթվարկեմ։ 

Եթե գործը արագ չբացահայտվի, հանրային անվստահությունը կառավարության և իրավապահ համակարգի հանդեպ հասնելու է պիկի։ Սոցիալական ու քաղաքական դաշտում նոր լարվածություն է հասունանալու։ Այն  կարող է դառնալ ընդդիմության համար ուժեղ քաղաքական գործիք՝ ցույց տալու, որ երկրում անպաշտպան են ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև ընտրված համայնքապետերը։

Սպանությունը ոչ միայն քրեական, այլ քաղաքական ճգնաժամի ազդակ է։ Անգամ եթե հայտնաբերվի դիմակավորվածի ինքնությունը, քաղաքական ճգնաժամը կա՛ ու պիտի լուծվի։ Եթե սպանվում է ընդդիմադիր համայնքապետը՝ սեփական տան դիմաց, ոստիկան ընկերոջ հետ միասին և  հասարակությունն արդեն համոզված է, որ գործը չի բացահայտվելու կամ այն ուղղությամբ է տարվելու, որը հավասարազոր է լինելու չբացահայտվելուն, ուրեմն սա քաղաքական ճգնաժամի ազդակ է։ Իշխանությունն իր իրավական մարկետինգային ցանցով վաղուց սպառել է իրեն։ Դա է վկայում Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարված  գրառումները․ «Ասենք ի՞նչ խաղաղություն են թուրքից մուրում, որ ներսում իրար են մորթում։ Հայի տականքը ոչ մի ազգ չունի։ Գ. Նժդեհ», «Դուք չմարսեցիք ձեր պարտությունը,  սա ձեր ձեռքի գործն է դուք արյան մեջ թաթախված եք։ Ռադներդ քաշեք մեր երկրից։ Հետո ասում ես խոսքի ազատություն, ով խոսում է կամ բռնում եք կամ սպանում»։ Ձեզ եմ հարցնում՝ ամբողջ սոցիալական ցանցերը ողողված են նման գրառումներով։ Սա քաղաքական ճգնաժա՞մ է, թե քրեական գործ։ Փաշինյանի խաղաղությունը հասել է մեր տան առաջ․․․ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image