Քաղաքականություն

Մի տարեք ձեր ծնողներին ի փորձություն

Մի տարեք ձեր ծնողներին ի փորձություն

ՔՊ-ն՝ ընդհանրապես, իսկ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես, սիրում են կրկնել, որ իրենց ժողովուրդն է ընտրել, եւ իրենք ինչ անում են, ժողովրդի ուզելով եւ ժողովրդի համար են անում: Նույնիսկ ամենավատ բաները, որ անում են, ժողովրդի համար են անում: Արցախը տվեցին հանուն ժողովրդի, հասկանում ես: «Մեր էրեխեքն ընչի՞ պըտի Ղարաբաղ ծառայեն»․ սա էլ՝ ձեւակերպումը: Այսօր մեր երեխաները ծառայում են (եթե ծառայում են) Սիսիանի, Գեղարքունիքի, Սյունիքի լեռներում, կրակոցների տակ, ամիսներով խրամատներում կուչ եկած, անլվա, ո՛չ գիտեն՝ սահմանը որն է, ո՛չ գիտեն՝ վաղը որ հայկական գյուղի թիկունքում կհայտնվեն… Եվ սա, հասկանում ես, Նիկոլը, ՔՊ-ն եւ Ալեն Սիմոնյանը ժողովրդի համար են արել: Երեւանի կենտրոնը ժողովրդի համար բեռնաթափեցին, ժողովրդի համար «կարմիր գծերը» շատացրին, տրանսպորտը ժողովրդի համար թանկացրին… Շնչելը ժողովրդին վնաս ա, հասկանում ես, ժողովուրդը «պըտի» չշնչի՝ իր իսկ շահերից ելնելով: Դրա ձեւն էլ գտան՝ 7 միլիարդ պարտք դրին վզին, կոխեցին՝ գնաց… Ժողովուրդը, որպես կանոն, ատրակցիոններ շատ է սիրում: Այսօր մեր թիվ մեկ ատրակցիոնը շահումով խաղերն են: 17 միլիարդ փող է ֆռռում՝ ասում են: Այդ ատրակցիոնի ֆոնին դարդուցավի մեջ կորած մեր ժողովուրդը հիրավի դառնում է ամենաերջանիկ ժողովուրդն աշխարհում: Խաղում են բոլորը՝ փող են լվանում ՔՊ-շնիկները: Վաղը, երբ նրանց կհարցնեն՝ որտեղից ձեզ այսքան փող ու անշարժ գույք, այլեւս չեն ասի՝ մեր պապերն են ժառանգություն թողել: Կասեն՝ պայքարել ենք, շահել ազնիվ խաղով:

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, երբ ՔՊ-ն, Նիկոլը եւ Ալեն Սիմոնյանը վերարտադրվեցին ու սկսեցին անցնել «հանուն ժողովրդի» լկտիանալու բոլոր սահմանները, ժողովուրդն սկսեց մանրից ուշքի գալ՝ «սրանք վայթե մեզ էշի տեղ են դնում…»: 2024 թվին այդ կասկածներն այնքան խորն էին արդեն, որ ՔՊ-ին, Նիկոլին ու Ալեն Սիմոնյանին հազիվ հաջողվեց փրկել Երեւանը եւ քաղաքապետ կարգել Տիգրան Ավինյանին՝ հայ ժողովրդին անմնացորդ սիրով սիրող եւս մեկ ՔՊ-ականի… Դուք միայն ասեք՝ Ավինյանը կանի… Ավինյանը, այո, անում է, վատ էլ չի անում: Նկատի ունեմ հաբրգելը: Քաղաքական մեծամասնություն չունի ավագանիում, մազից է կախված, բայց այնպես է խոսում, ասես՝ ԱՆԻՖ հիմնադրամն իմն է եղել, ու ինքն է հայտնաբերել միլիարդների մսխումը: Մետրոն էլ երեւի ես պետք է բացեմ, ջրահեռացման համակարգը փոխեմ… Ինքն էլ պիտի ծառ կտրի ու հայտարարի, որ դա անում է ժողովրդի համար, ժողովրդի ասելով, խնդրանքով, հորդորով… Հա, ու մեկ էլ ինքը բնապահպանական հատուկ ծրագրերի շրջանակում պետք է էլեկտրական ավտո քշի, որ իրեն չասեն համբալ: Այս մասին՝ մի փոքր ուշ:

Եվ, ուրեմն, ամբողջացնենք ՔՊ-ական այս ունիկալ պլեադան՝ Նիկոլ, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան եւ… Վահագն Ալեքսանյան: Ի՞նչն է այս քառյակին միավորում, եթե հայտնի է, որ ՔՊ-ն ոչ մի գաղափարախոսություն չունի: Կասեք՝ իշխանությունը, որ պատահաբար ընկել է ձեռքները: Համամիտ եմ: Բայց եկեք մի փոքր մտնենք հարցի խորքերը: 2018 թվական… Հանրապետության հրապարակ, խոսում է քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը… Կեղծ էր, ինչ էր՝ էականը դա չէ: Էականն այն է, որ մեզանում առաջին անգամ, իհարկե, քաղաքական նպատակներով, օգտագործվում էր պապիկների ինստիտուտը: Ավելի ուշ «նորաձեւ դարձավ» ծնողներին, հարազատներին, հորքուր-մորքուրներին, աներ-աներձագներին, քեռի-եգաններին եւ այլոց քաղաքականության մեջ ներքաշելու պրակտիկան: Առաջիններից մեկը Նիկոլի լուսահոգի հայրն էր: Հողը խաբար չտանի՝ Վովան լավ մարդ էր: Ինքը Սերժ Սարգսյանից դեռ շատ առաջ զգուշացրեց, որ կարիք չկա նախրի մեջ ամենաքնձռոտ էշի ճակատը պաչելու: Լսող չեղավ: Հաջորդիվ արդեն Ալեն Սիմոնյանի մայրը մտավ քաղաքականություն՝ պատշգամբից ցուցարարներին անհարմար ժեստեր ցուցադրելով:

Հետո հերթը հասավ Տիգրան Ավինյանի հայրիկին: Opel-ների ու համբալների պատմությունը երկար չպատմեմ, այլ միայն ասեմ, որ Ավինյանի հայրիկը Նիկոլի հոր կեսի չափ էլ հայրենասիրություն չցուցաբերեց: Խեղճ որդին ստիպված եղավ անգամ ներողություն խնդրել: Ճիշտ է, Opel-ների վարորդները դատի տվեցին քաղաքապետի հայրիկին, բայց մոռացկոտ ժողովուրդը հաշտվեց նաեւ այդ միջադեպի հետ՝ դե մարդ էր, նեղվել էր, կայանելու տեղ չէր գտել, մի բան ասաց…

Այս օրերին, արդեն ՔՊ-ի՝ «մարտի են գնում միայն ծերուկները» ծրագրի շրջանակներում ասպարեզ է ելել ոչ անհայտ ՔՊ-շնիկ, պատվավոր ուսապարկ Վահագն Ալեքսանյանի մայրիկը: Դա, ճիշտ է, տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում իրականացված ծեծի օրը, բայց «հերոս թաղապետ» օպերան ոչնչով չնսեմացրեց Վահագն Ալեքսանյանի մայրիկի շուրջ ծագած աղմուկը: Համացանցը հավասարաչափ պայթում էր թե՛ մեկ եւ թե՛ մյուս իրադարձության մասին վիդեոներից ու գրառումներից:

Ի տարբերություն Նոր Նորքի թաղապետի համար դոշ տվող «Հանրապետություն» կուսակցության БТР-ների, Վահագն Ալեքսանյանի մայրիկի համար դոշ էին տալիս ՔՊ-ի БТР-ները: Եթե առաջինների հիմնավորումն այն էր, որ թաղապետը «լավ ա արել, ծեծել ա», ապա ՔՊ-ականները շեշտը դնում էին կնոջ՝ տարեց լինելու, ձեռնափայտով տեղաշարժվելու, խանութից վերադառնալու հանգամանքների վրա՝ չնկատելով մի շարք այլ հանգամանքներ, որ, օրինակ, Վահագն Ալեքսանյանի մայրիկն է նախահարձակ եղել, որ նրան ոչ ոք չի քաշքշել (ինչպես Վահագն Ալեքսանյանն էր ասել իր եթերում), որ նա երկու անգամ մոտենում է ակցիա անող երիտասարդներին՝ առաջին անգամ ցերեկով ու առանց ձեռնափայտի, իսկ երկրորդ անգամ՝ մթության քողի տակ եւ ձեռնափայտով: Պարոն Վահագն Ալեքսանյան, տեսանյութերը կան, մայրիկի խոսույթն էլ ամբողջությամբ առկա է, եւ ոչինչ այլեւս փոխել հնարավոր չէ: Ինձ ընդամենը մեկ հարց է հետաքրքրում՝ սա ի՞նչ սովորություն է՝ ծնողներին քաղաքականության մեջ ներքաշելը, որին հետեւում եք գրեթե ողջ թիմով:

Դուք չգիտե՞ք, որ քաղաքականության մեջ բլիթ չեն բաժանում… Մի հատ տեսեք, թե ձեզ ինչ զազրելի ու կեղտոտ բնորոշումներ են տալիս հանրության շրջանում՝ չնայած որ կաշվից դուրս եք գալիս՝ հանուն ժողովրդի լավ բաներ անելու համար: Մի արեք, խնդրում եմ: Զզվելի է, երբ մտածում ես՝ որդիները պատասխանատու չեն իրենց ծնողների պահվածքի համար, բայց այդ նույն որդիները միտումնավոր իրենց ծնողներին են դեմ տալիս հանրությանը, որ թուքումուրը խեղճ ծնողներին հասնի: Հիմա էլ կանգնում ասում ես՝ վերջ, կարմիր գծեր այլեւս չկան, տեսեք, թե մորս վիրավորողներին ինչ եմ անելու… Նախ՝ մորդ չեն վիրավորել, եւ ապա՝ ի՞նչ ես անելու: Տանդ առաջ մի սատկած մուկ ես տեսել՝ լցրել ես տակդ: Հանգստացիր, դա պատահական մուկ է, որ պատահաբար սատկել է դռանդ առջեւ, ու դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք դու չես սատկացրել: Տարեց մորը սադրանքի ուղարկող որդիներն ինչ ասես կանեն:

ՀԳ. Սիրեք ձեր ծնողներին այնպիսին, ինչպիսին նրանք կան, եւ մի տարեք նրանց ի փորձություն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image