Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանի սպառնալիքներից կայսրությունները սարսափած են

Արթուր Հովհաննիսյանի սպառնալիքներից կայսրությունները սարսափած են

Մարդիկ իշխանություններից պահանջում են կատարել իրենց անմիջական պարտականությունը, պահանջում են հանրային ծառայություն իրականացնել, սրանք պատասխանում են գժություններով՝ խոսում են անկախությունից, գուբերնիա կամ վիլայեթ չդառնալուց: Հերոս հարկատուները՝ բեռնափոխադրողները, կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում եւ պահանջում, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի իշխանության հետ բանակցի, պայմանավորվի, որ իրենք հնարավորություն ունենան տարվա մեջ ոչ թե 90, այլ 180 օր լինել Ռուսաստանում, որ կարողանան չարքաշ աշխատանքով, օրերով ճանապարհներին ու մաքսատների մոտ հերթերում գիշերելով, ցրտի ու շոգի պայմաններում Հայաստանից բեռներ տանել Ռուսաստան, Ռուսաստանից՝ Հայաստան, հարկ վճարել, որ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները ոչ թե երկիր կառավարեն, այլ իշխեն իրենց հպատակների վրա: Փաշինյանը, ի պատասխան այդ բողոքի ակցիայի, լայվ է մտնում եւ հերթական անգամ պահանջում, որ երեք նախագահները գան իր հետ հեռուստաբանավեճի՝ մի բան, որ բացի իրենից որեւէ մեկին հետաքրքիր չէ եւ ոչինչ չի տալու ո՛չ երկրին, ո՛չ նրա քաղաքացիներին:

Իր ենթակայության տակ գտնվողներին էլ հրահանգում է ստատուսներ գրել, թե մենք ինքնիշխան պետություն ենք, գուբերնիա չենք դառնա, մենք մեր անկախությունը հանուն ձեր աշխատելու իրավունքի չենք զիջի: Ամեն անգամ, երբ Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ խնդիր է առաջանում, Փաշինյանն ու իր ենթակաները փորձում են ոչ թե լուծել այդ խնդիրը, այլ հիշում են Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության մասին: Այդպես ավելի հեշտ է եւ ամենակարեւորը՝ ո՛չ խելք է պահանջում, ո՛չ գիտելիք, ո՛չ ջանք, որից ոչ մեկն իրենք չունեն:

Այն նույն ժամանակ, երբ բեռնափոխադրողները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպում եւ սպառնում իրենց բեռնատարներով ճանապարհներ արգելափակել, եթե իշխանությունը չլուծի իրենց խնդիրը, ՔՊ-ական հզոր գործիչ Արթուր Հովհաննիսյանը եւ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող այլ գործիչներ նրա հրահանգով սոցցանցերում գրառումներ են անում՝ գուբերնիա-վիլայեթ երկընտրանքի վտանգավորության մասին՝ շեշտը դնելով միութենական պետության գաղափարի անընդունելիության վրա: Տխրահռչակ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը նիկոլապատվերի շրջանակներում գրում է. «Այսօր էլ կայսրությունների վարած այս քաղաքականությունը դեռ շարունակվում է եւ իր կերպարանքն է ստանում տարբեր քաղաքական ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանների, Սերժ Սարգսյանների, Արման Թաթոյանների, Արթուր Վանեցյանների, Տաշիր Սամոների, վերջիվերջո, դաշնակների տեսքով։

Ու նրանք հայ ժողովրդին արդեն անթաքույց կերպով ասում են՝  կա՛մ միութենական պետություն ես, կա՛մ թրքահպատակ շանորդի՝ չհասկանալով անգամ, որ նման բան ասելով, կամա թե ակամա, վերածվում են Հայաստանը միութենական պետության կազմում տեսնել երազող շանորդիների»։ Եվ քանի որ կայսրությունների դեմ պայքարի ելած Նիկոլ Փաշինյանը եւ Արթուր Հովհաննիսյանն այնքան քաջ են, որ չեն վախենում այդ կայսրություններից, պատրաստ են մեջտեղից ճղել, 20 կտոր անել ցանկացած կայսրություն, Հովհաննիսյանը վերջում ավելացնում է. «Այստեղ մենք ընտրելու հարց բացարձակապես չունենք: Հայ ժողովրդն ընտրել եւ ընտրում է ժողովրդավարությունը, կրթությունը, նորարարությունը, քաղաքակրթությունը, խաղաղությունը, հայ ժողովուրդն ընտրում է Հայաստանի ազատ եւ ինքնիշխան հանրապետությունը»: Կարծում ենք՝ կայսրությունները նման գրառումից հետո վախց սփրթնելու, փշաքաղվելու են, որովհետեւ գիտեն, որ Արթուր Հովհաննիսյանն ականջ ու լեզու կտրելու հակում ունի, իսկ գժերի ու մանիակների հետ ոչ մի նորմալ մարդ, էլ չենք խոսում կայսրության մասին, չի ցանկանում գործ ունենալ:

Ի՞նչ է Արթուր Հովհաննիսյանի կամ իր ենթակա այլ հպատակների միջոցով հայ հասարակությանն ասում Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, ասում է, որ ինչ խնդիրներ էլ դուք ունենաք, Ռուսաստանի հետ մենք չենք բանակցի եւ դրանց լուծում չենք տա, որովհետեւ, եթե մենք Ռուսաստանին խնդրենք՝ մեր բեռնափոխադրողների համար արտոնություն սահմանել, որ նրանք տարվա մեջ 180 օր մնան ՌԴ տարածքում, Ռուսաստանը դրա դիմաց կպահանջի անդամակցել միութենական պետությանը, բայց Հայաստանի համար իր անկախությունն ավելի կարեւոր է, քան ձեր բեռնափոխադրումները: Եթե դուք շարունակեք ձեր բողոքի ցույցերը կամ փորձեք ճանապարհ փակել, մենք կհամարենք, որ դուք դա անում ենք Տաշիր Սամոների, Ռոբերտ Քոչարյանների, դաշնակների եւ մյուսների ցուցումով՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, եւ դուք պետական հեղաշրջման փորձի կամ որեւէ այլ մեղադրանքով կհայտնվեք այնտեղ, որտեղ այժմ Սամվել Կարապետյանը եւ մյուս քաղբանտարկյալներն են: 

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի խոսափող Արթուր Հովհաննիսյանը խոսում վիլայեթացման մասին, չէ՞ որ պահանջը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մի պարզ պատճառով. մարդիկ կարող են ասել՝ լավ, դուք չեք ուզում, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենանք, առեւտուր անենք, այդ դեպքում մեզ այլընտրանք առաջարկեք, հնարավորություն տվեք մեր մեքենաները վարել ոչ թե Ռուսաստան, այլ՝ ԵՄ կամ Ավստրալիա: Բայց Փաշինյանն արդեն չորրորդ տարին անընդմեջ աղերսում է, որ Թուրքիան սահմանը բացի, որ դեպի ԵՄ ճանապարհ ունենան, թուրքերը մերժում են: Ավստրալիա ցամաքային ճանապարհ դեռ Փաշինյանը չի հայտնաբերել, բայց Արթուր Հովհաննիսյանը եւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այդ ուղղությամբ ջանասիրաբար աշխատում են: Վիլայեթացումը չի ստացվում: Դրա համար է, որ Արթուր Հովհաննիսյանը, մերժելով միութենական պետության գաղափարը, չի ասում, թե մենք շարժվում ենք ԵՄ անդամակցության ուղով: Մարդիկ տեսնում են, որ նման շարժում չկա, դիմացը փակուղի է:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը բացի գժությունից, ուրիշ որեւէ ռացիոնալ քայլ, գործողություն չեն կարողանում անել, անընդունակ են անելու: Մարդիկ դա տեսնում են, հասկանում են ու մտածում, թե ինչպես է հնարավոր ազատվել գժերից ու նրանց գժություններից:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image