Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանի հերթական մութ գործարքը խոշոր բիզնեսի հետ

«Հրապարակ». Փաշինյանի հերթական մութ գործարքը խոշոր բիզնեսի հետ

Անցյալ հինգշաբթի կառավարությունը որոշում կայացրեց՝ «Վիվա Արմենիա» ընկերությունում իր ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը 50 մլն դոլարով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ: Դեռ 1,5 տարի առաջ՝ 2024 թվականին, «Վիվա Արմենիա» ընկերության սեփականատեր՝ ինչ-որ անհայտ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերություն ՀՀ կառավարությանն է նվիրաբերել իրեն պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 20 % բաժնեմասը։ Այժմ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն առաջարկել է կառավարության հետ կնքել վաճառքի օպցիոն պայմանագիր, որով կկարողանա հետ գնել իր իսկ նվիրաբերած բաժնետոմսերը:  

Հիշեցնենք․ Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited-ը «Վիվա Արմենիայի» բաժնետերը դարձավ 2024 թվականին, երբ ռուսական «Мобильные Телесистемы» (ՄՏՍ) ընկերության դուստր «ՎիվաՍելը» դուրս եկավ ռուսական MTS խմբից: 

Ի դեպ, 2024 թվականին, երբ կառավարությունն ընդունում էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի նվերը, Փաշինյանը գլուխ էր գովում, թե Հայաստանի ժողովուրդը հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերության 20 տոկոս բաժնեմասն է ստանում: Ի՞նչ եղավ հիմա, ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ որոշեց, որ Հայաստանի ժողովրդին պետք չէ այդ բաժնեմասը, մինչ օրս պարզաբանված չէ: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարությունն իր բաժնեմասը վաճառում է՝ կատարելով «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի պահանջը: Նա հիշեցնում է, որ 2024 թվականին այս ընկերությունը բաժնետոմսերը ՄՏՍ-ից գնել է 200 մլն դոլարով, եւ դրանց 20 տոկոսը Հայաստանի կառավարությանը նվիրաբերելուց հետո կառավարությունը որեւէ մասնակցություն, միջամտություն այս կազմակերպության գործունեության մեջ չի ունեցել, որեւէ կերպ չի մասնակցել կառավարմանը: 

«Վերջին շրջանում «Վիվա Արմենիան» նախատեսել է մի շարք խոշոր ներդրումներ, նախագծեր: Օրինակ, պարտատոմսեր թողարկեց մոտ 80 մլն դոլարի չափով: Նրա վերջին գործարքը «Օվիո» ընկերության գնումն էր՝ նախկին «Ռոստելեկոմի»: Կարծում եմ, այս ընկերությունը ցանկանում է մի շարք խոշոր ներդրումներ իրականացնել «Վիվա»-ում, որի արդյունքում կարող է թանկանալ «Վիվա»-ի արժեքը, եւ նա իր համար որոշակի երաշխիքներ է ստանում, որ այդ ներդրումներն անելուց հետո ՀՀ կառավարությունը, որը չի մասնակցում այս պրոցեսներին, թանկ չի վաճառի բաժնետոմսերը: Կարծում եմ, սա է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի հետաքրքրությունը»,- ասում է տնտեսագետը: 

Իսկ ո՞րն է ՀՀ կառավարության հետաքրքրությունը: «Ակնհայտ է, որ այս քայլը չի իրականացվում պետության տնտեսական քաղաքականության նպատակներից ելնելով: Սա ուղղակի անհատական պայմանավորվածություն է՝ ընկերության 80 տոկոսի սեփականատիրոջ հետ»,- ասում է տնտեսագետը եւ հիշեցնում, որ ՀՀ վարչապետը նախկինում հայտարարում էր, թե «Վիվա Արմենիայի» բաժնետերը դառնալով՝ ապագայում նախատեսում են, որ բաց բաժնետիրական ընկերություն են դառնալու, որ բոլորը կկարողանան գնել «Վիվա»-ի բաժնետոմսերը, դրանք կհանեն վաճառքի, հասանելի կլինեն եւ այլն: «Եվ այս քայլը՝ բաժնետոմսերի վաճառքը, հակասում է նախկին հայտարարություններին», - նշում է Սուրեն Պարսյանը: 

Այլ կերպ ասած՝ մութ, անհասկանալի պայմանավորվածություն ունենալով Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի հետ, ՀՀ կառավարությունն իրականացնում է այն: «Այս որոշման մեջ որեւէ երկարաժամկետ քաղաքական մոտեցում չկա: Իհարկե, ուշ թե շուտ, կառավարությունը վաճառելու էր բաժնեմասը, բայց չէ՞ որ այն ժամանակ որոշել էին, որ ԲԲԸ է դառնալու ընկերությունը: Օրինակ, ես ու դուք, գուցե, ուզեինք բաժնետոմս գնել, բայց այս ամենը չեղավ»: 
Պարսյանն այս գործարքում զավեշտ է տեսնում: «Փաստորեն, կառավարությունը սրանով ասում է՝ դե, պետությունը լավ կառավարիչ չէ: Նա պետք է վաճառի, բայց, չգիտես ինչու, ՀԷՑ-ի պարագայում նա որոշում է կառավարել ՀԷՑ-ը: Երկուսն էլ Հայաստանի համար՝ ե՛ւ ՀԷՑ-ը, ե՛ւ բջջային կապը, ռազմավարական ենթակառուցվածքներ են: Բայց, ըստ էության, կառավարությունն այս երկու ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ տարբեր մոտեցումներ ունի: Մի դեպքում վերցնում ու կառավարում է, մյուս դեպքում փորձում է ազատվել»: 

Ի դեպ, «Վիվա Արմենայի» բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի ցանկում էր: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ ոչ թափանցիկ, անհասկանալի գործարքները վանում են ներդրողներին: Նա նշում է, որ չի հասցրել խորանալ գործարքի մանրամասներում, բայց հիշեցնում է՝ դեռ 2024-ին, երբ տեղի էր ունեցել բաժնետոմսերի նվիրաբերության ոչ թափանցիկ գործարքը, ինքը զգուշացրել է՝ Հայաստանում ներդրումներ չեն լինելու: 

«Սամվել Կարապետյանի դեմ արշավից հետո ես ուզում եմ տեսնել այն գլխավոր հերոսին, որը կգա՝ Հայաստանում ներդրում կանի: Մարդն առնվազն տխմար պետք է լինի, որ Հայաստանում երկարաժամկետ ներդրում իրականացնի խոշոր ենթակառուցվածքներում: Բիզնեսմենները բոլորից խելոք են եւ երբ որ տեսնում են, որ առանց դատ-դատաստանի կարելի է ուղղակի արշավել խոշոր գործարարների, համակարգաստեղծ ընկերությունների վրա, ամեն ինչ էլ հնարավոր է Հայաստանում»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image