«Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներից մեկնումեկին խնդրում եմ ծեծել Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակի դուռը եւ առանց գոռգոռալու, հարգալից տոնով հետաքրքրվել՝ չի՞ պատրաստվում, արդյոք, պարոն Քոչարյանը եւս մեկ անգամ հարցաքննել Նիկոլ Փաշինյանին: Եթե նա իր դեմքին զարմանքի արտահայտություն տա եւ հետաքրքրվի՝ ինչո՞ւ, ասեք, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք պարզելու համար Նիկոլին պետք է նորից հարցաքննել: Բանն այն է, որ միայն ՌԴ նախագահ Պուտինը չէ, որ Փաշինյանին առաջարկել է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը եւ խուսափել ավելի մեծ կորուստներից ու զոհերից: Էլի մարդիկ կան, ազդեցիկ գործիչներ, որոնք, պարզվում է, Փաշինյանին առաջարկել են կանգնեցնել պատերազմը պատվաբեր եղանակով եւ մեզ ավելի ձեռնտու փուլում: Խոսքը, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության նախկին արտգործնախարար Զարիֆի մասին է, որի հուշերից մի փոքրիկ հատված է հրապարակայնացվել: Մարդ ես՝ Քոչարյան Անդոն գուցե չի լսել այդ մասին: Նրան պետք է ներկայացնել Զարիֆի այդ խոսքերը եւ պահանջել, որ նա Նիկոլ Փաշինյանին հրավիրի նոր հարցաքննության: Քաղաքացի Նիկոլ Փաշինյան, փաստորեն, քեզ չորս կողմից առաջարկել են կանգնեցնել կործանարար պատերազմը, ու դու չե՞ս համաձայնել: Ինչո՞ւ… Էդ ինչի՞դ վրա էիր այդքան ինքնավստահ դարձել, չլինի՞ Արծրուն Հովհաննիսյանի հաղթական զեկույցների:
Քոչարյան Անդրանիկը, ի դեպ, սրանով կարող է շատ կարեւոր մարդ դառնալ Հայաստանում: Նկատի ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրելով: Գրեթե վստահ եմ, որ Փաշինյանն այս անգամ էլ կֆռռացնի մեր հանրությանը, բայց, ինչ էլ լինի, դրանից միայն Քոչարյան Անդոյի ռեյտինգը կբարձրանա: Փաշինյանի ստերը նորություն հո չե՞ն: Այլ բան է Քոչարյան Անդոյի համարձակությունը, որ կարող է սենսացիա առաջացնել եւ նոր էջ բացել Նիկոլստանի պատմության մեջ: Եվ, ուրեմն, այս հարցում Անդրանիկ Քոչարյանի պոչը պետք է բռնել: Էն մնացած ՔՊ-շնիկները գրոշի արժեք չունեն: Նրանց կարծիք-մարծիքները Նիկոլի համար «ասնավանի» չեն: Նույնիսկ Ալեն Սիմոնյանը, որ ԱԺ նախագահ է, չի կարող Քոչարյան Անդոյին հանդիմանել, թե այսքան ռոճիկ եմ տալիս քեզ, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրես, իսկ դու պարապ-սարապ ֆռֆռո՞ւմ ես, ինչո՞ւ Նիկոլին չես կանչում նոր հարցաքննության, ի վերջո, նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Ալեն Սիմոնյանը կվախենա նման բան ասել Քոչարյան Անդոյին, որովհետեւ 44-օրյա պատերազմի գլավարները եղել են Նիկոլն ու Քոչարյան Անդոն: Նրանք շատ բան գիտեն ու շատ բան են պարտակել: Կպարտակեն նաեւ ԻԻՀ նախկին արտգործնախարարի հուշերը եւս, եւ վատամարդն էլի Ալենը կմնա: Գործից կհանեն, եղբոր բիզնեսները կխլեն, էս անգամ ոչ թե հարսին, այլ գուցե հենց իրեն «նստացնեն»` 44-օրյա պատերազմի օրերին ցուցաբերած «բեզդելնիկության» համար:
Մեր վերլուծաբաններից ոմանք, ոգեւորված ԻԻՀ արտգործնախարար Զարիֆի հուշերի մեջ առկա այս տեղեկությունից, առաջարկում են այն վերածել քաղաքական պայքարի լուրջ կռվանի եւ ստիպել Փաշինյանին՝ հաշվի նստել նոր իրողության հետ: Իսկ նոր իրողությունն էլ այն է, որ Փաշինյանը, չգիտես՝ միտումնավոր, թե ինչ-ինչ կենտրոնների եւ ուժերի ազդեցության տակ, հրաժարվել է Հայաստանի դաշնակիցների՝ պատերազմը մեզ համար պատվաբեր ձեւով կանգնեցնելու առաջարկներից: Հրաշալի միտք է, իհարկե, դա պետք է անել, պետք է անել արագ, Փաշինյանին թույլ չտալ, որ շնչի, լրացուցիչ խուսանավումներ մշակի, մանիպուլյացիաներ մոգոնի… Պուտինի բացահայտումների ժամանակ ի՞նչ արեց, հիշո՞ւմ եք: Ասում էր` եթե ես դադարեցնեի պատերազմը, ինձ դավաճան կասեին: Բայց ավելի վատ եղավ, չէ՞. հիմա թե՛ դավաճան են ասում, թե՛ թուրք, թե՛ ամեն ինչ: Հետո էլ հայտարարեց՝ բա մեզ դժբախտ ու դժգույն հայկական Շուշի պե՞տք էր: Նույնն էլ կարող է հիմա անել, եթե Զարիֆի հուշերը դեմ տանք ու հարցնենք՝ ինչո՞ւ թույլ չտվեցիր, որ Իրանը մեզ համար պատվաբեր եղանակով կանգնեցնի պատերազմը: Ի վերջո, թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Իրանի համար ընդունելի չէր, որ Արցախը (Ղարաբաղը) անցներ Ադրբեջանին, որովհետեւ ժամանակին, երբ «Ադրբեջան» հասկացություն չկար էլ, այն եղել է ռուս-պարսկական պատերազմների ու բանակցությունների առարկա: Ու հիմա կարող է պարզվել, ուստա Նիկոլ, որ դու Պրահայում «ռազբազարիտ» ես արել Հայաստանի բնական դաշնակիցների երբեմնի տիրապետություններն ու սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին: Հորդ տնի՞ց էիր բերել Արցախը, որ տվեցիր: Թե ստիպել են՝ ասա, որ ստիպել են, թե սպառնացել են՝ ասա, որ սպառնացել են, ատրճանակի փողը դրել են քունքիդ… Ի վերջո` ասա, թե ովքեր են սպառնացել, ովքեր են խաբել քեզ, հիմարեցրել, շահագրգռել...
Մեր վերլուծաբանները կարծում են, որ այս հարցադրումները պետք է դնել նաեւ Սրբազան շարժման հիմքում եւ այդկերպ ուժեղացնել շարժման քաղաքական բաղադրիչը: Վատ չէր լինի, բայց Սրբազան շարժումը մի քիչ դանդաղաշարժ է դրա համար: Կարելի է նախ դիմել դատախազություն եւ ԱԱԾ՝ Փաշինյանի դեմ այս դրվագով գործ հարուցելու եւ ձերբակալելու պահանջով: Թող այդ մարմիններն իրենց անելիքն անեն, մինչեւ Քոչարյան Անդոն վերադառնա արձակուրդից: