Քաղաքականություն

Վաղը հաստատ ուշ կլինի

Վաղը հաստատ ուշ կլինի

Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն Ուկրաինայից կախված է այնքանով, որքանով գլոբալ տաքացումը: Ճիշտ է, Գերագույն ռադայի առանձին պատգամավորներ (օրինակ, Դմիտրի Դուբինսկին) պնդում են, որ Ուկրաինայի նոր իշխանությունները կկարողանան դա անել, բայց մինչ նոր իշխանություն ձեւավորելը դեռ պետք է իշխանափոխություն կատարել Ուկրաինայում, ինչը եւս Ուկրաինայից եւ ուկրաինացիներից կախված չէ: Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր չափվում են ճիշտ այս երկու իրողությամբ՝ Ուկրաինան ի վիճակի չէ դադարեցնել պատերազմը, եւ ուկրաինացիներն ի վիճակի չեն նոր իշխանություն ձեւավորել: Կարելի է համարել, որ այսօր Ուկրաինա անվամբ պետություն կա միայն թղթի վրա:

Իրավիճակը շատ տարբեր չէ նաեւ Հայաստանի պարագայում: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ինչքան էլ Նիկոլը խոսի դրա մասին, բացարձակապես կախված չէ Հայաստանից, մյուս կողմից էլ՝ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումն է անհնար, եթե Նիկոլը, ինչպես Զելենսկին, հրաժարական չտա ու շարունակի խաղալ օտարի խաղերը: Շատ շուտով մենք ստիպված կլինենք արձանագրել, որ Հայաստան անունով պետություն, փաստորեն, գոյություն ունի միայն թղթի վրա, քանզի այն այլեւս զուրկ է անկախության եւ ինքնիշխանության բոլոր քաղաքական ատրիբուտներից: Ե՛վ Զելենսկին, ե՛ւ Նիկոլը փալաս են, խամաճիկ, խրտվիլակ, երկուսն էլ ղեկավար են թղթի վրա:
Մեր բախտը մի փոքր բերել է այն հարցում, որ, ի տարբերություն Ուկրաինայի, ուղիղ առճակատման մեջ ենք ոչ թե Ռուսաստանի նման միջուկային տերության, այլ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ, մի երկրի, որն իր հերթին հազար ու մի խնդիր ունի աշխարհի ամենատարբեր ուժային կենտրոնների հետ: Սա մեզ խուսանավելու հնարավորություն է տալիս, բայց ոչ երբեք Նիկոլի նման մեկի ղեկավարության ներքո: Ադրբեջանն այսօր հզոր է Նիկոլով եւ Նիկոլի թիմով, Ադրբեջանն իր բոլոր նկրտումներն այսօր արդարացնում է Նիկոլի հայտարարություններով ու քայլերով, Ադրբեջանն իր զավթողական քաղաքականությունը բալանսավորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիայով՝ այդկերպ Հայաստանի ոչնչացմանը ներգրավելով ՆԱՏՕ-ին՝ ի դեմս Թուրքիայի: Այս իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանին պետք է մեկ բան՝ իշխանափոխություն, իսկ ավելի ճիշտ՝ գործող իշխանությունների կայծակնային հրաժարական եւ արտահերթ ընտրություններ:

Մնում է Նիկոլի՞ն համոզել: Ի՞նչ կա որ, կարելի է փորձել: Նիկոլ, գնա, հավաքիր փալաս-փուլուսդ ու գնա, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել: Եթե «թավանի» տակ չես, եթե Էրդողանից ու Ալիեւից փողեր չես վերցրել, եթե Արեւմուտքին չգիտեմ ինչ խոստումներ չես տվել իշխանությանդ դիմաց, ապա վեր կաց ու գնա: Գնա Ռուսաստան, քեզ ոչ ոք չի դատի այնտեղ, քո հետեւից ոչ ոք չի գա, գնա այնտեղ ապաշխարիր քո բոլոր հանցագործությունները եւ խելապակասությանդ պատճառով Հայաստանին պատուհասած դժբախտությունները: Սա ելք է այս վիճակից, հույս, որ Հայաստանը չի դառնա պետություն թղթի վրա: Փաշինյան, քո հեռացումից հետո միայն հնարավոր կլինի արժանապատիվ խաղաղություն հաստատել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլեւ ողջ Հարավային Կովկասում: Կխաղաղվեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան եւ թե՛ Վրաստանում կրկին քաոս հաստատել ցանկացող ՆԱՏՕ-ն:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր՝ «Վաղը ուշ կլինի» առաջնորդող հոդվածում գրում է. «Հիմա յուրային-թշնամի, սեւ-սպիտակ անելու ժամանակը չէ, պետք է հրաժարվել թշնամանք ու պառակտում մտցնելու վեցամյա մարտավարությունից, հայ ժողովրդի ամբողջ պոտենցիալը մոբիլիզացնել, որ ազգովի ելքեր գտնենք, որ ստիպենք Ադրբեջանին՝ ախորժակը փակել, գերիներին հետ բերենք, նոր կտորներ չտանք մի բուռ դարձած մեր հայրենիքից: Բայց, դատելով այս իշխանությունների կեցվածքից, նրանք չեն համարում, որ Հայաստանի գլխին վտանգ կա կախված: Այնպես, ինչպես 2020-ի պատերազմից առաջ կամ 2023-ին` Արցախի դատարկվելուց առաջ չէին համարում: Այն, թե ինչ հեշտությամբ Տավուշից հողեր հանձնեցին եւ Կիրանցը երկու կես անելը հռչակեցին որպես հաղթանակ, նույնն անելու են մնացյալ Հայաստանի հետ: Սրանք ունակ չեն խելոք խորհուրդներ լսելու, օգնության առաջարկներ ընդունելու: Լավագույն ապացույցը Վարդան Օսկանյանի հարյուրավոր առաջարկներն ու խորհուրդներն անտեսելն է: Հայրենիքի հանդեպ մեկ գրամ իսկ սեր ունեցող իշխանությունը վաղուց Վարդան Օսկանյանին ներգրաված կլիներ բանակցային պրոցեսում եւ կօգտագործեր նրա պոտենցիալը»: Խմբագրի դիտարկումն անթերի է, խոսք չկա, բայց ժամանակավրեպ է վերնագիրը՝ «Վաղը ուշ կլինի»: Իսկ ինչո՞ւ վաղը, եթե այսօր արդեն ուշ է: Ինչո՞ւ ենք մենք մեզ կերակրում այն հույսով, թե այս իշխանությունների հետ տակավին հնարավոր է ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան փրկել… Վարդան Օսկանյանը չէ՝ Աստված էլ իջնի, Նիկոլի ձեռքից բռնած ճանապարհ ցույց տա, դարձյալ ոչինչ հնարավոր չի լինելու շտկել: Այնպես չեն փչացրել ամեն բան, որ հույս ունենանք, թե դեռ կարելի է ինչ-որ բան իր տեղը գցել: Աստծուն էլ առանձնապես անելիք չի մնա Հայաստանում, եթե Նիկոլն արդեն այսօր հրաժարական չտա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image