Սեփական ցնորամիտ գաղափարները հիմնավորելու նպատակով վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հերթական անգամ դիմում է կեղծիքի: Անդրադառնալով այն կեղծ լուրերին, թե Թուրքիայի նախագահն արդեն որոշել է, թե ով պետք է լինի հայոց հերթական կաթողիկոսը, վերջինս, իր ասելով, չի զարմանում նման լուրերից: Քանի որ, շարունակում է, դարերով այդ հարցը որոշվում էր Թուրքիայում, Իրանում ու նաև Ռուսաստանում: Աչքիս, ինքը տեղյակ չէ, որ իր հիշատակած՝ Պապ թագավորի օրոք կաթողիկոսին Մեծ Հայքում ընտրելու հանգամանքը միակը չէր: 1995-ին նորանկախ պետության ղեկավարության կողմից է ընտրվել Գարեգին Ա Սարգսյան կաթողիկոսը՝ մինչ այդ ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ: Եվ վերջապես, 1999-ին Գարեգին Բ Ներսիսյանը՝ գործող կաթողիկոսը: Ինչը նշանակում է, որ ՀԱԵ-ն կարիք չուներ, որպեսզի ասպարեզում հայտնվեր Փաշինյան Նիկոլն ու բարձրաձայներ հայոց կաթողիկոսին Հայաստանում ընտրելու կարգի հարցը: Ու ձևավորեր, իր ասած, այդպիսի ընտրություն կատարելու կուլտուրան:
Ի դեպ, այդ համատեքստում օգտագործում է մի արտահայտություն, որ մի քանի անգամ լսելուց հետո էլ հասկանալի չդարձավ: Խնդրեմ՝ «Հոլովում (՞՞՞) են այն մարդիկ, ով էդ կուլտուրայի մեջ են»: Բացի այն, որ չի հասկացվում «հոլովում» բառի իմաստը, առկա է նաև կեղծիք, և այն տեսնում ենք ընդհանուր համատեքստից հասկացվող իմաստում: Ինչի մասին արդեն ասվեց՝ վարչապետի հիշատակած ոչ հայաստանակենտրոն կուլտուրայի մեջ եղած մարդիկ 1995-ից կատարեցին այն ընտրությունը, որ ինքն, իր ասելով, փորձում է նախաձեռնել: Եվ ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, իրենց ընտրությամբ այդ մարդիկ փորձեցին կատարել հայանպաստ մեծ գործ: Այն է՝ Կիլիկիո Գարեգին Ա -ին կաթողիկոս ընտրելով՝ փորձեցին միավորել հայոց եկեղեցու երկու ճյուղերը՝ Անթիլիասի ու Էջմիածնի կաթողիկոսությունները: Ուրիշ հարց, որ այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցավ:
Ինչ մնում է թուրքական կամ ռուսական կայսրության ֆորմատով ընդունված վերջին կանոնագրքերին, ապա այդ հարցում ինքն ամբողջությամբ իր ամպլուայի (դերակատարման) մեջ է: Մեր օրերում կաթողիկոսի ընտրության կարգը ոչ մի կապ չունի թուրքական կամ ռուսական կայսրությունների հետ: Հենց միայն այն հանգամանքից ելնելով, որ 1995-ի և 1999-ի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ գործընթացին մասնակցած հոգևոր և աշխարհիկ անձանցից ոչ մեկը չէր փորձում ստանալ ռուսական «դաբրո»-ն կամ թուրքական «օնայ վարմեկ»-ը (թարգմանությունը Գուգլի ԱԲ-ի): Ինչ մնում է Հայաստանի ղեկավարի (Փաշինյանի)՝ Թուրքիայի ղեկավարից թույլտվություն ստանալուն, ապա միայն նիկոլականը և կամ կույրն ու խուլը չեն տեսնի ու լսի, որ այն ամեն հակահայկականը, ինչ կատարվում է առնվազն 2020-ից այս կողմ Հայաստանում, ուղղորդված է Թուրքիայի ղեկավարի կամ նրա կրտսեր եղբայր Իլհամի կողմից:
Ու հենց այդտեղ է դրսևորվում ծայրագավառային այն մտածողությունը, որի կրողը լինելու մեջ վարչապետի աթոռից կառչած անձը մեղադրում է նախկիններին՝ սակայն, առանց կոնկրետացնելու հասցեատերերին: Եվ ուրիշներին մեղադրելով հայրենիքի և պետության միասնության բացակայության առումով՝ չի տեսնում սեփական աչքերում առկա գերանը: Որովհետև միայն հակահայաստանյան մտածողությամբ մարդը կրծքին կսեղմեր Թուրքիայի նախագահի հեղինակած գիրքը ու այդ տեսքով կնկարվեր այդ անձի հետ միասին: Նույնիսկ խորհրդային տարիներին ես չեմ հիշում որևէ հայ ղեկավարի, ով նման նկար ունենար: Այսինքն կրծքին սեղմած ունենալով ԽՍՀՄ որևէ «генсек»-ի (գլխավոր քարտուղարի) գիրքը՝ նկարվեր նրա հետ: Առնվազն գոնե նախորդ դարի 70-ական թվականներից այս կողմ:
Այնպես որ, ուրիշներին անընդհատ մեղադրող և նրանց մեջ պետական մտածողություն սերմանել փորձող անձը պետք է դա նախ սերմանի իր մեջ: Իսկ որպեսզի դա անի՝ պետք է գիտակցի, որ ինքը չունի այն մտածողությունը, որ ուրիշներից է պահանջում: Եվ, ընդհանրապես, պետք է գիտակցի, որ ինքը չունի այն կարողությունները, որ այս բարդ ու խառնակ ժամանակաշրջանում զբաղեցնի մեր պետության ղեկավարի պաշտոնը: Եթե, իհարկե, վերացարկվենք իր վերաբերյալ օդում և ցամաքում շրջանառվող բազմաթիվ լուրերից: