Հասարակություն

Գիժ մոզու հեքիաթի դեմ է՞լ եք բողոքելու

Գիժ մոզու հեքիաթի դեմ է՞լ եք բողոքելու

Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, չմեռա, այս օրն էլ տեսա: Մի քանի օր առաջ Գլխավորս նամակ է ստացել, որ «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր-ներկայացուցիչ Հասմիկ Բունիաթյանը «Հրապարակ» թերթը կարդալիս պատահաբար նկատել է նվաստիս հոդվածը՝ «Էս գժանոցը դիրեկտոր չունի» վերնագրով: Ուրեմն նկատել է եւ բողոք գրել «ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին», որպեսզի վերջինս, այ, այստեղ բռնվեք, քննի Էդիկ Անդրեասյանի հոդվածը, որը, իբր, «ամբողջությամբ ոտնահարում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը»։ Գլխավորս մնացել էր շիվար… Ախր, հոդվածը բոլորովին այլ բանի մասին է: Եթե բողոք գար կառավարությունից, Ազգային ժողովից, առանձին պաշտոնյաներից, էլի հասկանալի կլիներ: Բայց բողոք է ուղարկել մի հասարակական կազմակերպություն, որ նվազագույն կապ անգամ չունի քաղաքականության եւ երկիրը գժանոցի վերածած իշխանությունների հետ: Կարելի է ասել՝ այդ ՀԿ-ն եւ Էդիկ Անդրեասյանն ապրում են բոլորովին այլ աշխարհներում, ամեն մեկը՝ իր կյանքով, եւ Էդիկ Անդրեասյանն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող հատել այդ աշխարհներն իրարից բաժանող գիծը: Բայց ոչ, ՀԿ-ն տեսել է հոդվածի վերնագրւմ «գժանոց» բառն ու առանց խորանալու` բողոքել: Բողոքել` բողոքել է, իսկ ինչ ասենք «ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին» կոչվող այս կառույցին, որն էլ որոշել է քննել խնդրո առարկա հոդվածի համապատասխանությունն էթիկայի կանոններին: 

Նորից կարդացի իմ գրած հոդվածը, կարդացի մանրակրկիտ՝ գուցե իրո՞ք անցել եմ գիծը, գուցե իրո՞ք ոտնահարել եմ հոգեկան առողջություն ունեցողների շահերը: Չէ, եղբայր: Քաղաքական-հրապարակախոսական հոդված է, մեկն իմ այն հոդվածներից, որոնցում ասելիքս պատկերավոր դարձնելու համար գործածել եմ «գիժ» կամ «գժանոց» բառերը: Եթե այդ բառերն են բողոքի բուն պատճառը, ապա ինչո՞ւ են նշել միայն այս հոդվածս: Չէ՞ որ ես իմ այլ հոդվածներում էլ եմ գրել՝ «Նիկոլն ինձ հաստատ գժանոց կհասցնի»: Ու հանկարծ գլխի ընկա՝ կա-չկա, համապատասխան ՀԿ-ն միայն հոդվածի վերնագիրն է կարդացել՝ «Էս գժանոցը դիրեկտոր չունի», եւ որոշել է, որ հոդվածը «հոգեկան առողջության» հիմնարկների եւ «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող» մարդկանց մասին է: Հիմա ինձ մե ծիծաղ է բռնել, մե ծիծաղ… Ահա մի հատված իմ հոդվածից: Դուք էլ ծիծաղեք. «Մարդ չգիտի արդեն՝ ինչ անուն տա այս ամենին: Բա մի ամբողջ երկիր վերածես գժանոցի, որ դու մեջը գիժ խաղա՞ս, արա: Հիմնարկը հրդեհ է ընկել, գժերի տանձին չի, երգում-պարում են, Երեւանի հոբելյան են նշում՝ իրենց արեւին: Երեւանը, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է… Հասկացանք, բայց գժի համար ի՞նչ տարբերություն՝ Երեւան, Բաքու, Անկարա, Թիֆլիս… Վառվում եք, արա, ու կրակը չի հարցնելու՝ սա Երեւա՞նն է, թե՞ Բոմբեյը, սրբելու է ամեն ինչ, մոխրի է վերածելու: Արդեն օդապարիկ են բաց թողնում, թե՝ տոն է: Դա էլ գիտենք, որ գժի համար ամեն օրն էլ տոն է: Դրա համար նրան շատ բան պետք չէ: Տանում ես հարսանիք, ասում է՝ այստեղ լավ է, քան մեր տանը: Մի հատ հեծանիվ տուր գժի ձեռքը եւ տես, թե նա ինչ կանի, ինչպես տոնի կվերածի այդ հեծանիվը: Ու էս գժանոցը դիրեկտոր չունի…»:

Ի՞նչ ասեմ, հուսամ, որ «ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնում» մի ադեկվատ մարդ կգտնվի ու «բողոքաբերին» կբացատրի, որ եթե Էդիկ Անդրեասյանն իր հոդվածով մեկի իրավունքներն էլ ոտնահարել է, ապա այդ «մեկն» ամենեւին էլ «հոգեկան առողջության վերականգնման» կենտրոնների սաները, անգամ «դիրեկտորը» չէ: 
Բայց փորձենք հասկանալ, թե ինչ պետք է անենք «գիժ» եւ «գժանոց» բառերի հետ, որպեսզի ՀԿ-ները բողոքներ չգրեն իրենց խոսքում այդ բառերն օգտագործող լրագրողների, վերլուծաբանների, հրապարակախոսների, ինչու ոչ՝ նաեւ բանաստեղծների դեմ: Հովհաննես Թումանյանը չի՞ գրել.
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դեւ-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
- Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
Եվ կամ՝
Բռնեցե՜ք, փախավ, Սաքոն խելագար…

Սա որեւէ կապ ունի՞ «հոգեկան առողջության խնդիրներ» ունեցող մարդկանց իրավունքների հետ: Իսկ Անուշի խելագարվելու տեսարաննե՞րը: Կարելի է ասել՝ Թումանյանը գրել է 2010 թվականից առաջ, երբ Հայաստանը դեռ չէր վավերացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան եւ չէր ընդունել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մի ելք կա` առաջարկում եմ պաշտոնապես արգելել «գիժ» եւ «գժանոց» բառերի գործածությունը, հանել այդ բառերը բառարանից` անկախ այն բանից, թե ում են դրանք հասցեագրված: Մյուս կողմից էլ՝ մի՞թե «գիժ» բառը միշտ նշանակում է «հաշմանդամություն» ունեցող մարդ: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ համապատասխան հիմնարկների վրա չեք գրում՝ «գժանոց»: Բառարան պե՞տք է բացել: Խնդրեմ՝ «Գիժ- ած. 1. Շուտ գրգռվող, ցասկոտ, զայրացկոտ, 2. Չարաճճի, անհանգիստ, անկարգ, 3. փխբ. Կատաղի, մոլեգնած, 4. Անխոհեմ, խելքը պակաս, 5. Մոլի, մի բանով տարված, մի բան մոլի կերպով սիրող»: Իսկ ինչո՞ւ եք թողնում, որ այս հատկություններով մարդը վարչապետ աշխատի, եթե դրանք վերաբերում են բացառապես «հաշմանդամություն» ունեցող մարդկանց:

Եվ վերջում՝ «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ին տեղեկացնեմ, որ շուտով լույս է տեսնելու իմ եւս մեկ հոդված, որտեղ գործածել եմ «գիժ մոզի» արտահայտությունը: Կարճ պատմեմ՝ ուրեմն էս մոզին գիժ խոտ է կերել ու տենց…

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image