Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն օրերս տեղեկացրեց լայն հանրությանը, որ մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ 37 միլիոն 796 հազար 933 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երեւանում եւ ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի եւ հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։
Մենք որոշեցինք հետաքրքրվել, թե ինչով է զբաղվել այս տեսչական մարմինը 2024 թվականի ընթացքում: Այս մարմնի հաղորդագրություններին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե այն իր հիմնական առաքելությունն է համարում տնտեսվարողներին տուգանելը, եւ որքան ավելի շատ է տուգանքը, այնքան ավելի լավ։ 2024 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսում, օրինակ, որը Կոտոլյանը հրավիրել էր մի երկու շաբաթ առաջ, պարծենում էր, որ տնտեսվարողների համար 2024 թվականին 341 մլն դրամի տուգանք է սահմանել, մինչդեռ 2018 թվականին տուգանքի չափը 11 անգամ փոքր է եղել՝ մոտ 30 մլն դրամի։
Տուգանքն աշխատանքի ցուցիչ դարձրած այս մարմինն իրականում շատ ավելի լուրջ գործառույթներ ունի։ Այն պետք է պաշտպանի սպառողների կյանքն ու առողջությունը, գույքային իրավունքներն ու ազատությունները, պետք է հայտնաբերի հանրությանը սպառնացող վտանգների աղբյուրները, պետք է ստուգումներ իրականացնի բոլոր ոչ պարենային ապրանքների շուկայում, գնահատի ու վնասազերծի ռիսկերը եւ այլն։ Անգամ թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում անելիք ունի։ Օրինակ, պետք է վերահսկի, թե արդյոք պահպանվո՞ւմ են արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները․ նման առաքելությամբ մի ամբողջ բաժին ունեն։ Այլ կերպ ասած՝ պետք է բուռն գործունեություն վարի։ Նկատենք, որ տարեցտարի տեսչականն ավելացրել է հաստիքացանկը։ 2018-2019 թվականներին այն ուներ 45 աշխատակից, մինչդեռ այսօր չհամալրված հաստիքացուցակում 66 հաստիք է նշված, իսկ փաստացի աշխատում է 54 անձ։ Տեսչական մարմնի ղեկավարը 2 տեղակալ ունի, 8 վարչություն ունի՝ պետերով, նույնիսկ՝ ղեկավարի օգնական, թեժ գիծ, մամուլի խոսնակ, որը, սակայն, չցանկացավ ասել, թե որքան աշխատավարձ ու պարգեւավճար են ստանում Կոտոլյանն ու տեղակալները։ Մենք տարեկան հաշվետվություններից պարզեցինք, որ 2024 թվականին այս տեսչական մարմինը ՀՀ պետական բյուջեից ստացել է 348 մլն 797 հազար դրամ, որից 315 միլիոն 183 հազարը վճարվել է որպես աշխատավարձ:
Նկատենք նաեւ, որ Արմեն Կոտոլյանը 2024 թվականի մայիսին հայտարարագրել է 34 մլն 990 հազար դրամ եկամուտ, որից 14 մլն 924 հազարն աշխատանքի վարձատրության գումարն է վարչապետի աշխատակազմից, այսինքն` ղեկավարի վարձատրությունը 1 միլիոն դրամից ավելի է կազմում: Սակայն, դատելով կառույցի պաշտոնական կայքից, տեսանելի կամ, ինչպես իրավապահներն են ասում, հանրության համար առերեւույթ աշխատանք չեն կատարում։ Ողջ 2024 թվականի ընթացքում մարմինը հանրությանը հրամցրել է ընդամենը 8 նորություն, որից երկուսն է շրջայցերի եւ ստուգումների՝ ծխախոտ արտադրողների եւ «էժան գազ» վաճառողների հետ կապված ստուգումների մասին։ 8 նորությունից մեկը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման մասին է, հինգը՝ տարբեր պաշտոնական հանդիպումների, նիստերի․ Կոտոլյանն այցելեց, ընդգծեց համագործակցության կարեւորությունը, ներկայացրեց, դրական գնահատեց եւ այլն։ Սա ի՞նչ է` պետական մակաբույծ կառո՞ւյց, որն ամեն ամիս ճշտապահորեն ստանում է հարկատուների կողմից իրեն հատկացված աշխատավարձը, պարգեւավճարն ու քնում՝ աշխատելով հնարավորինս աննկատ լինել հանրության եւ ղեկավարության համար։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասին, արդյոք այս մարմինը բավարար աշխատանք կատարո՞ւմ է՝ սպառողի շահերը պաշտպանելու համար։ «Այդպիսի հիմնարկ ունե՞նք մենք։ Թղթի վրա չէ` իրականում»,- հռետորական հարց տվեց Պիպոյանը։
Ի՞նչ պետք է անեն նրանք, որ չեն անում։ «Ոչ պարենային բոլոր ապրանքների անվտանգության եւ որակի պատասխանատուն Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է։ Բայց նա չի հասկանում, թե ինքն ինչի մասին է, որ, սկսած իրազեկումից, վերջացրած վերահսկողություն` ամեն ինչ իր վրա է։ Անգամ եթե իրենք ինչ-որ բան ուզում են անել, բայց կարգավորում չկա, իրենք կարող են առաջարկել, եւ քաղաքականություն մշակողը դա կանի։ Օրինակ, գնում են, տեսնում են չգրանցված խաղալիք կամ գրանցված ապրանք, որը, ասենք, տարօրինակ հոտ ունի, բայց իրենք չեն կարող անել լաբորատոր փորձաքննություն, կարող են առաջարկություն ներկայացնել, որ իրենց տան հնարավորություն՝ նաեւ այս դեպքում հսկողություն սահմանելու»։ Որպեսզի հասկանանք, թե որքան տեղում չեն սրանք, Պիպոյանն օրինակ բերեց լվացող միջոցները, որոնցից օգտվում է կանանց 90 տոկոսը, եւ որոնք ունեն վտանգներ։ «Անգամ բլոգերներն ու ինստագրամներն են այս մասին պատմում։ Բայց սրա մասին պետք է ոչ թե բլոգերները պատմեն, ոչ թե բլոգերների գործը պետք է լինի մարդկանց տեղեկացնելը, իրազեկելը, թե ինչին ուշադրություն դարձնեն, այլ՝ տեսչական մարմնի։ Եթե տեսչական մարմինը սա չգիտի, դա իր եւ իր վերադասների պրոբլեմն է»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Տեսչական մարմինն իր կայքի «Իրազեկում» բաժնում տեղեկացրել է տնտեսվարողներին տուգանելու մասին, սա՞ է իրազեկում ասվածը։ «Կարող եմ էլի օրինակներ բերել՝ կոսմետիկ միջոցներ, կահույքի որակի հետ կապված խնդիրներ, ներկեր, որոնք կարող ես քսել պատին ու գլխացավ ունենալ, ո՞վ պետք է հանրային իրազեկում անի այս բոլոր դեպքերում։ Կարող եմ անվերջ թվարկել՝ բենզինի որակ, գազի որակ, գազի ծավալ եւ, վերջապես, երեխաների խաղալիքները, որ հասկանաք, թե ռազմավարական ինչ գործառույթ է դրված ոչինչ չանող հիմնարկի վրա»,- պատասխանեց Պիպոյանը։
Չունենալով ռեսուրսներ՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն մի քանի տարի առաջ բուկլետներ էր տպագրել` 45 հազար դրամով, 3 հազար օրինակ։ Դիզայնն արել էին Պիպոյանի ընկերները, կամավորներն էլ բաժանել էին Երեւանում։ «Սա պետք է ոչ թե մենք անեինք` մեր չունեցած ռեսուրսով, այլ իրենք` իրենց ունեցած ռեսուրսով, որովհետեւ իրենք ունեն իրազեկման բաժին, որը ոչինչ չի անում։ Սա վերաբերում է բոլոր տեսչական մարմիններին, որոնք չեն կատարում հանրային իրազեկում։ Իսկ հանրային իրազեկումն իրենց հիմնարկների PR-ը չէ։ Եթե իրազեկման բաժինն աշխատեր, դուք կտեսնեիք, թե ինչ ահռելի աշխատանք ունի անելու տեսչական մարմինը։ Տուգանքն այդ աշխատանքում ամենավերջին կոմպոնենտը պետք է լինի»,- նշեց Պիպոյանը։